ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Փոքր ու չնչին մարդիկ մեծամիտ են, նրանց պարսատիկը միշտ ուղղված է մեծ մարդկանց թիկունքին». այսօր Հովհաննես Շիրազի ծննդյան օրն է
13:30, 27.04.2015 | mamul.am
15346 | 0

«Այս պատանու բանաստեղծությունները վարդաբույր են, թարմ ու ցողապատ, ինչպես Շիրազի վարդերը»,- այսպես է բանաստեղծի անունը Շիրազ մկրտել թատերագիր և վիպասան Ատրպետը:

«Ապագայում ևս շիրազյան բանաստեղծությունը բազմաթիվ հիվանդ հոգիներ ու սրտեր կբուժի, ինչպես այսօր մենք մոռացված խոտեր ու ծաղիկներ ենք փնտրում՝ մեր հիվանդ մարմինը բուժելու համար։ Այն անթառամը, որ կա շիրազյան բանաստեղծության մեջ, սքանչելի բույր ունի և ապաքինող բաղադրություն»,- ասել է Ռազմիկ Դավոյանը։

Հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազը` Օնիկ Կարապետյանը, ծնվել է 1914-ի ապրիլի 27-ին` Գյումրի քաղաքում, հողագործի ընտանիքում: Հինգ տարեկանում զրկվել է հորից և մանկության օրերն անցկացրել որբանոցում: Սակայն, չդիմանալով որբանոցի դաժան պայմաններին, փախչել է` դառնալով անապաստան և կուլայով ջուր է վաճառել:

Իր մանկության օրերի մասին Շիրազը շատ բանաստեղծություններ է գրել. «Հին մանկություն», «Գտա», «Իմ կուլայով այս պուճուր», «Վեց տարեկան մանուկ էի» և այլն: 1935-ին լույս է տեսել նրա «Գարնանամուտ» խորագրով առաջին ժողովածուն, այնուհետև` «Սիամանթո և Խաջեզարե» պոեմը:

Շիրազի ստեղծագործությունների գլուխգործոցն է համարվում «Հայոց Դանթեական» մեծածավալ պոեմը` Հայոց ցեղասպանության մասին, որն արգելված էր Խորհրդային Միությունում:

Շիրազի կենդանության օրոք այդ գործից միայն կարճ հատվածներ հրատարակվեցին, իսկ պոեմն ամբողջությամբ լույս է տեսել 1990-ին։

Մեծ բանաստեղծն իր կենդանության օրոք ենթարկվել է հալածանքների ու զրպարտանքների: Երկար տարիներ չէին տպագրում նրա նոր գործերը՝ համարելով դրանք նացիոնալիստական, կամ տպագրում էին գրքերը` կոպիտ խմբագրումներով ու կրճատումներով:

Շիրազը թողել է գրական հարուստ ժառանգություն` բանաստեղծական շարքեր, գազելներ, սոնետներ, առակներ, բալլադներ, քառյակներ, արձակ, մեծածավալ և փոքրածավալ պոեմներ: Շիրազի քնարերգության լավագույն էջերից են մորը նվիրված երգերը («Մայր իմ բարի», «Մայրս մի բուռ մայր Հայաստան», «Ձյուն է իջնում, կուտակվում...», «Մորս սրտի հետ աշխարհն եմ չափել» և այլն):
Բանաստեղծի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի ավելի քան 50 լեզուներով:

Շիրազի աճյունը հանգրվանում է Երևանում, Կոմիտասի անվան հայոց մեծերի պանթեոնում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր