ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+29 °C
«Ամենավտանգավոր վարակներից են». այսօր Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է
13:05, 28.07.2015 | mamul.am
3753 | 0

Հուլիսի 28-ը Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Առողջության համաշխարհային կազմակերպությունը աշխարհի տարբեր երկրների բժիշկներին խորհուրդ է տալիս այս օրը իրազեկման արշավներ անցկացնել՝ մարդկանց պատմելով հեպատիտի և դրա արդյունքում առաջացող հիվանդությունների մասին:

«Վիրուսային հեպատիտները և դրանց հրահրմամբ առաջացող լյարդի հիվանդությունները տարեկան 1,5 միլիոն մարդու կյանք են խլում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները
ներկայացրեց «Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի» լյարդաբանական բաժանմունքի ղեկավար, Հայկական լյարդաբանական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը:

Նա նշեց, որ թեև ստույգ տվյալ չկա, թե մեր հանրապետությունում որքան մարդ է վարակված հեպատիտ B-ով և C-ով, որոնք ամենավտանգավոր վարակներից են, սակայն մոտավոր հաշվարկներով՝ 100 հազար բնակչի մոտ առկա է այդ վիրուսը:

Մասնագետի խոսքով` ներկայումս վիրուսի 8 տիպ է հայտնի, որոնցից ամենատարածվածը А, В, С, D և E հեպատիտներն են: Նրա հավաստմամբ` մահացությունը հեպատիտից 10 անգամ ավելի մեծ է, քան ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից:

«Այսօր հեպատիտ B-ն և C-ն համարվում են գլոբալ խնդիր ամբողջ աշխարհում: Ինչը պայմանավորված է նրանով, որ այն այնպես չի վերահսկվում, ինչպես ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեպքում է, որն այսօր ամբողջ աշխարհում շատ ավելի լավ է վերահսկվում»:

Հեպատիտ են անվանում լյարդի հյուսվածքների բորբոքումը: Առանձնացնում են վիրուսային հեպատիտը. այն լյարդի բջիջներում բազմանալուն ընդունակ վիրուսն է հարուցում: Տարբեր վիրուսներով հարուցված հեպատիտները տարբեր ձևերով են փոխանցվում, սակայն նրանք բոլորն էլ կարող են լյարդի սուր և քրոնիկ բորբոքում առաջացնել, որը հաճախ հանգեցնում է ցիռոզի և քաղցկեղի:

Հեպատիտից պաշտպանվելու համար պետք է պահպանել հիգիենա, զգույշ լինել արյան փոխներարկման և սեռական հարաբերությունների ժամանակ: Դրանից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս պատվաստվել վարակի դեմ:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր