ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +20 °C Վաղը`+23 °C
Ավետիք Իսահակյան, Կենսագրական
13:29, 12.01.2014
26006 | 0

Ավետիք Իսահակյան, Կենսագրական


Մանկություն


Ավետիք Իսահակյանը ծնվել է Ալեքսանդրապոլում (Գյումրի), 1875թ.-ի -հոկտեմբերի 30-ին: Ավետիքի պապը` Նիկողայոս Իսահակյանը, ծագումով պատմական Հայաստանի Բայազետ քաղաքից էր, սակայն նա իր տոհմով տեղափոխվեց հաստատվելով Ալեքսանդրապոլում, հայրը` Սահակը, արդեն Գյումրիի ծնունդ էր, իսկ մայրը` Ալմաստ Ղլտճյանը Ղարսից էր հարս բերված, այնպես որ ինքը` Իսահակյանը, իրեն միշտ համարել է բնիկ գյումրեցի, ավելի ճիշտ` «Անի քաղաքացի»: Ա.Իսահակյանը մեծացել է միջակ, բարեկեցիկ ընտանիքում: Իսահակյանի մանկությունն անցել է քաղաքում և Ղազարապատ գյուղում, ուր հայրը ջրաղաց ուներ և տնտեսություն:
Երեխային դյութում էին հայրենի Շիրակի ծաղկազարդ գարունները, ցորենի ծփուն արտերը, Արփաչայի վրա թեքված լացող ուռենիները, երփներանգ ծաղիկներով վառվող հովիտները: Նրան գրավում են ժողովրդական պարզ ուրախությունները, ազգային տոները, խաղերն ու գունագեղ կենցաղը, հայրենի մեղեդիները, երգն ու երաժշտությունը, որոնցով այնքան հարուստ էր Շիրակը: Տասնյակ տարիներ հետո բանաստեղծը կարոտով է հիշել գյուղացի մանկան երազ օրերը.


Երբ մանուկ էի, ընկերներիս հետ
Գյուղի կալերում, դաշտերում ծաղկած
Ճիպոտներն իբրև նժույգներ հեծած,
Մտրակում էինք և սլանում խենթ
Դեպ հեքիաթային աշխարհներ հեռու,
Եվ շրջում էինք կախարդ, հմայուն,
Այն վայրերի մեջ` անհայտ, անանուն:

Նա սիրել է գյուղական միջավայրը, յայլա գնալը, հովվությունը, ժողովրդական երգերը, թափառական գուսաններին, որոնց նմանողությամբ 11-12 տարեկանից սկսել է ոտանավորներ գրել:

Կրթություն


Սկզբնական կրթությունը ստացել է մայրենի քաղաքի հայկական դպրոցում, որի փակումից հետո` 1885թ. անցել է պետական քաղաքային դպրոց, ուր դասերը կատարում էին ռուսերեն: Մի տարի այդտեղ մնալուց հետո գնացել եմ Ղփչախ գյուղի Հառիճա վանքի երկդասյան դպրոցը, որը Էջմիածնի Գևորգյան ճեմարանի նախադուռն էր:
Այդ դպրոցն ավարտելուց հետո, 1892թ.-ին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը և երեք տարի աշակերտել է Կ. Կոստանյանին, բանաստեղծ Հ.Հովհաննիսյանին, Ս. Լիսիցյանին: Ա. Իսահակյանը լավ աշակերտ է համարվել, սակայն լսարանցիների հարուցած խռովությանը մասնակցելու հետևանքով վտարվել է ճեմարանից` դպրոցական կուրսը չավարտած` 1892թ.:
1893թ. մեկնել է Եվրոպա` գիտություններ, լեզուներ ձեռք բերելու համար: Աշխատել է Վիեննայի մարդաբանական թանգարանում և, միաժամանակ, ունկնդրել գիտական դասընթացները, ապա եղել Լայպցիգի համալսարանի ազատ ունկնդիր: 1895թ. վերադարձել է հայրենիք: 1895 թվականին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՀԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, մասնակցել Ալեքսանդրապոլից Արևմտյան Հայաստան ուղարկվող զինյալ խմբերի ստեղծմանը, զենք և դրամական միջոցների հայթայթման գործին։ Հայ ազգային-ազատագրական պայքարին մասնակցելու համար 1896թ. ձերբակալվել է և մեկ տարով բանտարկվել Երևանի բանտում: 1898թ. աքսորվել է Օդեսա: 1900թ. կրկին մեկնել է Եվրոպա և ապրել Ժնևում ու Ցյուրիխում: 1901թ. վերադարձել է հայրենիք: 1908թ.-ի դեկտեմբերին ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, կրկին ձերբակալվել է՝ «Դաշնակցության գործով» և, որպես ՀՀԴ բյուրոյի անդամ, կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո (ինչպես և Հ. Թումանյանը) խոշոր գրավականով ազատվել կալանքից: Խուսափելով իր դեմ պատրաստվող դատավարությունից՝ 1911թ. մեկնել է Կոստանդնուպոլիս:
Բնավ չհավատալով երիտթուրքերի խոստումներին Արևմտյան Հայաստանի ինքնավարության վերաբերյալ և ենթադրելով, որ Հայաստանին սպառնացող պանթուրքական վտանգը կարող է կանխել Թուրքիայի հովանավոր կայզերական Գերմանիան, Իսահակյանը մեկնել է Բեռլին և մի շարք գերմանական մտավորականների հետ մասնակցել Գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը՝ միաժամանակ խմբագրելով ընկերության «Մեսրոբ» պարբերական հանդեսը: Սկսված առաջին համաշխարհային պատերազմը և Մեծ եղեռնը հաստատեցին Իսահակյանի ամենամռայլ կանխատեսումները երիտթուրքերի հայաջնջիչ քաղաքականության վերաբերյալ:

Ստեղծագործություններ

Գրական ասպարեզ է մտել 1892թ. դեկտեմբերին «Տարազ» ամսագրում լույս է տեսել նրա առաջին բանաստեղծությունը՝ «Ծաղիկ էի նորաբողբոջ» վերնագրով:
Հայկական հարցին առաջին անգամ Իսահակյանը արձագանգեց Սասունի և Զեյթունի կոտորածների անմիջական ազդեցությամբ: Եվ եթե մինչև այդ արյունահեղ իրադարձությունները, Իսահակյանի քնարերգության մեջ տիրապետողը սիրո, բնության, հայրենի եզերքի գեղեցկության, մայրական սիրո թեմաներն էին, ապա վերոհիշյալ պատմական դեպքերի ազդեցության տակ Իսահակյանի պոեզիա ներխուժեցին հայրենասիրական, ազգային ազատագրական պայքարի մոտիվները: Իսկ երբ Արևմտյան Հայաստանում, ի պատասխան թուրքական բռնությունների, սկսեց ընձյուղներ տալ դիմադրողական շարժումը, և սկսեցին ձևավորվել առաջին հայդուկային խմբերը` Աղբյուր Սերոբի, Արաբոյի, Գևորգ Չավուշի, Մեծն Չելոյի, Կուկունյանի, Անդրանիկի, Սեբաստացի Մուրատի ղեկավարությամբ, Իսահակյանը դարձավ ֆիդայական պոեզիայի առաջին երգիչը հայ իրականության մեջ: Շնորհիվ նրա «Հայդուկի երգեր» հայրենասիրական շարքի` հայ ազատագրական պայքարը մտավ դասական պոեզիա և գրավեց իր արժանի տեղը: Նա մեր բանաստեղծներից առաջինն էր, որ պատկերեց ֆիդայական պայքարը..


Մի անգամ մեռի՛ր, քան հազար անգամ,
Կամ եղի՜ր ազատ, հզօր ինքնիշխան,
Կամ ընկի՛ր հպարտ, ձեռքովդ աւերակ
Բռնապետութեան բեկորների տակ…


«Հայդուկի երգերը» Իսահակյանը ստորագրում էր Հայ գուսան կեղծանվամբ: Այդ շարքի գործերը տպագրվում էին ՀՅԴ-ի «Դրօշակ» ամսագրում: Շարքի նշանակալից գործերից են «Աւետիք Մալոյեանի անմահ յիշատակին», «Սերոբի յիշատակին», «Ինձ տե՛ղ տուէք, Սիփան սարեր», «Սալնոյ ձորերում, կռուի ձորերում…», «Է՛յ, ջան-հայրենիք, ինչքա՛ն սիրուն եմ…», «Որսկա՛ն ախպեր, սարէն կու գաս…», «Վե՛ր կաց, ժողովուրդ», «Բաշերն ալեծուփ, բաշերն հողմակոծ…» բանաստեղծությունները:
19-րդ դարավերջին ազատագրական պայքարի զարթոնքին նոր զարկ տալու մղումով Իսահակյանը կերտում է հայ ազգային էպոսի ոճով ու ոգով պարուրված, սակայն ժամանակի պատմական իրադարձություններն իմաստավորող «Մասըսա Մանուկը» էպոսատիպ ասքը:
Պատերազմից և եղեռնից հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը: Բանաստեղծը ձեռամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել 1915-22թ-ի «Հիշատակարան» գրառումներով: Իսահակյանի համար 1915թ.–ի հոգեկան ցնցումը բանաստեղծորեն հաղթահարելու զորավիգ է դառնում իր նախորդ ստեղծագործական փորձը: Արևմտահայությունը մինչև ճակատագրական թվականը արդեն մի քանի անգամ անցել էր կոտորածի դժոխային պատկերներով՝ հարկադրելով հայ բանաստեղծներից յուրաքանչյուրին յուրովի ապրելու ինքնահրաժարումի թումանյանական ցավը: Այդ ցավի ուղղակի արտահայտություններից է նաև Իսահակյանի խոստովանությունը.



Սազը չի թողնում, որ կտրիճ դառնամ,
Թուրը չի թողնում որ գուսան դառնամ:


Այդ ժամանակահատվածում Իսահակյանը հիմնականում հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով, որոնց բովանդականությունը Հայկական հարցն էր, Հայաստանի վերամիավորման խնդիրը, հայկական պետականության վերականգնումը: Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա «Ձյունն է եկել ծածկել հիմա...», «Հայաստանին», «Ահա նորեն գարուն եկավ» բանաստեղծությունները:
XIX դ. վերջի և XX դ. սկզբի հայ քաղաքական կյանքի, Հայկակական հարցի յուրահատուկ համայնապատկերը պիտի դառնար Իսահակյանի «Ուստա Կարոն» մեծածավալ վեպը, որը մշտապես ուղեկցեց գրողին ստեղծագործական կյանքում և, ավաղ, մնաց անավարտ: «Ուստա Կարոն» կավարտվի այն օրը, երբ լուծվի հայկական հարցը», -ասել է Վարպետը: Իսահակյանը այդպես էլ չկարողացավ համակերպվել Հայաստանի մասնատման գաղափարին. «...մեռնեի Սևանը ցամաքած չտեսնեի, ապրեի Արարատը մերը տեսնեի...», — սրտի խոր կսկիծով ու ցավով կրկնում էր նա և հավատում, որ կգա ժամանակը, երբ հայ ժողովուրդը դարձյալ իր հացը կվաստակի հարազատ եզերքում:
1926թ. Իսահակյանը այցելեց Խորհրդային Հայաստանը։ Այստեղ նա հրատարակեց նոր բանաստեղծությունների հավաքածու և մի շարք պատմվածքներ (օրինակ՝ «Համբերության չիբուխը» 1928) ։ Վերադարձավ արտասահման 1930թ և ապրեց այնտեղ մինչ 1936թ՝ հանդես գալով որպես Խորհրդային Միության կողմնակից։
Բազմաթիվ սյուժեներ վերցրել է հայ և Արևելքի ժողովուրդների ավանդապատումներից ու իմաստավորել ժողովրդական կենսափիլիսոփայությամբ, երազանքներով, ձգտումներով («Հայրենի հող», «Շիդհարը», «Լիլիթ», «Սաադիի վերջին գարունը», «Հավերժական սերը»): Պոեմներից հիշարժան են «Ալագյազի մանիները» (1895-1917թթ), այրական սիրո գեղեցիկ պատկերներ են «Մայրը» և «Մոր սիրտը» լեգենդները: Հայրենիքի հավերժության գաղափարն առավել մեծ ընդհանրացման է հասել «Ռավեննայում» (1926թ.) բանաստեղծության մեջ, որը գրել է Իտալիայում: «Մասըսա Մանուկը» (1895-1905թթ) վիպասքը հայ ազգային-ազատագրական շարժման նորօրյա էպոսն է։ Հայ խոհափիլիսոփայական քնարերգության մեջ անհաս բարձունք է Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը (1910թ.): Հայ արձակի լավագույն գործերից է «Ուստա Կարո» անավարտ վեպը (լույս է տեսել 2006 թ.): Հայ պատմվածքի ժանրը հարստացել է գրողի «Համբերանքի չիբուխը», «Հորս գութանը», «Գերեզմանի վրա» և այլ գործերով։ Գրել է նաև հեքիաթներ ու առակներ, բալլադներ ու լեգենդներ, հուշապատում, մանրապատումներ և այլն։ 2001թ. լույս է տեսել նրա «Աֆորիզմներ» գիրքը:
Առաջին բանաստեղծական ժողովածուն է «Երգեր ու վերքերը» (1898թ.) ։ «Դարդս լացեք», «Սև մութ ամպեր ճակտիդ դիզվան», «Սիրեցի յարս տարան», «Որսկան ախպեր» և քնարական այլ բանաստեղծություններ երգի են վերածվել:
1930-36թթ ապրել է Փարիզում, 1936թ. վերադարձել է հայրենիք: 1946-57թթ եղել է Հայաստանի գրողների միության նախագահը: Մահացել է 1957թ հոկտեմբերի 17-ին՝ Երևանում: Վերջին երկու տարում Իսահակյանը ունեցել է սրտամկանի ինֆարկտ եւ թոքերի բորբոքում: Մահվան պատճառը եղել է ծանր ախտահարված սրտանոթային համակարգի հարաճուն անբավարարությունը: Թաղված է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:
Ծերունազարդ վարպետը մանուկներին շատ էր սիրում, հրճվում, հպարտանում էր նրանցով: Նա անթիվ նամակներ էր ստանում արտասահմանում բնակվող հայ երեխաներից, տխրում էր որ նրանք ապրում են հայրենիքից հեռու, բայց նաև ուրախանում էր, որ սովորում են հայկական դպրոցներում, գիտեն մեր պատմությունը, մեր երգը, երաժշտությունը, հիանալի խոսում են հայերեն:

Ա. Իսահակյանի սիրային արկածները

Ավետիք Իսահակյանը եղել է շատ կնամեծար և կնամոլ: Մի անգամ բանաստեղծը սիհարվում է մի կնոջ, ով լինում է շատ գեղեցիկ և ունենում է շատ գեղեցիկ ոտքեր: Իր իսկ ավտոմեքենայով նա հետապնդում է այդ կնոջն ամեն օր: Բանաստեղծը նաև սիրային խոստովանություն է անում այդ կնոջը, սակայն երբ իմանում է որ այդ կինը ամուսնացած է, ընտանիք ունի, և երբ իրեն ասում է որ մենք չենք կարող երբեք միասին լինել, նա զայրանում է` որորշելով հաշվեհարդար տեսնել` կրակում է այդ կնոջ մի ոտքին: Ահա այսպիսի հետաքրքիր բնավորության գծերով է օժտված եղել անվանի հայ բանաստեղծ Ավետիք Իսահակյանը:
ՀԽՍՀ Նախարարների խորհրդի 1980 թ-ի որոշմամբ սահմանվել է Ավետիք Իսահակյանի անվան ամենամյա գրական մրցանակ:
Իսահակյանի պատանեկության սիրո հերոսուհին.
Պատանի Ավետիքը սովորում էր Գյումրիի քաղաքային դպրոցում: Այդ տարիներին ամառները գնում էր պապենական հարազատ Ղազարպատ գյուղը` Մանթաշի լեռներն ու ձորերը, հովվական յայլաները, իր ընկերների մոտ: Իր այդ օրերին ու առաջին սիրո զգացմունքի ծլարձակման մասին Իսահակյանը գրել է. «Ալագյազի մանիներ» պոեմում: Պոեմը անմիջական ոգեշունչ, քնարական խոստովանություն է հեղինակի առաջին սիրո մասին: Իսահակյանի շրջապատը, նրա հին ընկերներն ու հարազատները վկայում են, որ պոեմի դեռատի հերոսուհին` Զարոն, եղել է շատ գեղեցիկ մի պարմանուհի Ղազարապատ գյուղից, Ավետիքի ամենասիրելի խաղընկերուհին: Հազիվ 14-15 տարեկան էր Ավետիքը, երբ նրա մեջ զարթնում է սիրո առաջին զգացմունքը Զարոյի նկատմամբ: Պատահական չէ, որ «Ալագյազի մանիներ» պոեմը նախնական տարբերակում վերնագրված էր «Զարո» , ապա` «Սիրուս գարունը»: Զարոն էլ իր հերթին քնքուշ ու նվիրական զգացումով էր կապված իրենից մի փոքր ավագ ապագա բանաստեղծի հետ և իր զգացումները նրա նկատմամբ արտահայտել է մանկապատանեկան տարիքի գեղջկուհի աղջկա պարզ, անբարբառ հոգածությամբ և միայն հայացքով արտահայտող խոր ու անձնազոհ սիրով: Եվ հենց Ավոյի ու Զարոյի սիրավեպն էլ պոեմի հիմքն է: Հեղինակի առաջին սիրո հիշատակին հավատարմության մասին խոսուն փաստ է այն հանգամանքը, որ նա իր դեռևս 16 տարեկանում մտահղացած պոեմի վրա ևս աշխատեց գրեթե երկուսուկես տասնամյակ: Պոեմը Իսահակյանը վերջնական մշակումից հետո ավարտեց 1917 թվականին Շվեյցարիայում: Պոմում երգից երգ, պատումից պատում ներկայացված է Զարոյի և Ավոյի գողտրիկ սիրո առօրյան` անուրջներով լեցուն, հեքիաթային երազանքներով ու ժողովրդական երգերի ու տաղերի փնջով: Իսահակյանի քնարական, ռոմանտիկ սիրո երկը, աստիճանաբար վերափոխվում է ազգային բանարվեստի, ինքնատիպ ու անկրկնելի տարրերով արտահյուսված քնարէպիկական պատումի:
«Ալագյազի մանիներ» (ի դեպ «մանի» ժողովրդական արտահայտությունը նշանակում է երգ, խաղ, տաղ, բանաստեղծություն) գրվել է իբրև քնարական երգաշար, այնուհետև հեղինակի հետևողական մշակումների հետևանքով, գրքից գիրք վերածվել պոեմի: Այն ի հայտ եկավ դեռևս Իսահակյանի երախայրիքում` առաջին ժողովածուի` «երգեր ու վերքեր» (Թիֆլիս, 1898թ.) մեջ, որի մեջ ընդգրկվել էր «Ալագյազի մանիներից» խորագրով շարքի կտորներ:
Ցավոք, երկու պատանիների գարնան առաջին ծաղկի` ձնծաղիկի նման քնշքուշ ու անապական սերը, այդ ծաղկի նման էլ վաղանցուկ, թաղծոտ ավարտ ունեցավ:
Զարոյի ծնողները, որ բազմազավակ, չքավոր ընտանիքի տեր էին, ցանկացան դեռատի, աչքի ընկնող իրենց գեղեցկուհի աղջկա շնորհիվ փոքր-ինչ կարգավորել իրենց ընտանիքի ապրելակերպը և չմերժեցին հարևան գյուղից հարսնախոսության եկած ունևոր, սակայն բավականին տարիքով փեսացուին:
Իսահակյանի առաջին սերը իր ավարտով շատ հիշեցնում է Ակսել Բակունցի «Միրհավը» պատմվածքի հերոսուհի Լեռնայի ճակատագիրը: Զարոն ևս վախճանվել է առաջնեկի ծննդյան ժամանակ: Սակայն անգամ մահը մոռացնել չի տալիս «Հավերժական սերը» ստեղծագործության հեղինակին իր առաջին անմոռաց սիրո պայծառ հիշատակը:
1920 թվականին Բոստոնում հրատարակված ժողովածուում «Հայրենի աղբյուրից» Իսահակյանն առաջին անգամ տարագրում է որպես առանձին պոեմ «Մանթաշի փերին» վերնագրով «Նվեր Զարոյի անթառամ հիշատակին» ընծայականով: Իսկ իր հուշ-օրագրերում ահա թե ինչ է գրում` «, Զարոյի պատկերը լուսապսակի պես միշտ գլխութ վերևն է»: Սա է պատճառը, որ Զարոն Իսահակյանի պոեզիայի գուցե թե ամենականացի և թախծոտ հերոսուհին է` անարատ, մաքրամաքուր էությամբ, զուլալ անմիջականությամբ և անթերի գեղեցկությամբ:

***


Վարպետը և Շուշիկը Ավետիք Իսահակյանը հայտնի է ոչ միայն թողած հարուստ գրական ժառանգությամբ, այլև բազմահազար սիրային արկածներով: Վարպետի հմայքը ոչ մի կին չէր կարողանում մերժել: Կնամոլի նրա համբավը դուրս էր եկել նույնիսկ Անդրկովկասի սահմաններից: Սակայն Վարպետը կյանքում ունեցել է միայն մեկ մեծ, իսկական սեր, և այն էլ` դժբախտ: Կարելի է ենթադրել, որ բազմահազար կանանց միջոցով Իսահակյանը փորձում էր բուժել խոցը, լրացնել սրտի այն բաց տարածքը, որն առաջացրել էր նրա հեռավոր ազգական Շուշիկը:
Իսահակյանի «Հիշատակարանից» 1891թ., հունիսի 17Կ – ների տանը պատահեցա օր. Շ. – ին. ողջունեցի և նստեցա մոտը. Նա ասեղնագործությամբ էր պարապում. մեր քաղաքի բոլոր աղջիկներից ավելի սա է ինձ գրավում. չափազանց գեղեցիկ է. սև և կլոր աչքերով, վառվռուն և խելոք հայացք, վարդագույն շրթունք, դալկահար դեմք, պարզորոշ ձայն. այո, սա մի հրեշտակ է, մի գերբնական ոգի, մի մագնիս, որ քաշում է դեպի իրեն իմ սիրտն ու հոգին: Ես և նա երկար խոսեցինք առանձին. մաքուր հայերերն էր խոսում, նա երևի ինձ համակրեց. Գոնե համակրանքի ցույցեր էր անում: Նա համակրում էր ճեմարանի շարժումը: Նա կամենում էր Սահականուշյան դպրոցի պես ինձ ստրկացնել յուր ազդեցությանը, բայց չհաջողվեց. Ես գերազանցեցի: Օ~, նա խորամանկ է, փորձող է: Ա~խ, չնաշխարհիկ Շ., դու գերեցիր ինձ…Որքա~ն ես դյուրաթեք, շուտ խաբվող և ընկճվող եմ կուսական սրտի առաջ. ահա իմ բնավորության մի թույլ կողմն էլ… Նա իսկապես մի «ջադու պառավ» է… Նա ինձ գերեց: Իմ սիրտը շատ ընդարձակ տարածություն է. «մեծ է երկինք, մեծ է երկիր, սիրտս մեծ էնո ցանից» . բոլորն էլ կարող են նրա սիրաբողբոջ խորշերում ապաստան գտնել.դու էլ, սիրելի Շ., գրավիր նրա կենտրոնը… 1893թ., մայիսի 18. Ես չեմ ուզում անվանարկել «նրան» . մի՞թե կարող եմ. «նա» իմս է, իմ հրեշտակը…Էլ ոչինչ չեմ գրելու այսօր. միայն «նա» է գրչիս և զգացածիս ու մտածմունքներիս նյութը. «նա» տիրապետել է ինձ ամբողջապես:
Պատմում է Ավետիք Իսահակյանը... «...Շուշիկն իմ հեռավոր ազգականներից էր: Զգացմունքների ամենաջերմ շրջանում մեր մեջ մի դատարկ բանի համար երեք ամիս հարաբերությունների խզում տեղի ունեցավ: Մինչև կվերականգնվեր մեր նախկին ջերմությունը, հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ ես մեկնեցի արտասահման սովորելու. դա 1893 թվականն էր: Դեռ նոր էի եկել Վիեննա և ընդունվել տեղի կայսերական մարդաբանական թանգարան, երբ նամակ ստացա քրոջիցս, որ Շուշիկն ամուսնացել է և իրենք էլ` քույրս ու մայրս, ներկա են եղել նրա հարսանեկան հանդեսին: Այս ծանր լուրը խիստ ազդեց վրաս: Դրա տպավորության տակ նույն օրը գրեցի «Դարդս լացեք» բանաստեղծությունը: Ինձ հոնգուր-հոնգուր լացացնող այդ անսիրտ մարդը հայտնի մանկավարժ Տեր-Միրաքյանն էր, ով նոր էր ավարտել Ենայի համալսարանը և վերադարձել Ալեքսանդրապոլ` պաշտոնավարելու և ամուսնանալու նպատակով: Շուշիկի ծնողները, շլացած այդ երիտասարդի դիրքից ու փայլից, սրտի ու ձեռքի առաջարկը չէին մերժել: Իսկ ես այն ժամանակ չուստերով, խունացած վերնաշապիկով մի տղա էի, ով էի նրա կողքին...Սակայն, արդարացի լինելու համար պետք է նշեմ, որ նա շատ լավ մարդ էր: Հստակ իմանալով նրա կնոջ հանդեպ իմ անհուն սիրո մասին, թույլ էր տալիս մեզ շփվել: Խոստովանեմ` ես ոչ մի դեպքում նման բան թույլ չէի տա: Միգուցե նա համոզված էր, որ Շուշիկը երբեք չի հեռանա նրանից ինձ համար: Այնուամենայնիվ, նրա կողքին իմ մեծ սերն իրեն երջանիկ էր զգում, և ես այլևս ոչ մի բարոյական իրավունք չունեի արտահայտել զգացմունքներս, առավել ևս` որևէ բանի հույս ունենալ: Հետագայում ես էլ ամուսնացա, կարող եմ նույնիսկ ասել, որ երջանիկ էի անձնական կյանքում: Չնայած Շուշիկին այդպես էլ չմոռացա, բայց կինս ինձ շատ է սիրում….»:


Մի քանի նամակներ Ավետիք Իսահակյանի

Նամակ ուղղված Շուշիկին.
1904թ.Նորից վեր եմ առնում գրիչս, թաթախում եմ հիվանդ, արյունոտված սրտիս մեջ և գրում եմ քեզ, Շուշիկ, մի քանի տող, գրում եմ ես` Ավետիք Իսահակյանս: Ինչո՞ւ եմ գրում, ինչ է ստիպում ինձ գրել. – սիրել – ես քեզ չեմ սիրում, ատել – ես քեզ չեմ ատում. Բայց դու իմ հոգում կաս` որպես մի ծանր երազ, որպես մի դժբախտություն, մի մղձավանջ. ես ուզում եմ քեզ հոշոտել, ես ուզում եմ քեզ հազար-հազար անգամ սպանել, սպանել, նորից սպանել, կենդանացնել` նորից սպանել, հավիտյան ապրել և քեզ հավիտյան սպանել, բայց այդ չեմ կարող անել, անզոր եմ, ամբողջ էությունս բարի է… և որ ամենաողբալին է` ես դեռ քու ճիրաններում եմ. ի՞նչ անեմ, ինչպե՞ս ազատվեմ. երբեմն քեզ ատում եմ ծովաչափ, ծովաչափ, և երբեմն սիրում եմ և պատրաստ եմ ոտքերդ համբուրելու, բայց որ հիշում եմ անցյալը, ես մրրիկ եմ դառնում: Դու մի որոնիր այս տողերի մեջ որոշ միտք, որոշ իմաստ. ես գրում եմ համարյա կիսախելագար, և մինչև մահս քեզ էլ ոչ մի տող գրելու չեմ, և աչքերիդ նայելու չեմ:
Դու ասում էիր ինձ, որ ինձ չես սիրել – գիտե՛մ, գիտե՛մ, բայց այդ քեզ իրավունք չէր տալիս, ինձ` երբ ես քու ոտքերի տակ տիեզերական հզոր սիրուցս ստորացած ընկած էի, - ծաղրելու, արհամարհելու, դուրս շպրտելու. չէ որ, Շուշիկ ջան, ես մարդ էի…:
Եթե ամենակատղի թշնամու սիրեի, իմ, դեպի քեզ մրրկող սիրուս մի չնչին մասով, թշնամին ինձ կգրկեր, կգուրգուրեր ու կմղիթարեր, իսկ դո՞ւ, դու գիտերիր իմ դժոխային տանջանքներս, բայց մոտ չեկար, մի անուշ խոսք չասիր…: Դու խափեցիր ջահել սրտիս մեջ դաշույններ` չհանեցիր նրանց, թողիր սրտիս մեջ – մնացին, ժանգոտվան, և արյունովս իմ քայլափոխերս ծածկեցին, բայց դու մնացիր դեպի ինձ միշտ ծաղրող, միշտ անգութ, միշտ անսիրտ…Ես քեզնից էլ սեր չէի ուզում. քեզ տիրել չէի ուզում, բայց քու մեջ մարդ տեսնել կուզեի, և որ` դու իմ մեջ մարդ տեսնեիր…:
Դու ասում էիր ինձ, որ այն ժամանակ ջահել էիր, եվ ուրիշները ներշնչում էին քեզ… բայց, չէ որ ջահելներն ունեն գթառատ սիրտ, բայց մի՞թե դու ջահել էիր, դու հասած էիր և այն էլ շատ զզվելի կերպով, որ առաջին պատահած ամուսնու գիրկն ընկավ:
Շուշիկ, ատելի, սիրելի Շուշիկ, ուրիշ կերպ ես չէի կարող վարվել, ես պիտի քեզ անպատվեի, վայր գցեի, որ կարողանայի ազատվել այդ հրեշային սիրուց, որ ինձ ծծեց, կամ սպանեց ինձ սպանել չուզեցա, որովհետև բնությունն իմ մեջ շատ կյանք և կյանքի ուժ ու սեր է դրել, բայց հայհոյել կարողացա իհարկե, ավելի լավ էր մեռնեի, քան հասնեի այն օրերին, որի իմ դարեր, դարեր պաշտած երազը սրբապղծեի, ոտաց տակ տայի… բայց այդ բոլորի միայնակ մեղավորը դու ես:
Դու մի սոսկավիթխար վերք բացիր հոգուս մեջ, և ոչ մի երկնային դեղով դա չի բժշկվի…Բայց լալիս եմ հիմա, և սրտիցս արյուն է կաթում. գնա, Շուշիկ, Աստված քեզ հետ, ապրիր քու երեխաների համար. ինձ մի անիծիր. իմ անունս երբեք, երբեք մի հիշիր և ոչ մի տեղ, ոչ մի մարդու մոտ. աղաչում եմ քեզ, ինձ թաղիր քեզ համար հավիտյան, ինձ երբեք մի նայիր: Ազնիվ խոսք տուր այդպես վարվելու: Ես թող բոլորովին չեղած, չծնված մարդ լինեմ քեզ համար. հոգիս խոցոտում է, երբ մտածում եմ, որ երբեմն դու կմտաբերես ինձ, պետք չէ հիշել այն տաճարում մի ուրիշ Աստծու անուն, որին այդ տաճարը չի պաշտում, չի «հնազանդվում» , չպետք է այդ տաճարում ուրիշ ձոնի սեղան ու պատկեր դրվի: Քու հոգու տաճարից թող ես լինեմ դուրս` ես օտար, չճանաչված Աստված եմ այդտեղ: ԱՂԱՉՈՒՄ ԵՄ ՔԵԶ…
ԵՍ ԷԼ ԿՎԱՐՎԻՄ ՔԵԶ ՀԵՏ ԱՅԴՊԵՍ:
ԴՈՒ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄԵՌԱ՛Ր, ՄԵՌԱ՛Ր…ԱՐՏԱՍՎԵԼՈՎ ՀԱՄԲՈՒՐՈՒՄ ԵՄ ՔՈՒ ԳԵՐԵԶՄԱՆԸ ԵՎ ՃԱՄՓԱ ԸՆԿՆՈՒՄ ՆՈՐ ԱՍՏՎԱԾ ԳՏՆԵԼՈՒ
Ավետիք 1904թ.

***

Ավետիք Իսահակյանի նամակը Երվանդ Քոչարին

Ստացել եմ քո երկու նամակն էլ և տիկնոջդ փոքրիկ պատկերը, որից կարելի է ենթադրել, որ համակրելի աղջիկ է: Բարով վայելեք միմյանց: Ոչ մի առիթ չունիս հոռի մտածումներ ունենալու իմ չպատասխանելու համար. քեզ առաջվա պես սիրում եմ, միայն ծուլությունն է պատճառը, որ փափագներս չի իրագործվում` նամակներին իսկույն պատասխանելու: Շատ եմ սիրում նամակներ ստանալ, բայց պատասխանելն ուղղակի տաժանք է: Բռնի, զոռով եմ պարապում, այսինքն` «Ուստա Կարոն» գրում, այնքան ստվար գործ է, հազար էջ, այնքան դեմքեր ու դեպքեր կան, որ խճճվել եմ մեջը, դուրս չեմ կարող ելնել: Հիմա էլ Վենետիկի ամառն է` մի սպանիչ, մեղկացուցիչ տաքություն, բաղնի՛ք, որ թմբիր է տալիս թե՛ կամքին, թե՛ մտքին, թե՛ զգացումներին: Հնար չունիմ այս համարից դուրս գալու. սիրտս լեռներ է ուզում, կապույտ ու զով, բայց ո՞վ է տվել մեղավորին արքայություն:
Այո՛, Չարենցը անկեղծ ոգևորված էր «Ուստա Կարոյով», նա ճիշտ ըմբռնեց իմ հղացումը - տալ էպոս, ուր ամեն բան կա մեջը և պիտի լինի ամեն բան, ողջ դարը, մտայնությունը, դասակարգերը, մարդիկ` կենդանի, ռեալ, և մտքերի, գաղափարների հորդ ծով... Խնդիրը հաջողության մեջն է, պիտի հաջողի՞մ այսքան անհնարին ծանրության տակ ձեռք զարկելու: Տեսնենք, ես լավատես եմ:
Չարենցը հետաքրքիր տղա է, և՛ տաղանդավոր է, և՛ զարգացած է, և՛ լավ ընկեր է: Սիրեցի նրան:
Այնպես որ, սիրելիս, ներողամիտ եղիր չպատասխանելու համար. քեզի մոռանալու կամ արհամարհելու նշան չէ դա, բնավ երբեք, այլ ասեցի արդեն. ամենակարևոր նամակներ - հացի հետ կապած, շաբաթներով երեսի վրա են մնում, իմ տարիքիս ու իմ գործիս տեր մարդը պետք է, որ մի քարտուղար ունենա: «Ուստա Կարոն» խեղդում էինձ, ամեն բան ես եմ անում, և արտագրությունը, որ սպանիչ է, նույնպես` ես... և ժամանակ չի մնում նույնիսկ անհրաժեշտ գրքեր կարդալու:
Դու ի՜նչ ջրերի վա ես, կարո՞ղ ես գլուխդ պահել, - այսինքն, ավելի դյուրին կերպով: Կարծում եմ, որ արդեն մի ճամփա բացած կլինես քեզ համար...

Մերոնք լավ են, և հիշում են միշտ քեզ, ինչպես Ժորժի և Մենոյի հետ հանդիպելիս:
Բոլորն էլ ջերմ բարևում են քեզ: Քաջ եղիր, լավ եղիր, առողջ և ուրախ: Սրտագին բարևներ տիկնոջդ:

Համբույրներով, քո` Ավետիք


Հուշեր Ա. Իսահակյանից

«…Վարպետը վախենում էր մահից: Եվ չէր թաքցնում: Ամեն հասակակցի մահ նա ընդունում էր կրկնակի հարվածով: Աբեղյանը մահացավ, և նա վշտացավ ոչ միայն ընկերոջ և մեծագույն հայագետի կորստով, այլև այն պատճառով, որ ընկերոջ մահվան փաստը վկայում էր և իր մահվան մերձավորությունը: Նույնը Մանանդյանի ժամանակ, ինչպես և Աճառյանի մահվան օրերին:

Մի օր ասաց. «Մոտենում է հերթս»:

Ամենից շատ վրան ազդեց Դեմիրճյանի մահը: Դա նույն կսկիծը չէր, ինչ որ մյուսների մահվան ժամանակ: Իսահակյանի և Դեմիրճյանի մտերմությունը հնից էր գալիս, բայց վերջին մի քանի տարին այնքան մտերմացան, ընտելացան այն աստիճան, որ ցավ էին ապրում, երբ մի օր միմյանց չէին տեսնում կամ գոնե հեռախոսով չէին խոսում իրար հետ: Նրանք միմյանցից գաղտնիք չէին պահում:
Դեմիրճյանի մահը կոտրեց նրան, շարքից դուրս եկավ ոչ միայն սերնդակից մի մարդ, ընդհանրապես, արժեքավոր մի անձ մեր մշակույթի համար, այլ մի այնքան մոտ ու հարազատ մարդ, որ լցնում էր նրա շրջապատը և որի կորուստով ամայացավ շուրջը:
Վ արպետի ներկայությամբ խուսափում էինք Դեմիրճյանի մահվան մասին խոսել: … Մի օր ասացի, թե որոշել եմ արտասահման գնալ, շրջել, աշխարհ տեսնել:
Ու սկսեց թվել քաղաքները, որ հնարավոր է շրջել, տեսարժան վայրեր հիշել, բայց մտովին տեղափոխված էր Հունաստան, ուր եղել էր շատ տարիներ առաջ:
- Անպայման կգնաս գերեզմանատուն: Այնտեղ մի շիրիմ կա, վրան մի հսկա բրոնզե ցուլ: Ամերիկացիները իր քաշով մեկ ոսկի էին առաջարկում, հույները չէին տալիս: Գնա տես և ինձ մի լուր բեր, տեղու՞մն է, թե արդեն տարել են:
Հունաստան մեկնելու օրը որոշեցի զանգ տալ:
- Օրհնում եմ ճանապարհդ: … Գաս թե չէ՝ անցիր, չլինի թե ուշանաս: Ուզում եմ իմանալ, թե ինչ ես տեսել: Բրոնզե ցուլը չմոռանաս:
… Վերադարձա հոկտեմբերի 16-ին: Հաջորդ օրը պետք է գնայի մոտը: Եվ ցերեկը քաղաքում տարածվեց Վարպետի մահվան բոթը:
Ստեփան Զորյան


***


Մի անգամ, երբ խոսում էինք շատ կարդալու մասին, Ավ. Իսահակյանը ասաց.
-Եթե ես այսքան տարվա մեջ քիչ բան եմ գրել, պատճառը շատ կարդալս է: Մտքումդ կան հղացումներ, կարդում ես այս-այն գիրքը, հանկարծ տեսնում ես, որր քեզ զբաղեցնող թեման, միտքը շոշափված է ու այլևս չես ուզում գրել քո թեման, գրի առնել քո սյուժեն: Տեսնում ես կուսությունը խախտվեց, հրաժարվում ես անգամ դրա մասին մտածելուց: Մինչդեռ մարդ ոգևորվում է այն ժամանակ, երբ կարծում է, թե իր նյութով նորություն է ասելու… Հետո. կարդացածդ գիրքը երբեմն այնպես է կլանում քեզ իր թեմայով ու արծարծած խնդիրներով, որ չի թողնում մտածես, խորանաս քո հղացումների մեջ: Դրա համար էլ, մտածել եմ հաճախ, որ լավ է գրողը հղացումը հասունացնելու շրջանում ոչինչ չկարդա, որպեսզի չցրվի և խորանա իր նյութի մեջ: "Աբու-Լալան" գրել եմ այդպես’ գյուղում, գրքերից կտրված, մտքով Արաբիայի
Անապատը տեղափոխված:
-Թերևս դա ճիշտ է, - ասացի ես’ բերելով Դոստոևսկու և հատկապես’ Բայրոնի օրինակը, որ վեց ամիս շրջագայում էր, վեց ամիս փակվում’ գրելու համար:
Ստեփան Զորյան


***


Երկար տարիներ բացակայելուց հետո Ավետիք Իսահակյանը այցի է գալիս հայրենի Գյումրի քաղաքը: Մի օր հանդիպում է սիրած աղջկան՝Շուշիկին, որին վաղուց չէր տեսել: Կարոտակեզ սիրահարները որոշում են զբոսանքի գնալ քաղաքից դուրս: Վարպետը դիմում է քաղաքի նշանավոր կառապան Վեսյոլի Վարդանին և խնդրում է, որ իրենց տանի քաղաքից դուրս՝ շրջագայության: Վարդանը սիրով համաձայնում է և կառքը քշում սարն ի վեր՝դեպի Արագած լեռան փեշերը: Քաղաքից դուրս գալու ժամանակ Վարպետը ծածուկ կառապանին հասկացնում է, որ երբ հասնեն մոտակա բլուրները, մի հարմար պահի այնպես անի, թե իբր ձեռքի կնուտը//մտրակ// վայր է ընկել ու իրենց մենակ թողնի կառքի մեջ: Վեսյոլի Վարդանին էլ էտ էր պետք: Երբ կառքը սուրում է բլուրների մոտով, ու ճանապարհը խորդուբորդ էր, Վարդանը թե՝ վա՜յ Ավո՛ ջան, կներես, կնուտը ձեռքիցս վայր է ընկել, իջնեմ ման գամ: Վարդանն իջնում է, ջահել սիրահարներն իրենց ազատ զգալով հրճվում, ուրախանում են, իսկ Վեսյոլի Վարդանը, երկար ու բարակ ման գալով կնուտը, գտնել չի կարողանում....
Տարիներ անց Իսահակյանը կրկին Թիֆլիսից գալիս է հայրենի քաղաք, բայց այս անգամ արդեն իր տիկնոջ՝Սոֆիկի հետ: Այնպես է լինում, որ բանաստեղծը որոշում է զբոսանքի դուրս ելնել իր ծանոթ, բայց արդեն ծերացած կառապանի կառքով: Երբ մի փոքր քաղաքից հեռանում են, Վեսյոլի Վարդանը հիշում է տասնամյակներ առաջ Ավոյի ապսպրանքը//հանձնարարություն// և դառնալով նրան՝ ասում՝ հը՞, ի՞նչ կըսես, կնուտը գցե՞մ:
Իսահակյանը թե՝Վարդան ջան, իզուր նեղություն մի՛ կրե, կողքիս կինս է:


Ա. Իսահակյանի թաղումը

Հոկտեմբերի 21-ին Իսահակյանի դագաղը դրվեց Հայֆիլհարմոնիայի համերգային փոքր դահլիճում: Պատվո պահակ կանգնեցին ՀԽՍՀ Մինիստրների սովետի առաջին տեղակալ Հ. Հովհաննիսյանը, ՀԿԿ Երևանի քաղկոմի քարտուղար Գ. Արզումանյանը, Մ. Սարյանը, Ս. Զորյանը, Գ. Սարյանը, Գ. Մահարին, Հ. Շիրազը, Մ. Արմենը, Ս. Կապուտիկյանը, Գ. Էմինը եւ ուրիշներ:

Իսահակյանի թաղումը տեղի ունեցավ հոկտեմբերի 22-ին: Սգո թափորը Աբովյան փողոցով, Լենինի հրապարակով անցավ Շահումյան փողոցը, ապա Կարմիր բանակի փողոցով շարժվեց դեպի Կոմիտասի անվան զբոսայգի՝ հին Պանթեոն: Չնայած աշնանային անձրևին, մարդկանց բազմությունը գնալով ստվարանում էր:


Սգո միտինգը բացեց Հր. Հովհաննիսյանը: Այնուհետև հրաժեշտի խոսք ասացին ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Ս. Թովմասյանը, գրող Ստ. Զորյանը, Դ. Գրանինը (ԽՍՀՄ Գրողների միության վարչության անունից), Լ. Քոչարյանը (Լենինականի քաղխորհրդի գործկոմի նախագահ), Բ. Ժղետնին (Վրաստանի գրողների անունից), ակադեմիկոս Մայսկին (ԽՍՀՄ ԳԱ անունից), Գ. Ծերեթելին (Վրաստանի ԳԱ անունից), Մ. Ռահիմը (Ադրբեջանի գրողների միության անունից), Հայաստանի մտավորականների եւ ԳԱ բոլոր աշխատողների անունից ՀԽՍՀ ԳԱ պրեզիդենտ, ակադեմիկոս Վ. Համբարձումյանը, որ մասնավորապես ասաց. «…Մեզ հետ է մնում, մեր մեջ է մնում մեծ բանաստեղծը, կենդանի Վարպետը, նրա կատարած գործը… Որպես իսկական հայրենասեր, նա ցանկանում էր և պահանջում, որ Հայաստանի գիտնականները որքան կարելի է մեծ բաժին ունենան ժամանակակից գիտության զարգացման գործում… Նա հրճվում էր, երբ տեսնում էր մեր առաջին հաջողություններն այդ ուղղությամբ… Կարծես նրա հայացքը միշտ ուղղված էր դեպի ապագան…» (Սովետական Հայաստան, 23 հոկտեմբերի 1957):
Սգո հավաքի ավարտին Հայաստանի ԽՍՀՄ Պետական օրհներգի հնչյունների ներքո մեծ գրողի ու հայրենասերի աճյունը հանձնվեց հողին: Հարյուրավոր պսակներից ու ծաղիկներից մի թարմ շիրիմ գոյացավ պանթեոնում՝ Ավետիք Իսահակյանի շիրիմը:
Իսահակյանի կյանքի մայրամուտը հարազատ ժողովրդի կողքին էր: Հայ նոր սերնդի համար նա եղել է ճշմարտության փարոս, հայրենասիրական վեհ գաղափարների պահապան ու ջատագով: Հայության բոլոր վիշտերն ու երազանքները խտացած էին նրա մեջ: Եվ նա երբեք չհաշտվեց Հայկական հարցի ներկա վիճակի հետ, ըստ որի` Հայկական հարցն «սպառել էր» իրեն ու «ավարտվել»: Եվ ժամանակը ցոյց տվեց, որ իրավացի էր բանաստեղծը, որի վերջին ցանկությունը եղավ. «Ապրէի` Անին տեսնէի, մեռնէի` Սևանը չորացած չտեսնէի»:


Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13138 | 0
01:01, 08.12.2017
30002 | 0
23:45, 27.08.2017
21791 | 0
դեպի վեր