ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+29 °C
Գարի Քյոսայանն ԱՄՆ-ում հանդես է եկել «Ջազն ընդդեմ Ցեղասպանության» խորագիրը կրող համերգով
11:40, 25.09.2016 | mamul.am
1834 | 0
Կոմպոզիտոր, ջազային դաշնակահար և երգեհոնահար Գարի Քյոսայանն ԱՄՆ-ում ճանաչված երաժիշտների հետ հանդես է եկել «Ջազն ընդդեմ Ցեղասպանության» խորագիրը կրող համերգով:
Լոս Անջելեսում կայացած երեկոյի ընթացքում Քյոսայանի հետ մեկ բեմում ելույթ են ունեցել երգչուհի Ալլա Սահակյանը, սաքսոֆոնահար Լուիս Վան Թեյլորը, թմբկահար Մարվին Սմիթի Սմիթը, կոնտրաբասահար Հենրի Ֆրանկլինը, ինչպես նաև ֆլեյտահար Սիմոն Մակինաջյանը: Համերգի ընթացքում հնչել են Քյոսայանի սիրված և նոր ստեղծագործությունները: Մասնավորապես, ամերիկաբնակ հանդիսատեսն առաջին անգամ ունկնդրել է կոմպոզիտորի «Morning», «Waltz for Maria», «Night in Gethsemane», «Mirror» գործերը: Հատկանշական է, որ այս համերգի ընթացքում ամերիկացի հայտնի ջազ երաժիշտները, որոնք կատարել են համաշխարհային ճանաչում ունեցող ստեղծագործություններ, նվագել են հայ կոմպոզիտորի գործերը, ինչը մեծ բավականություն և նոր բացահայտում է եղել նրանց համար: Երաժիշտները մեծարանքի խոսքեր են հնչեցրել Քյոսայանի ստեղծագործությունների վերաբերյալ: Հանդիսատեսը շատ ջերմ է ընդունել «Ջազն ընդդեմ Ցեղասպանության» խորագիրը կրող համերգի մասնակիցներին: Ունկնդիրը նաև «պահանջել» է լրացուցիչ համարներ:
««Ջազն ընդդեմ Ցեղասպանության» խորագրի ներքո առաջին անգամ համերգով հանդես եմ եկել Երևանում, նախորդ տարի հոկտեմբերին: Կարծում եմ, որ արվեստ, ջազ սիրող մարդիկ ցեղասպանության ունակ չեն: Նպատակ ունենք այդ խորագրի ներքո համերգներ ունենալ աշխարհի տարբեր երկրներում: Այս պահին բանակցություններ են ընթանում Ֆրանսիայում, Բեյրութում և այլ վայրերում հանդես գալու վերաբերյալ»,- տեղեկացրեց Գարի Քյոսայանը: Կոմպոզիտորը վերջին տարիներին աշխատում է իր նոր` «Ծիր Կաթին» ձայնասկավառակի վրա, և 2017-ին պատրաստվում է այն ունկնդիրների դատին հանձնել: Քյոսայանն այն եզակի կոմպոզիտորներից է, որոնք ստեղծագործում են ջազային և դասական ժանրերում: Նրա` 100-ից ավելի ջազային ստեղծագործություններն ու դասական ժանրում գրված գործերն ինքնատիպ են ու յուրահատուկ: Los Angeles Times-ի բնորոշմամբ` Գարի Քյոսայանի երաժշտության մեջ հայ մարդու հոգևոր շունչն է: Պարբերականը Քյոսայանի երաժշտությունը համարում է «նոր քայլ` ջազում»: Նա օգտագործում է նոր հարմոնիկ լուծումներ, ձևեր և նորարակական մեթոդներ: Կոմպոզիտորի երաժշտությունն ունկնդրին ուղեկցում է դեպի գեղեցկությունը և բոլոր ժամանակներում արդիական է:
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր