Մաթոսավանքը գտնվում է Դիլիջանից 4 կմ հեռավորության վրա` անտառի խորքում: Վանքը հիմնադրվել է Զաքարյան իշխանական տոհմի ներկայացուցիչ Ավագի կողմից:
Համալիրը բաղկացած է փոքրիկ եկեղեցուց, գավիթից և գրատնից, որոնք գտնվում են անմիջապես կողք կողքի։
Համալիրից դեպի հարավ-արևելք գտնվում է գերեզմանատունը։
Սբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1205 թվականին` կիսամշակված կոպիտ քարերով։
Եկեղեցու դռան բարավորին առկա է հիմնադրման մասին փորագրված արձանագրություն, որի երկու կողմերում խաչքարեր են տեղադրված։ Եկեղեցու հյուսիսային պատի տակ առանձին կանգնած է յուրահատուկ գեղեցկություն ունեցող խաչքար, որը թվագրվում է 1251 թվականով։
Ներկայումս վանքը կիսավեր վիճակում է, պատերն ու խաչքարերը ծածկված են մամուռով, եկեղեցու ավագ խորանի պատը քանդված է: