ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +21 °C Վաղը`+20 °C
Տիկին դը Շատոբրիանի ոգու ուժը
10:16, 06.02.2024
412 | 0

Շատոբրիանի կոմսուհի Ֆրանսուազ դը Ֆուան՝ Ֆրանսիայի թագուհի Անն Բրետոնցու հորեղբոր դուստրը, դաստիարակվել է թագուհու պալատում, տիրապետել է լատիներենին, իտալերենին, բանաստեղծություններ է գրել: 1505 թվականին նա նշանվել է Ժան դը Լավալ-Մոնմորանսիի՝ Շատոբրիանի կոմսի հետ: Ամուսիններն ապրել են Բրետան երկրամասի Շատոբրիան բնակավայրում:

Ֆրանսիայի կնամոլ թագավոր Ֆրանսուա Առաջինը, որի համոզմամբ «Արքունիքն առանց կանանց նույն է, թե տարին առանց գարնան և գարունն առանց վարդերի», երբ լսել է Շատոբրիանի կոմսուհու արտակարգ գեղեցկության մասին, նրա ամուսնուց պահանջել է, որ ներկայացնի իր կնոջը: Թեպետ կոմսը համաձայն չի եղել, բայց Ֆրանսուազը 1516 թվականին կամ 1517 թվականի սկզբին ներկայացել է արքունիքին: Թագավորը կոմսուհու ամուսնուն վաշտի հրամանատար է նշանակել, իսկ ավագ եղբորը՝վիկոնտ դը Լոտրեկին՝ Միլանի հերցոգության նահանգապետ: Կոմսուհու մյուս երկու եղբայրները նույնպես բարձր պաշտոններ են ստացել: Ֆրանսուազն ի վերջո դարձել է թագավորի սիրուհին:

Ժան դը Շատոբրիանն ու իր կինը 1519 թվականի ապրիլի 25-ին Ամբուազում մասնակցել են դոֆինի մկրտությանը: Ֆրանսուազը կանգնած է եղել արքայադուստրերի կողքին, իսկ դա նշանակել է, որ նա ճանաչվել է արքայական պաշտոնական սիրեցյալ կամ ֆավորիտուհի (La mye du roi): Պաշտոնական սիրեցյալի կարգավիճակը մնացյալ սիրեցյալների կարգավիճակից տարբերվել է նրանով, որ նա հնարավորություն է ունեցել ազդել քաղաքական իրադարձությունների ընթացքի վրա, ակտիվորեն միջամտել արքունիքի և նույնիսկ կառավարող ընտանիքի ներքին կյանքին ու փոխհարաբերություններին: Բայց նրանք միապետի պաշտոնական տիկնոջ կարգավիճակ չեն ունեցել, և այդ հանգամանքը իրավական բարդություններ է հարուցել նրանց երեխաների պաշտոնական կարգավիճակի առումով. Նրանց երեխաները համարվել են արտաամուսնական կապից սերվածներ և անվանվել են «բաստարդներ»:

Ֆրանսուազի շնորհիվ դը Ֆուա ընտանիքի բարձրացումը հարուցել է թագուհի Լուիզ Սավոյացու դժգոհությունը: Երբ եկել է հարմար պահը, նա բոլոր ջանքերը գործադրել է, որ ճանապարհից հեռացնի իր որդու՝ իր համար անցանկալի տարփածուհուն: Սակայն Պավիայի ճակատամարտում պարտությունից հետո իսպանական գերությունում հայտնված Ֆրանսուան չի մոռացել կոմսուհի դը Շատոբրիանին, և նրանք կանոնավոր կերպով մեկմեկու նամակներ են գրել:

Գերությունից ազատ արձակված թագավորին 1526 թվականի մարտի 18-ին Բայոնում դիմավորել է նրա մայրն իր շքախմբով: Ֆրանսուազն այնտեղ չի եղել: Լուիզ Սավոյացին որդուն է ներկայացրել տասնութամյա Անն դը Պիսլյոյին: Թագավորին «տիրելու» համար երկու մրցակցուհիների միջև երկամյա պայքար է ընթացել: Ի վերջո Ֆրանսուազն իրեն պարտված է ճանաչել և վերադարձել է Բրետանի իր դաստակերտ: Ֆրանսուայի հետ նրան վիճակվել է ևս մեկ անգամ հանդիպել 1532 թվականին. այդ ժամանակ նրանք երեք շաբաթով վերականգնել են իրենց հարաբերությունները:

Երբ թագավորի նոր՝ տակավին մանկամարդ սիրուհին՝Անն դը Պիսլյոն, լիովին նվաճել է միապետի սիրտը, նրան համոզել է, որ տիկին դը Շատոբրիանից պահանջի վերադարձնել իրենից ստացած բոլոր նվերները: Բայց Անն դը Պիսլյոյին հիմնականում հետաքրքրել է ոչ թե ակնեղենն ու ոսկեղենը, այլ այդ զարդերի վրա վարպետորեն փորագրված նշանաբանները: Թագավորը համաձայնել է կատարել նոր սիրուհու պահանջը և մարդ է ուղարկել նախկին սիրուհու մոտ՝ խնդրելով վերադարձնել իր նվերները: Կոմսուհի դը Շատոբրիանը հիվանդ է ձևացել և խնդրել է թագավորին փոխանցել, որ բոլոր նվերները երեք օր հետո կվերադարձնի: Այդ երեք օրում նա ծանոթ ոսկերչի օգնությամբ բոլոր թանկարժեք քարերը հանել է զարդերի վրայից, ոսկեղենը ձուլակտորների է վերածել, և, բնականաբար, բոլոր կարգախոսները ոչնչացել են:

Երեք օր անց թագավորին են փոխանցել ակնեղենն ու ոսկյա ձուլակտորները: Բացի այդ տիկին դը Շատոբրիանը խնդրել է թագավորին փոխանցել հետևյալը.

«Սա հանձնեք թագավորին և նրան հիշեցրեք, որ նա հետ է ուզել այն, ինչն առատաձեռնորեն տվել է ինձ. ես այն վերադարձնում եմ նրան և ուղարկում եմ ոսկե ձուլակտորներով: Ինչ վերաբերում է կարգախոսներին, ապա ես դրանք այնպես լավ եմ ամրակայել ու միակցել իմ մտքում և դրանք այնքան թանկ եմ գնահատում, որ չեմ կարող թույլ տալ, որ ինչ-որ մեկն ունենա այդ կարգախոսները, ըմբոշխնի դրանք ու դրանցից հաճույք ստանա, բացի ինձանից»:

Ստանալով այդ ամենը՝ թագավորն ասել է.

«Վերադարձրեք նրան բոլորը: Ես դա արել եմ ոչ թե հանուն ոսկու, այլապես կրկնակին կտայի, այլ նշանաբանների նկատմամբ տածածս սիրո: Բայց քանի որ նա դրանք ոչնչացրել է, ոսկին չեմ ուզում և հետ եմ ուղարկում: Այս արարքով նա ոգու ավելի մեծ ուժ դրսևորեց, որը կին արարածից սպասելի չէր»:

Ֆրանսուազի մահվան մասին առասպել է հյուսվել: Ֆրանսիացի պատմաբան Անտուան Վարիասը, հղում կատարելով Շատոբրիանների արխիվին, գրում է, թե տուն վերադառնալուց հետո ամուսինը տիկնոջը վեց ամիս բանտարկել է սև կտորով երեսպատված սենյակում, որից հետո հրամայել է սպանել նրան՝ կտրելով նրա երակները: Ըստ այդ վարկածի՝ կոմսը կաշառքով փոխել է սպանության մեջ իր մեղսակցության մեղադրանքը՝ իր հողային տիրույթների մի մասը հանձնելով Մոնմորանսիի դքսին: Բայց այս վարկածը հավատ չի ներշնչում պատմաբաններից շատերին:

Կոմսուհին թաղված է Սուրբ Երրորդության միաբանության՝ Շատոբրիան կոմունայի եկեղեցում:

Ֆրանսուազի այգին Շատոբրիանում:
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
443 | 0
09:44, 13.04.2024
514 | 0
դեպի վեր