ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+29 °C
Թափառաշրջիկը` խոշոր «ներմուծող». ՊԵԿ-ի բացահայտումը
11:45, 26.09.2016 | mamul.am
5943 | 0

Պետական եկամուտների կոմիտեն բացահայտել է անօրինական ներմուծման ուշագրավ դեպք: Գյումրի քաղաքի բնակիչ, ֆիզիկական անձ, Կ. Ս-ի անունով 2016 թվականի մայիս-հունիս ամիսներին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան են ներմուծվել ավելի քան 17 մլն դրամ ընդհանուր արժեքով շուրջ 40 տոննա տարատեսակ ապրանքներ՝ դդում, կիվի, եգիպտացորեն, կարտոֆիլ, բանան, ցորեն, կիտրոն, թուրինջ և արևածաղիկ: Ստանալով համապատասխան տեղեկատվությունը՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության 22-րդ բաժնի կողմից ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Կ. Ս-ի ինքնությունը պարզելու և ՀՀ տարածք ներկրված ապրանքների բեռնաթափման և տեղակայման վայրերը ճշտելու նպատակով: Ձեռնարկված քայլերի արդյունքում Կ. Ս-ն հայտնաբերվել է: Պարզվել է, որ Գյումրի քաղաքի «Յոթ Վերք» եկեղեցու շրջակայքում մուրացկանությամբ զբաղվող Կ. Ս-ն 2016թ. մարտին կորցրել է անձնագիրը, որը հետագայում հեռուստաընկերություններից մեկի միջոցով գտնվել և վերադարձվել է իրեն: Քաղաքացու կողմից նշված խմբաքանակով ապրանքների ներկրման անհնարինությունը տեսանելի էր թե սոցիալական ծանր պայմաններում ապրելու, թե ՀՀ տարածքը լքած չլինելու անհերքելի փաստերով: Դեպքին վերաբերող բոլոր փաստագրական տվյալներն ուղարկվել են ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչություն՝ համապատասխան գործողություններ իրականացնելու և ապրանքների իրական ներկրողներին հայտնաբերելու նպատակով: ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 188 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր