ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+29 °C
Այսօր ՀՀ-ում նշվում է արտակարգ իրավիճակների աշխատողի օրը
14:01, 04.09.2015 | mamul.am
4015 | 1

2008-ից սկսած՝ ՀՀ կառավարության որոշմամբ սեպտեմբերի 4-ը նշվում է որպես արտակարգ իրավիճակների աշխատողի օր։

2014-2015-ի ձեռքբերումներն ամփոփել է ՀՀ ՏԿԱԻՆ-ը.

Նոր կազմավորումներ փրկարար ծառայությունում

ՀՀ Կոտայքի մարզում ստեղծվել է Հայ-ռուսական հումանիտար համատեղ արձագանքման կենտրոն, որի նպատակն է Կովկասի տարածաշրջանում արտակարգ իրավիճակների դեպքում աջակցություն ցուցաբերել արձագանքման աշխատանքներին: Կենտրոնի խնդիրներն են` արտակարգ իրավիճակների կանխարգելում և հետևանքների վերացում, մարդասիրական օգնության առաքում, ականազերծում և այլն:

2014թ. ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում ստեղծվել է մոտոցիկլետային 2 փրկարարական խումբ:

2015 թ. ՔՊ վարչության կազմում ստեղծվել է Քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոն:

Բոլոր մարզերում ստեղծվել են ճգնաժամային կառավարման կենտրոններ

Կարողությունների ապակենտրոնացման ծրագրի շրջանակում ՀՀ բոլոր մարզերում ստեղծվել են մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ, վերանորոգվել ու բարեկարգվել են վարչական և հրշեջ-փրկարարական ջոկատների մասնաշենքերը, համայնքներում ստեղծվել և գործում են հասարակական փրկարարական կազմավորումներ, թարմացվել է նյութատեխնիկական բազան:

Զարգանում են փրկարարների կամավորական ու պատանեկան շարժումները

Փրկարարական մարզային ստորաբաժանումները հագեցվել են փրկարարական գույքով և սարքավորումներով, ստեղծվել են հրշեջ-փրկարարական հենակետեր: ՀՀ մարզերում և Երևանում ստեղծվել է 5374 պատանիներից ու աղջիկներից կազմված պատանի հրշեջ-փրկարարական 551 թիմ, կազմակերպվել են հանրապետական առաջնություններ, որոնց ժամանակ լավագույն արդյունք ցուցադրած պատանի հրշեջ-փրկարարները մասնակցել են միջազգային մրցաշարերի:

Ձեռք են բերվել նորագույն սեյսմոլոգիական սարքավորումներ

Սեյսմիկ պաշտպանության ծառայության համակարգում վերանորոգվել ու տեխնիկապես վերազինվել է Գառնիի երկրաֆիզիկական դիտարանը` խոշոր տարածաշրջանային գիտահետազոտական կենտրոն, որտեղ կա եզակի դեֆորմոգրաֆ և նորագույն թվային թեքաչափ:

Արագածոտնի մարզի «Արուճ» դիտակետում տեղադրվել է GPS հենակետային կայան, որը նույնպես միակն է Հարավային Կովկասում և ընդգրկված է համաշխարհային գեոդեզիական համակարգի մեջ:

Գործարկվել է տեխանվտանգության եզակի լաբորատորիա

Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը Երևանում կառուցել է տարածաշրջանում իր հնարավորություններով եզակի տեխնիկական անվտանգության փորձարկման լաբորատորիա:

Մեծացել է կանխատեսումների ճշգրտությունը

Հիդրոմետ ծառայությունում բարելավվել է հիդրոօդերևութաբանական կանխատեսումների ճշգրտությունը և արդարացվածության աստիճանը: 2013 թ. նոյեմբերից Ռուսհիդրոմետի օժանդակությամբ Հիդրոմետ ծառայությունում ներդրվել է «Реки-режим» ծրագրային փաթեթը, որը հնարավորություն է տալիս հավաքագրել հիդրոլոգիական տվյալներ և կազմել հիդրոլոգիական տարեգրքեր:

Հակակարկտային կայանների կառավարման միասնական համակարգ

Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության շրջանակում ստեղծվել է ՀՀ և ԼՂՀ տարածքում տեղակայված 493 հակակարկտային կայանների միասնական համակարգ, որը կառավարվում է ճգնաժամային կառավարման կենտրոնից` հիմնվելով ծառայության ռադիոլոկացիոն կայաններից ստացվող կարկտավտանգ ամպերի մասին տվյալների վրա: Գործող կայաններով պաշտպանության տակ է գտնվում 126 գյուղական համայնքի շուրջ 39440 հա մակերեսով գյուղատնտեսական մշակաբույսերով տարածք:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր