ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+23 °C
Երուսաղեմի խաչակրաց թագավորության առաջին թագուհին հայ է եղել
20:41, 14.02.2024
586 | 0

Խաչակրաց Առաջին արշավանքի արդյունքում ստեղծված Երուսաղեմի թագավորության երկրորդ գահակալ Բոդուին Առաջինը (1100 – 1118 թթ.) ամուսնացել է ուղղափառ մի հայուհու հետ, որին ստիպել է կաթոլիկություն ընդունել:

Իր հրամանատարության ներքո ունենալով ընդամենը 200 ասպետ և նույնքան էլ հետևակային զինվոր, Բոդուինը մտել է Եդեսիա: Քաղաքի շրջակա տարածքների քրիստոնյա բնակչությունը սկզբում խանդավառությամբ է ընդունել նրան, ապստամբել է մուսուլմանական ոչ մեծաքանակ կայազորի դեմ և վտարել է ամրոցից:

Իմանալով խաչակիրների մոտենալու մասին՝ Եդեսիայի կառավարիչը՝ հայազգի իշխան Թորոսը, Բոդուինին օգնության է կանչել՝ միասին կռվելու քաղաքը զավթել սպառնացող մահմեդականների դեմ: Բոդուինը հաճույքով համաձայնել է առաջարկին և 80 հեծյալ ասպետներով ժամանել է Եդեսիա, որտեղ նրան խանդավառությամբ են ընդունել: Թորոսը Բոդուինին առաջարկել է իր մոտ վարձու ծառայության անցնել, սակայն եվրոպացի բարոնը պահանջել է, ի հատուցումն Եդեսիայի պաշտպանության, իրեն ճանաչել Թորոսի ժառանգորդ ու իրեն հատկացնել քաղաքի բոլոր եկամուտների կեսը: Թորոսը ստիպված է եղել զիջել: Որպեսզի այդ պայմանավորվածությունն ամրապնդվի, 1097 թվականին, Բոդուինի առաջին կնոջ մահվանից հետո (որը ճանապարհորդելիս է եղել նրա հետ խաչակարաց արշավանքի ամբողջ ընթացքում), ամուսնացել է Թորոսի միակ դստեր՝ Արդայի հետ: Եդեսիայի իշխանը փեսային խոստացել է 60 հազար բեզանտուս որպես օժիտ: Այս ամուսնության արդյունքում Բոդուինը դարձել է Եդեսիայի առաջին կոմսը:

1098 թվականի վերջում Եդեսիայի հայերը դավադրություն են կազմակերպել իրենց այս նոր՝ ֆրանկ տիրակալի դեմ: Դավադրությունը հաջողելու համար նրանք գործակցել են Մարաշի հայերի հետ: Արդայի հետ Բոդուինի պսակադրության արարողությունից հետո հայ ապստամբները, որոնք դժգոհ են եղել բարձր հարկերից ու ֆրանկների ղեկավարումից, շարունակել են դիմել քաղաքում գտնվող Թորոս իշխանին, որպեսզի նա Բոդուինին իշխանություն չտա: Սակայն նորաթուխ կոմսը մերկացրել է դավադրությունը, և, բռնելով նրա գլխավոր կազմակերպիչներին, այլանդակել է նրանց, իսկ կասկածյալներին էլ բանտ է նետել ու բռնագրավել է նրանց ունեցվածքը: Թեպետ Թորոսի մասնակցությունը դավադրությանն ապացուցված չի եղել, բայց նա շտապ հեռացել է բարձրլեռնային իր ամրոցը՝ իր հետ տանելով դստեր համար նախատեսված օժիտի մեծ մասը (մինչև նշանադրության պահը նա խոստացած 60 հազարից փեսային էր հանձնել ընդամենը յոթ հազար բեզանտուս):

Արդան Երուսաղեմի թագավորության առաջին թագուհին է, քանի որ սույն թագավորության առաջին թագավորը՝ Բոդուինի եղբայր Գոտֆրիդ Բուլոնացին, ամուսնացած չի եղել: Ֆրանսահայ պատմաբան Ժերար Դեդեյանը պնդում է, թե այս հայուհու սկզբնական անունը կարող էր լինել Արետե, որը նշանակում է «առաքինի, ազնվազարմ»: Նա եղել է Մարաշի հայ սենյոր Թաթուլի կամ Թորոսի միակ զավակը: Արդայի ամուսինը 1100 թվականին Երուսաղեմի թագավոր է օծվել, իսկ նրա կինը՝ թագուհի-կոնսորտ:

Տարիներ անց Արդային սկսել են մեղադրել ամուսնական անհավատարմության մեջ:
Բոդուինն ամուսնությունը չեղարկել է 1102-ից 1108 թվականների միջակայքում և ստիպել է մտնել մենաստան: Ենթադրաբար, Բոդուինը որոշել է բաժանվել կնոջից, քանի որ Արդան նրան հավատարիմ չի եղել, կամ էլ նրան, ըստ ֆրանսիացի ժամանակագիր Հիլբեր Նոժանացու, ծովահենները կամ մահմեդականնները բռնաբարած են եղել Սրբազան քաղաք գնալու ճանապարհին: Սակայն, առավել հավանական է, որ Արդան Երուսաղեմում քաղաքական կշիռ չի ունեցել, որտեղ, ի տարբերություն Եդեսիայի, հայ բնակչություն չի եղել: Բացի այդ, Բոդուինն ու Արդան զավակներ չեն ունեցել:

Բոդուինը նրան ստիպել է Երուսաղեմի Սուրբ Աննայի մենաստան մտնել: Որպես փոխհատուցում՝ թագավորը նրան շատ մեծ օժիտ է տվել, ըստ պատմաբան Սթիվենն Ռանսիմանի, «իր խիղճը լռեցնելու համար»:

Ավելի ուշ թագուհի Արդան, թագավորի համաձայնությամբ, կարողացել է հեռանալ մենաստանից: Նա խնդրել է, որ ամուսինն իրեն թույլ տա այցելել Կոստանդնուպոլսում գտնվող հորը, որը բնակվելիս է եղել Կոստանդնուպոլսում ֆրանկների կողմից Մարաշը նվաճելուց հետո, և նվիրատվություն հանգանակել մենաստանի համար: Հետագայում Արդան հավանաբար ինտեգրվել է Ալեքսիս Կոմնեն կայսրի արքունիքին:

Ժամանելով Կոստանդնուպոլիս՝ Արդան ձերբազատվել է միանձնուհու կարգավիճակից: Որոշ ժամանակագիրներ ասում են, թե նա շուտով «տրվել է մեծ քաղաքի հաճույքներին» և ապրել է ազատ կյանքով:

Հռոմի պապ Պասքալիս 2-րդ պապի կողմից չհաստատված այս բաժանումից հետո թագավորն ամուսնացել է Ռոժե Առաջին Սիցիլիացու այրի Ադելաիդա Սավոնացու հետ, որը նրան բավականին խոշոր գումար է տվել որպես օժիտ, և այդ գումարով պետական գանձարանը լցվել է: Ադելաիդան իր նոր ամուսնու ղեկավարած պետությանը նաև ապահովել է սիցիլիական նավատորմի աջակցությամբ: Չստանալով կաթոլիկ եկեղեցու հավանությունը՝ Բոդուինը պարտավոր է եղել բաժանվել իր նոր կնոջից: Մինչ իր մահը Արդան հանդիսացել է Բոդուինի պաշտոնական կինը: Պատրիարք Առնոլդ դը Ռոոլը կարգազանց է արվել այն բանի համար, որ աջակցել է Ադելաիդա Սավոնացու հետ Բոդուինի ամուսնությանը: 1117 թվականին թագավոր Բոդուինը լրջորեն հիվանդացել է, և նրա շրջապատը նրան համոզել է, որ հիվանդությունն աստվածային պատիժն է անօրինական ամուսնության: Բուժվելուց հետո, պապի հորդորով, Բոդուինը որոշել է հետ ուղարկել Ադելաիդային, և պապական նվիրակն ամուսնությունը չեղարկել է: Դրանից հետո թագավորը որոշել է Երուսաղեմ վերադարձնել իր օրինական կնոջը: Պատմաբան Բեռնարդ Համիլտոնին համոզմամբ՝ դա հազիվ թե տեղի ունենար, եթե թագուհու ազատ ապրելակերպի մասին պատմություններն իրական են եղել: Իսկ պատմաբան Ալան Մյուրեյը համարում է, որ թագավորի խորհրդականները վախեցել են, թե թագը կանցնի սիցիլիացիների ձեռքը, և դա է պատճառը, որ թագավորը որոշել է վերականգնել Արդայի կարգավիճակը, որպեսզի չզրկվի տիտղոսից և թագավորությունը ձեռքից չգցի: Բայց Արդան մեժել է վերադառնալու առաջարկը և մնացել է Կոստանդնուպոլիսում և երբեք Երուսաղեմ չի վերադարձել: Բոդուինը մեռել է 1118-ի ապրիլի 2-ին: Արդայի ծննդյան ու մահվան տարեթվերն անհայտ են:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
444 | 0
09:44, 13.04.2024
514 | 0
դեպի վեր