ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +16 °C ... +32 °C Վաղը`+33 °C
Իր մահվան օրը ճշգրիտ կանխատեսած մանուկ «Պատվելի»-ն
20:12, 28.05.2024
415 | 0

Այս աշխարհում, ավելի կոնկրետ՝ Բրազիլիայի Սան Պաուլո նահանգի Իբիտինգա բնակավայրում, 1955 թվականի հուլիսի 31-ից 1964 թվականի դեկտեմբերի 24-ը Նելսոն Սանտանա անունով մի երեխա է ապրել, որին քնքշաբար Նելսինո են անվանել: Նա մահացել է քաղցկեղից, և Հռոմի Ֆրանցիսկոս պապը նրան «Պատվելի» է հռչակել:

1963 թվականին, երբ տղան տակավին ութ տարեկան է եղել, բժիշկները նրա ոսկորների վրա չարորակ ուռուցք (օստեոսարկոմա) են հայտնաբերել: Նրան խնամող բուժքույրը և միանձնուհին վկայել են, որ տղան «Քրիստոսի տանջանքների իմաստը հասկանալու արտասովոր ունակությամբ է օժտված»: Չնայած հիվանդության հարուցած ցավերին՝ նա հիվանդանոցում շարունակել է քրիստոնեության դավանաբանությունը յուրացնել ու իր առաջին հաղորդությունը ստանալ: Այդ ամբողջ ընթացքում Նելսոնը երբեք չի տրտնջացել, իսկ երբ նրան ասել են, որ բժիշկները ստիպված են կտրել ձեռքը, նա դարձյալ չի տրտնջացել:

Նելսոնը կանխատեսել է, որ ինքը դրախտում է հայտնվելու Սուրբ Ծնունդի նախորդ օրը: Եվ այդպես էլ եղել է. 1964 թվականի դեկտեմբերի 24-ին նա քաղցկեղից մահացել է:

Երեխայի ընտանիքն աղքատ է եղել և չի կարողացել վճարել թաղման ծախսերը, այդ իսկ պատճառով նրան սկզբում թաղել են աղքատների հետ, բայց հետո մի քրիստոնյա ընտանիք առաջարկել է նրան վերահուղարկավորել Սեն Բենտուում: Վաղամետիկ մանկան առաջին գերեզմանին մարդիկ շարունակել են այցելել նույնիսկ այն բանից հետո, երբ նրան ի վերջո թաղել են իր ծննդավայրի՝ Իբիտինգա քաղաքի գերեզմանոցում:

Նելսոնի՝ որպես սուրբ մարդու համբավը տարածվել է ամբողջ Բրազիլիայում:

Մանկանը կաթոլիկ եկեղեցու երանելիների շարքը դասելու համար սրբադասումների գործերով կոնգրեգացիան հետաքննություն է կատարել և հանգել է այն եզրակացության, որՆելսոն Սանտանան քրիստոնեական առաքինությունների հերոսական աստիճանի մեջ է ապրել: Ֆրանցիսկոս պապը և կոնգրեգացիայի պրեֆեկտը 2019 թվականի ապրիլի 6-ին հրապարակել են նրա հերոսականությունը ճանաչելու մասին հատուկ հրովարտակ և նրան «Պատվելի» են հռչակել:

Դեկտեմբերի 24-ը Նելսոնի հիշատակի օր է սահմանված, և այդ օրն անվանվել է «Նելսինո»:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
23:14, 04.06.2024
409 | 0
դեպի վեր