ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Ալիևը երկդիմի քաղաքականություն է վարում. «New York Times»
15:30, 12.01.2015 | mamul.am
2884 | 0

Ամերիկյան «New York Times» պարբերականն անդրադարձ է կատարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քաղաքական վարքագծին՝ նշելով, որ նա հրաշալի կերպով և շատ վարպետորեն երկդիմի քաղաքականություն է վարում:
«Բաքվում ԱՄՆ դեսպանի ուղարկած հեռագիրը, որը հրապարակվել է «WikiLeaks» կայքի կողմից, Ադրբեջանի նախագահին բնութագրում է որպես Մայքլ Կոռլեոնե-Սոնի Կոռլեոնե կերպար՝ նկատի ունենալով «Կնքահայրը» ֆիլմում պատկերված ընտանիքի սառը հաշվարկներ կատարող և բռի եղբայրներին:
Շատ հարցերում Ալիևը «արևմտամետ» դիրքորոշում ունի, ինչն էլ գրավում է Արևմուտքին. նա բարեկիրթ է, լավ է հագնվում և անգլերեն խոսում է բավական լավ: Նա պատրաստ է իր երկրի նավթային պաշարներն ուղարկել Եվրոպա և Իսրայել, նա չափավոր իսլամի կողմնակից է և կարողանում է հյուրընկալել միջազգային այնպիսի մրցույթներ, ինչպիսիք է օրինակ 2012թ. «Եվրոտեսիլ» երգի մրցույթն ու հունիսին նախատեսվող Եվրոպական խաղերը:
Միևնույն ժամանակ՝ Ալիևը չափազանց կոռումպացված է և նրա ավտորիտար ռեժիմը մարդու իրավունքների հարցով վերջերս ամենավատ ցուցանիշներն է գրանցում: Անցած ամիս Ադրբեջանի իրավապահ մարմինները նույնիսկ խուզարկություն էին անցկացրել Բաքվում գործող «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակում՝ իրենց հետ տանելով մի շարք համակարգիչներ և փաստաթղթեր: Իսկ դրանից ավելի վաղ կառավարությունը կարգադրել էր ձերբակալել հետախուզական աշխատանքներ իրականացնող հայտնի լրագրող Խադիջա Իսմայիլովային, ով հետաքննություն էր անցկացրել և ջրի երես դուրս բերել Ալիևի ընտանիքի շահութաբեր բիզնեսները»,- նշում է պարբերականը:
Աղբյուրը նշում է նաև, որ Ալիևն իհարկե միակ բռնապետը չէ, ում վարած հմուտ քաղաքականության և բնական ռեսուրսների վերահսկողության պատճառով ամերիկացի և եվրոպացի քաղաքական մի շարք գործիչներ բախվել են, ինչպես WikiLeaks-ի հրապարակած հեռագիրն է նշում, «ԱՄՆ-ի շահերի և ԱՄՆ-ի արժեքների միջև ընտրությանը»: Սակայն Արևմուտքը պետք է հասկանա, որ ավտորիտար Ալիևն է հենց իրական Ալիևը: Եվ մինչ նա սաստկացնում է իր քարոզարշավը՝ ուղղված իր մրցակիցներին և երկրում ցանկացած տիպի ազատություն փշրելուն և ոչնչացնելուն, Միացյալ Նահանգներն ու Եվրոպան պետք է կարողանան այդ ամենը հստակ գիտակցել մինչև Ադրբեջանի հետ որևէ բիզնես գործարք անելը, քանի որ նրանք այժմ պատկերացում չունեն, թե ով է Ալիևն իրականում և թե ինչ ծանր վնաս է հասցնում իր երկրին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր