ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+29 °C
Ժնևում բացվել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես
12:31, 19.04.2015 | mamul.am
2720 | 0
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում Ժնևի հայտնի «Շատո դը Պանտ» թանգարանում ապրիլի 16-ին կայացել է «Շվեյցարիա-Հայաստան. հիշողության ճանապարհին» ցուցահանդեսի բացման արարողությունը:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը, ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել դեսպաններ, Շվեյցարիայի հասարակական-քաղաքական գործիչներ, տեղական իշխանության մարմինների ղեկավարներ, տարբեր պարբերականների խմբագիրներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Շվեյցարիայի հայկական հիմնադրամների օժանդակությամբ կազմակերպված ցուցահանդեսը ներկայացրել է Ցեղասպանությունից հետո Հունաստանի Սալոնիկ քաղաքում ապաստան գտած Կալֆայան ընտանիքի երեք սերունդների կողմից ձեռք բերված 14-ից 19-րդ դարերի հայ արվեստի և արհեստագործության եզակի և թանկարժեք նմուշները:

Ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը նախորդել է մամուլի ասուլիս՝ շվեյցարական թանգարան-ինստիտուտի տնօրենի, Կալֆայան ընտանիքի ներկայացուցիչների, Շվեյցարիայում ՀՀ դեսպանության դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանի մասնակցությամբ:

Շվեյցարական լրատվամիջոցների ուշադրությանն է ներկայացվել ցուցահանդեսի ընդհանուր գաղափարը` ցուցադրել Արևմտյան Հայաստանի աշխարհիկ և կրոնական կյանքի հարուստ մշակութային ժառանգությունը՝ պատմական հիշողության պահպանման նպատակով:

Լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Սիրիայում հայ մշակութային հարուստ ժառանգության պահպանման խնդիրներին, հայկական եկեղեցիների, այդ թվում նաև` Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ավիրմանը:

Ընդգծվել է, որ հատկապես վերջին տարիների ընթացքում համամարդկային մշակութային ժառանգության տարբեր բարձրակարգ նմուշները հաճախ հայտնվում են տարբեր բարբարոսների պատանդի կարգավիճակում, հիշատակվել է Նոր Ջուղայում հայկական հազարավոր խաչքարների վայրենաբար ոչնչացումը:

Բացման խոսքով է հանդես եկել Հասմիկ Տոլմաջյանը, ով անդրադարձել է հայ-շվեյցարական ավանդական բարեկամական կապերին, երախտագիտություն հայտնել Շվեյցարիային և շվեյցարացի ժողովրդին Ցեղասպանության ընթացքում հայ ժողովրդի հանդեպ ցուցաբերած մեծ համերաշխության, հազարավոր մազապուրծ հայերին օգնության ձեռք մեկնելու և ապաստան տալու համար, ընդգծել է հիշողության և սեփական պատմության հետ առերեսվելու կարևորությունը ժողովուրդների հաշտեցման և խաղաղ ապագայի համար:

Շվեյցարիայում առաջին անգամ ցուցադրվող ճենապակյա և թանկարժեք մետաղներից պատրաստված իրերը, ձեռագիր մատյանները, կրոնական արվեստի, ձեռագործության բարձրարվեստ նմուշներն ու զարդերը խոսուն վկայությունն են արևմտահայության զարգացած քաղաքային կյանքի և հարուստ կենցաղի, քաղաքակրթությունների և կրոնների խաչմերուկում գտնվող Հայաստանի ակտիվ մշակութային կապերի:

Թանգարանում ցուցադրությունը կգործի մինչև սեպտեմբերի 20-ը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր