Իսպանիայում բնակվող հայ գործարար Արման Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցից մեկում պատկերված է կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի պաշտպան Դանի Ալվեսը՝ ձեռքում պաստառ, որը կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Դանի Ալվես Մեկ այլ լուսանկարին պատկերված են մի խումբ թենիսիստներ։ ՄԱՄՈՒԼ․ամ-ի թղթակցի հետ զրույցում Մայիլյանը նշեց, որ «սա դեռ սկիզբն է, «Բարսելոնայի» բոլոր ֆուտբոլիստները, սպորտի ականավոր դեմքերը, ինչպես նաև այլ ազդեցիկ գործիչներ մասնակցելու են այս ակցիային և դատապարտելու են ոճրագործությունը»։ Նա ավելացրեց, որ Դանի Ալվեսը իր լավ ընկերն է և բավականին տեղեկացված է 100 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործության մասին․ «Հենց Դանին է իր բոլոր ընկերներին ասել, որ սա Հայոց ցեղասպանության 100-ամյակի համար է կազմակերպված։ Նաև պատմել է, թե ինչ են արել թուրքերը հայերի նկատմամբ։ Տհաճ է, որ լուսանկարի մեկնաբանություններում գրում են, որ Դանին չի իմացել թե ինչ է ցեղասպանությունը, պարզապես լուսանկարվել է։ Ամոթ է։ Չի կարելի այդպիսի բաներ գրել»։ Հարցին, թե ե՞րբ են հրապարակվելու այլ մասնակիցների լուսանկարները, հայազգի գործարարը պատասխանեց՝ «շատ շուտով»։ Արման Մայիլյան «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մարքեթինգի մենեջերի հետ Իսպանացի պատգամավորները նույնպես դատապարտում են Հայոց ցեղասպանությունը Իսպանիայի ազգային հավաքականի և «Բարսելոնայի» կիսապաշտպան Խավին՝ Արման Մայիլյանի հետ |