ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+27 °C
Սրբազանը բռնել է Փաշինյանի վախը․ «Հրապարակ»
09:48, 13.06.2024 | mamul.am
2893 | 0

«Հրապարակ»-ը գրում է․ «Նախօրեին ԱԺ շենքի ներսում ու դրսում տեղի ունեցած զարգացումները փաստում են՝ համաժողովրդական շարժումը, ինչպես ասում են, բռնել է իշխանության վախը։ Այլեւս իրողություն է՝ ժողովրդական լայն զանգվածները դժգոհ են Փաշինյանից, մերժում են նրան, երկրում փոփոխություն են ուզում, կարծում են, որ նա սպառել է իրեն տրված վստահության ռեսուրսը եւ պետք է հեռանա։ Սա չտեսնել՝ ուղղակի հնարավոր չէ, անկախ նրանից՝ Փաշինյանը հենց հիմա հրաժարական կտա, թե ոչ։ Եվ դա, վստահաբար, տեսնում են ոչ միայն ընդդիմադիր մարդիկ, այլ նաեւ իշխանության մեջ գտնվողների գերակշիռ մասը: Որ Փաշինյանը կառչած է աթոռից, դա էլ է ակնհայտ: Բայց նրա ջղաձիգ ու հիստերիկ հայտարարություններն ԱԺ ամբիոնից, ուղղակի հրահանգն ու ոստիկանությանն ուղղված երաշխիքները, թե` ո՞վ է լսել, որ ոստիկանին դատեն իր գործն անելու համար, պետք է դատեն գործը չանելու համար, հերթական ապացույցն է առ այն, որ երեկ Փաշինյանը զգաց ժողովրդի շունչը եւ գիտակցում է, որ վարչապետի աթոռը զբաղեցնում է բացառապես ուժայինների այս պահի հավատարմության շնորհիվ։ Նա հենց այնպես չասաց, թե ինչպես նախկին, այնպես էլ հիմա` առավել սկզբունքայիններն իրենց գնահատականը կստանան։ Այսինքն, երաշխավորեց՝ խրախուսվելու են իրեն հավատարիմները, ցուցարար ծեծողները, առավել ագրեսիվները։

Երեկ ամբողջ ոստիկանական համակարգն էր ոտքի հանվել։ Սյունիքից, Տավուշից, Վայոց Ձորից, Գեղարքունիքի, Շիրակից ու Լոռու մարզից բերված ոստիկանները ողողել էին Բաղրամյան պողոտան ու դրան հարող փողոցները, ԱԺ ամբողջ տարածքում ավտոմատավոր ուժայիններ էին, դրսում՝ փշալարեր։ Այս պատկերը փաստում է՝ իշխանությունը ռեալ վտանգ է զգում, հասկանում է՝ իրավիճակն իսկապես կարող է դուրս գալ վերահսկողությունից, եւ առկա մարդկանց ճնշելու համար փողոց է հանել անհրաժեշտից մի քանի անգամ ավելի շատ ուժեր:

Ներկա իրավիճակը յուրատեսակ փորձություն, նյարդերի պայքար է երկու կողմի համար, ու այս, թվում է թե, պատային իրավիճակում, երբ ժողովուրդը չի նահանջում, իսկ իշխանությունն էլ ավելի է կենտրոնացնում նրան ֆիզկապես ճնշելու ուժերը, ամենակարեւորը չհանձնվելն է։ Որ կողմի նյարդերը շուտ տեղի տան, նա էլ կպարտվի, իսկ իշխանության նյարդերը, մեղմ ասած, գերլարված են։ Ստեղծված իրավիճակը մի նրբություն էլ ունի․ ի տարբերություն 2018 թվականի, սրբազան պայքարն արտաքին հովանավորներ չունի, սա զուտ հայկական պայքար է։ Արտաքին ուժերը դեռ լուռ հետեւում են զարգացումներին, ու, ըստ էության, սպասման մեջ են նաեւ նրանք»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր