ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +20 °C Վաղը`+23 °C
Վերհիշե՛նք մեծն Գարեգին Նժդեհի պատգամներից մի քանիսը
13:03, 06.01.2024
678 | 0

Նազովրեցին կուսուցաներ, թե մարդուս մեջ ապրող հոգին ավելի արժի, քան ողջ աշխարհը։

Իդեալ, իդեալապաշտություն – դա միակ միջոցն է, որի շնորհիվ տգեղ ու տկար հոգիներն ու նկարագրերը կգեղեցկանան, կբարձրանան, կփարթամանան։

Եղի՛ր իդալիստ, երիտասա՛րդ ընթերցող, քանզի նյութապաշտը դառնում է մարդ-մեքենա, կոկորդ ու ստամոքս միայն․ իսկ նմանը ավելի անասուն է, քան մարդ։ Եղի՛ր ընդունակ՝ ինքնանորոգումի ճամփով սատար հանդիսանալ հասարակության բարոյական վերանորոգումին՝ խորապես գիտակցելով, թե միակ մարդը, որին կարող ես բարձրացնել՝ դա ի՛նքդ ես։ Սկսի՛ր քեզնից։ Եվ իմաստունի հարցին, թե «ի՞նչ կուզեիր լինել կյանքում, - հանուն ճշմարտության թույնի բաժակը դատարկելու դատապարտված Սոկրատե՞սը, թե՞ ճշմարտությունից դուրս ապրող խոզաբարո մի էակ» , դու պատասխանեիր՝ առաջի՛նը։

․․․Քո երջանկությունը պիտի լինի ծառայել ժողովրդի երջանկությանը․․․Դու բարոյապես ազատ չես՝ դառնալու սերունդը անասնորեն երջանիկ դատարկապորտների, որովհետև և ոչ մի ժամանակ քո ժողովրդի գոյությունն այնքան լուրջ կերպով վտանգված չի եղել, որքան այսօր։ Ինչպես և երբեք քո ժողովուրդը այնքան հրամայողաբար չի զգացել կարիքը մի ուխտած և հերոսական սերունդի։

․․․Եղել են սերունդներ, որոնք ավելի ժամանակ են վատնել իրենց արտաքինը հարդարելու, քան իրենց մտքի և սրտի մշակույթի համար։ Դու պիտ ապրես ժողովրդիդ համար, այլապես պիտ երկարի նրա հոգեվարքը և շատ պիտ ուշանա նրա քաղաքական հարությունը։

․․․Հոգեպես ծույլերն են ստեղծել «դժվարին» ու «անկարելի» խոսքերը։ Հազարամղոն ճամփորդությունն սկսվում է մի հատիկ քայլով։ Չկա՛ անկարելին, երբ կա զորեղ ու վճռական կամքը։

«Թագավորը նա է, ով կարող է» ։

Ես ուզում եմ, որ դու լինես թագավոր սերունդ։

Քանի դեռ գետափին ես – տկար ես։ Անցա՞ր – կեսար ես։

Անցի՛ր, հա՛յ երիտասարդ, անցի՛ր Ռուբիկոնը, որի հանդիպակաց ափին քեզ հաղթության դափնին է սպասում։

«Հաղթության ու պարտության միջև ամբողջ պետություններ կան» , - ասել է Բոնապարտը։

Քո վաղվա հաղթանակի և պարտության միջև հայ ժողովրդի լինել-չլինելու հարցը կա, հա՛յ երիտասարդ։

Ահա՛ թե ինչու քեզ պետք է հաղթանակի լուսապսակ ստեղծել քո ժողովրդի անվան ու ճակտի շուրջը։

Իսկ դրա համար քեզ պետք է լինել ավելի քան Հայ և մարդ։

․․Եղի՛ր ինքնաճանաչ, երիտասա՛րդ բարեկամ, հավատա՛ թաքուն ուժերիդ, օգնության կանչի՛ր քո ներքին մարդուն, որ ավելի Աստված է, քան տկար արարած, որպեսզի աշխարհը չկարողանա սահման դնել քո հոգու ավյունի թափին, թռիչքին։

Սիրի՛ր վեհը, գեղեցիկը և հերոսականը նույնիսկ թշնամիներիդ մեջ։ Թուլություն է չարությունը։ Մեզանում քչերն են ուժեղ։ Դրա համար էլ չար են շատերը, չար են, պարսավասեր ու աններող։

Գոռոզությունը ուժ չէ, այլ՝ տկարություն։ Տկարն է ձգտում հաճոյանալ ամբոխին, արժանանալ փողոցի ուշադրությանը։

․․․Եղի՛ր պարզակյաց։Դու՛ հա՛յ երիտասարդություն, ուխտիդ բերումով, դու պիտի լինես ուժեղ՝ ամենակարողության աստիճան։

Իսկ ուժեղ և կարող դառնալու իմաստուն միջոցներից մեկն էլ պարզակեցությունն է։

Եղի՛ր պարզ, պարզակյաց, որպես սպարտացի, քանզի որքան նվազ կարիքներ ունենաս, այնքան ավելի օգտակար կլինես ժողովրդիդ։

Կարիքներ կան, որոնց բավարարումը ստրկացնում է մեզ՝ դարձնելով մեզ գերի մեր կրքերին և ցանկությանց։ Իսկ չկա ավելի աղետալի բան, քան կրքերի և անիմաստ կարիքների լուծը։

Նա, որի ամենօրյա մտահոգության առարկան իր հագուստի և կաշվի մեռյալ գեղեցկությունն է և ոչ թե սրտի և մտքի մշակումը – նա կմնա աղքատ հոգով, ասել է՝ տկար։ Նա ով իր ժամանակն ու միջոցները վատնում է գեղեցկացնելու իր էության շրջանակը և ոչ պատկերը, արտաքին երևույթը և ոչ բովանդակությունը, նա, որ շարունակելով մնալ հիմարական արձագանքը սնոտիասեր ամբոխի, դժվարանում է իր հանապազօրյա հացին չավելացնել և «կրկես» -ը – նման բարոյապես թեթևամիտը դառնում է մեռյալ թիվ և ոչ ստեղծագործ անհատ իր ժողովրդի համար։

Վայելչասերների շրջանը – ահա՛ անբարոյականը և անբարոյացուցիչը, թշնամին մաքրության ու պարզակեցության։ Հեռո՛ւ այդ շրջանից, որ նեխություն կհոտի։

Զգո՛ւյշ հրապուրիչ երևույթներից։ Թող քո հաճույքները լինեն մաքուր, ողջապահիկ, բարոյական։ Կրքերն ու կարիքները ծառաներ պիտի լինեն և ոչ թե տեր ու բռնակալ։

Ես ազատ եմ խոստովանելու, թե հայ երիտասարդությունը եթե չհոգեփոխվեց, մեր եռագույնի առջև ծունկի չի բերի թրքությանը։

Պարզակեցությամբ և մշտատև ջանասիրությամբ էին հզոր և անպարտ Հին Հելլադան, Սպարտան և Հռոմը։ Զինվոր, թե զորավար, խաղաղության օրերին կմշակեին դաշտերը և առաջին ահակոչը լսելուն պես, կթողնեին արորը և կկապեին սուրը։ Ցինցինատիին գտան դաշտում՝ արորելիս, երբ կփնտրեին իրեն որպես հռոմեական լեգեոնների զորագլուխ։ Բայց երբ մի օր Հույնի և Հռոմեացու մեջ տկարացավ պարզակեցության ոգին, երբ այդ առնական և խրոխտ ժողովուրդները մեղկացան ճոխությանը և քնքշանքի մեջ ընկան՝ կորան բարբարոսների կրունկի տակ։

Ահա թե ինչու քո սերունդը, հա՛յ երիտասարդ, պիտի լինի պարզակյաց, ազատ՝ կարիքների ու կրքերի լծից – ուժե՛ղ լինելու համար։

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
440 | 0
09:44, 13.04.2024
509 | 0
դեպի վեր