ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Ինչո՞ւ է եթերը ողողված դիլետանտներով. պարզաբանում է «21 TV»-ի գլխավոր պրոդյուսեր Գոռ Հարությունյանը
15:46, 02.03.2015 | mamul.am
3972 | 0

ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակիցն օրերս զրուցել էր երգիչ Արթուր Իսպիրյանի հետ, ում խոսքով` «Երգ երգոցը» միակ հաղորդումն է, որն իրեն եթեր է տրամադրում: Իսկ մնացած հեռուստաընկերությունները, երգչի խոսքով` երաժշտական կոմերցիոն բիզնեսով են զբաղվում: «Արդյունքում շատ երաժիշտներ տուժում են: Խոսքը միայն իմ մասին չէ, մենք շատ երաժիշտներ ունենք, որ այսօր եթերում չեն, բայց հրաշալի երաժիշտներ են: Ամեն հեռուստատեսության ղեկավար իր ճաշակն է թելադրում»,- մեզ հետ զրույցում նշել էր Արթուր Իսպիրյանը:

ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակիցն այս ամենը փորձել է պարզաբանել «21 TV»` հայկական առաջին երաժշտական հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր Գոռ Հարությունյանի հետ:

«Միակ խնդիրն այն է, որ մենք չունենք նրանց տեսագրությունները: Իսկ այն ինչ ունենք նրանց երգացանկից, եթեր ենք հեռարձակում: Ես շատ կուզեի, որ մեր եթերում լինեին ոչ միայն Արթուր Իսպիրյանն ու նրա սերնդակիցները, այլ նաև` Ռաիսա Մկրտչյանը, Գեորգի Մինասյանն ու սովետական էստրադայի շատ կատարողներ: Բայց մենք չունենք այդ նյութերը, դրանք պահվում են Հանրայինում»: Գոռի հավաստմամբ` մի քանի անգամ այդ փորձն արել են` Հանրայինի արխիվից վերցնել հին տեսագրությունները, դրանք թվայնացնել և օգտագործել: «Այդ ճանապարհին ենք հիմա»,- խոստովանեց Գոռը, ում խոսքով` հեռուստաալիքը վարում է հետևյալ քաղաքականությունը. «Մենք ընդունում ենք ցանկացած տեսահոլովակ, ամեն ինչ չի, որ գնում է եթեր հենց այնպես սկզբունքով: Կան տեսահոլովակներ, որոնք լավն են, դրանք ներառում ենք մեր play list-ի մեջ, բայց կան նաև տեսահոլովակներ, որոնք ակնհայտ երևում է, որ լավը չեն, նյարդայնացնող են, կամ ոճային առումով անհաջող, դրանք ի սկզբանե play list-ում չեն ներառվում: Բայց եթե տվյալ կատարողը ցանկանում է, որ իր երգն այսպես ասած «ռասկրուտկա» լինի, ինքը դրա համար վճարում է, և մենք հատուկ ժամ ենք տրամադրում այդ տեսահոլովակի հեռարձակման համար: Բայց, այդ քաղաքականությունը ոչ մի կերպ չի անդրադառնում հայտնի, և վերը նշված լավ ու որակյալ կատարողներին հեռարձակելու վրա»- պարզաբանեց պրոդյուսերը:

Նրա համոզմամբ` հեռուստադիտողի ճաշակով չառաջնորդվել չեն կարող, սակայն փորձում են հավասարությունը պահել: «Երբեմն լինում են երգեր, կիսառեստորանային վիճակներ, որոնք հեռուստադիտողը լավ էլ սիրում է, բայց հրաժարվում ենք եթեր տալ»,- պարզաբանեց Գոռը:
Ինչ վերաբերում է շոու-բիզնեսի ներկայիս վիճակին, Գոռին միանշանակ չի գոհացնում, որովհետև նրա խոսքով` այն ավելի շատ հիշեցնում է հարսանեկան երգերի հավաքածու: «Ես չեմ մեղադրում երգիչներին, քանի որ հստակ տեսնում եմ շուկայի վատ վիճակը, հասկանում եմ, թե ինչու են երգիչները ծնունդ, կնունք, հարսանիք թեմայով երգեր երգում, բայց կցանկանայի, որ այդ նույն փող տվողները լավ երաժշտություն սիրողներ դառնային: Ամբողջ աշխարհում կա նման բան, որ կորպորատիվների համար հատուկ պատվերով երգեր են ստեղծվում, բայց մեզ մոտ դա ավելի մեծ կշիռ ունի, քան սիտից բխող երգերը»,- ամփոփեց Գոռ Հարությունյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր