ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +22 °C Վաղը`+21 °C
Կրկեսային նոր ձևաչափ. «Կայսրուհին», հայտնի ծաղրածուն և մյուսները
22:04, 06.02.2024
329 | 0
Առաջին անգամ Հայաստանում միանգամայն նոր կրկեսային ծրագիր՝ արտասովոր շոու-բալետային ձևաչափով, որը կներկայացնեն հայտնի ուժային ակրոբատներ, Երևանի «Վարդանյան եղբայրներ» կրկես-շապիտոյի սեփականատերեր Անդրանիկ և Գևորգ Վարդանյանները։ Հանդիպման վայրը անփոփոխ է՝ կրկեսային վրանն իր ջերմ մթնոլորտով։ Բայց փոխվել է ամսաթիվը. ներկայացումները կսկսվեն փետրվարի 17-ին։ Ծրագիրը չափազանց տպավորիչ է։

Մարմնամարզուհի, որն ապշեցնում է հանդիսատեսին իր մազերի ուժով, որոնցով նա ասես ճախրում է մանեժի վրայով իրեն բնորոշ նրբագեղությամբ ու թեթևությամբ։ «Կայմ» կոչվող համարը, որը հիացնում է իր ինքնատիպ կոնցեպտով և ակրոբատիկ հնարքներ կատարող արտիստի վարպետությամբ։

Լյուբով Կարսանովայի ղեկավարությամբ ընթացող «Կայսրուհի» բացառիկ համարը, որտեղ միախառնված են ժանրերը. արտիստներն աշխատում են մեծ բարձրության վրա՝ միմյանց նետելով գուրզերը։ Ոչ մեկին անտարբեր չթողնող ձեռնածուների խումբ։ Առանց աչք թարթելու դիտվող ևս մեկ համար՝ լարախաղացի ելույթը, որը զարմացնում է կրկեսի մեծ գմբեթի տակ սառնասրտորեն հավասարակշռություն պահպանելու իր ունակությամբ։ Երաժշտական վիրտուոզ ծաղրածուների «Սպարտակ և Նիկո» դուետ, որ ողջ շոուի ընթացքում դրական լիցքեր է հաղորդում, խինդ ու ծիծաղ է պարգևում հանդիսատեսին։

Եվ, իհարկե, հենց իրենք՝ անզուգական Վարդանյան եղբայրները իրենց յուրահատուկ հնարքներով, որոնք կատարում են միմիայն իրենք եւ ուրիշ ոչ ոք։ Եվ այդ հնարքների հնարքը՝ դաշույններով համարը, որը հանդիսատեսը դիտում է շունչը պահած։ Այս ամենը և շատ ավելին կտեսնեն նրանք, ովքեր կգան դիտելու բազմաժանր համարներով այս անմոռանալի կրկեսային ներկայացումը։

«Նոր շոուի համար մեր ծրագրում ընդգրկել ենք բարձրակարգ պրոֆեսիոնալ արտիստների և բալետի լավագույն պարողների, հրավիրել ենք միջազգային մրցույթների հաղթող, հիանալի ծաղրածու Արտակին։ Նաև ձեռք ենք բերել ժամանակակից լուսային սարքավորումներ, ապահովել ենք բարձրակարգ ձայն և լրացուցիչ հատուկ էֆեկտներ», - ասում է Անդրանիկ Վարդանյանը։ «Այս ամենը զարմանալի մթնոլորտ կստեղծի «Վարդանյան եղբայրներ» նոր բալետային շոու ձևաչափում՝ ամբողջությամբ ընկղմելով ձեզ «Կրկես» կոչվող առեղծվածային, կախարդական հեքիաթի մեջ», - վստահեցնում է Գևորգ Վարդանյանը։

Աշխարհի բազմաթիվ երկրներում հանդիսատեսների սրտերը նվաճած, միջազգային մրցանակների դափնեկիր, բազմաթիվ հեռուստանախագծերի մասնակից, ինքնատիպ ու բազմաշնորհ, անկրկնելի ուժային ակրոբատներ Վարդանյան եղբայրները փետրվարի 17-ից Երևանում կներկայացնեն իրենց նոր՝ «Վարդանյան եղբայրներ» շոուն։ Շտապե՛ք մասնակցել նոր խաղաշրջանի բացմանը «Վարդանյան եղբայրներ» կրկեսում, և, առաջիններից մեկը, լիցքավորվեք դրական հույզերով ու վառ տպավորություններով։
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Անի Կարապետյան
դեպի վեր