ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+29 °C
Արթուր Իսպիրյան. «Տարիներով ստեղծած ու ձեռք բերած մեր մշակույթն ու ինտելեկտը մի քանի հոգի հենց այնպես իրավունք չունեն գետնին գցել, տրորել, իրենց ճաշակով դարձնել»
17:28, 26.02.2015 | mamul.am
6452 | 1

Հեռուստատեսության անճաշակ ու անվերահսկելի իրավիճակի, մի շարք երաժիշտների եթերում չերևալու, դիլետանտների բազմացման, ու ինչ-որ բան փրկելու ակնկալիքների ու հասարակական ակտիվ գործունեության մասին ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակիցը զրուցել է երգիչ Արթուր Իսպիրյանի հետ, ում խոսքով` եթերում չերևալը դեռ չի նշանակում պասիվ լինել:

«Այսօր եթերն է որոշում ակտի՞վ ես, թե` ոչ: Ես ավելի շատ ակտիվ եմ իմ ստուդիական ձայնագրություններով, քան հեռուստատեսությամբ երևալով: Նայելով մեր հեռուստատեսության որակն` այնքան էլ ցանկություն չի առաջանում ակտիվ լինել եթերում: Բացի այդ, եթերում ակտիվ լինել-չլինելն իմ խնդիրը չէ, դա ավելի շատ հեռուստատեսությունների խնդիրն է, որոնք այսօր հասարակությանը ճաշակ են թելադրում»,- պարզաբանեց Արթուր Իսպիրյանը: Նրա համոզմամբ` արդեն 20 տարի է այդ խնդիրն ունենք: «Ոչ ճիշտ կադրային ընտրություններ են կատարվում հեռուստատեսությունում` մարդիկ իրենց ճիշտ տեղում չեն: Միակ պատուհանը, որտեղից ես կարողանում եմ ներկայացնել իմ երգարվեստը, դա «Երգ երգոց» հաղորդումն է, որն ինձ եթեր է տրամադրում: Իսկ մնացած հեռուստատեսությունները, կարելի է ասել, երաժշտական կոմերցիոն բիզնեսով են զբաղվում: Արդյունքում շատ երաժիշտներ տուժում են: Խոսքը միայն իմ մասին չէ, մենք շատ երաժիշտներ ունենք, որ այսօր եթերում չեն, բայց հրաշալի երաժիշտներ են: Ամեն հեռուստատեսության ղեկավար իր ճաշակն է թելադրում, այդտեղից էլ ամեն ինչ սկսվում է, պրոֆեսիոնալիզմ չկա»,- նշեց երգիչը:

«Օրերս Նարա Շլեպչյանի ծնունդն էինք նշում «Երգ երգոց» հաղորդման շրջանակներում, հավաքվել էին խորհրդային տարիների հաղորդավարները: Նրանց առոգանությունը, տեսքը, հագուկապն ու ինտելեկտը տեսնելով` ուղղակի զարմանում եմ, որ այդ մարդիկ այսօր եթերում չեն, ովքեր պետք է դաստիարակեն, կրթեն նոր սերունդ»,- ասաց Արթուրը: Նրա կարծիքով` միանգամից կապն անցյալի հետ կտրվեց:


«Պրոֆեսիոնալները, որ կային ռադիոյում և հեռուստատեսությունում, անկախությունից հետո միանգամից փոխարինվեցին բարեկամ-հարազատներով` դարձնելով ոչ ֆիլտրված եթեր: Դա է պատճառը, որ մենք այսօր տեսնում ենք այդ լկտի սերիալները, որոնք չեմ ցանկանում, որ երեխաներս տեսնեն: Առանց մտածելու, որ մի ամբողջ սերունդ են փչացնում, հեռուստատեսությամբ էդպիսի աղբ են մատուցում ժողովրդին: Այսօր դուրս ես գալիս փողոց, կարծես բոլորը «սերիալի միջով ման գան», երիտասարդները ձգտում են նմանվել սերիալի հանցագործ հերոսներին»,- մտահոգվում է երգիչը, ում կարծիքով` այս ամենը վերահսկելու ու փոխելու կադրային փոփոխություն է պետք անել: «Ու ոչ միայն հեռուստատեսությունում, այլ` վերևից ներքև պետք է փոխել ու լվանալ: Չեմ կարծում, որ շատ ուշ է: Դեռ հնարավոր է ինչ որ մի բան փրկել: Տարիներով ստեղծած ու ձեռք բերած մեր մշակույթն ու ինտելեկտը ինչ որ մի քանի հոգի հենց այնպես իրավունք չունեն գետնին գցեն, տրորեն ու ամեն ինչ իրենց ճաշակով ու մակարդակին համապատասխան դարձնեն»,- մեզ հետ զրույցում անկեղծացավ երգիչը:
Մշակութային գործիչներից շատերն այսօր նախընտրում են լռել` պատճառաբանելով, որ իրենց ձայնը «վերևներում» լսելի չէ: Արթուր Իսպիրյանն ի տարբերություն ոմանց, հասարակական ակտիվ գործունեություն է ծավալում` չվախենալով քաղաքական հետապնդումներից:

«Սիրելով իմ քաղաքը, իմ երկիրը, շատ թերություններ նկատելով բարձրաձայնում եմ: Այն, ինչ պետք է բոլորն անեն: Հիմնականում բողոքս վերաբերում է մեր քաղաքի բնապահպանության խնդրին, աղբահանությանը, քաղաքաշինությանն ու տրանսպորտին: Դիզայներների ահավոր աշխատանքի շնորհիվ քաղաքը հետամնաց արաբական երկրի տպավորություն է թողնում. գովազդային պաստառներիս սկսած»,- անկեղծացավ Արթուրը: Նրա խոսքով` քաղաքական ճնշում երբևէ չի եղել իր նկատմամբ: «Եվ չեմ էլ սպասում, որ կլինի, քանի որ ես չեմ խոսում ճշմարտությունը` ինչ որ մեկի պաշտոնը զբաղեցնելու համար»:

Ամփոփելով զրույցը` նշենք, որ երգիչը փոքր համերգներով միշտ հանդես է գալիս «Ջազ բենդի» հետ: Նրա խոսքով` այս տարի թեպետ դանդաղ է աշխատում, բայց կլինեն ձայնագրություններ, նոր տեսահոլովակներ: «Չնայած չեմ սիրում այդ բառը, բայց հասկանում եմ, որ շատ անհրաժեշտ է տեսահոլովակ կոչվածը, որպեսզի ակտիվությունը երևա»-ամփոփեց երգիչը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր