ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +20 °C Վաղը`+21 °C
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆԱԿԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՄԻ ՇԱՐՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ
18:42, 18.04.2012
7356 | 0

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ընդունելության միասնական քննությունների հիմնական փուլը կմեկնարկի հունիսի 1-ից, իսկ լրացուցիչ փուլը կանցկացվի հուլիսի 2-8-ը: Ինչպես ապրիլի 17-ին «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ նշեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը, գրավոր քննություններին զուգահեռ հունիսի 25-ից կսկսվեն բանավոր կենտրոնացված եւ ներբուհական քննությունները, որոնք կշարունակվեն մինչեւ հուլիսի 8-ը:
ՀՀ կառավարության աշխատակազմի Գնահատման եւ թեստավորման կենտրոնի Մշակումների եւ կազմակերպական բաժնի պետ Կարո Նասիբյանը նշեց, որ քննական կարգում գրանցվել է եւս մեկ փոփոխություն, որը կապված է ընդունված դիմորդների անունների ցուցակների փակցման ժամանակահատվածի հետ: «Եթե նախկինում ցուցակները փակցվում էին օգոստոսի 5-ին, այս անգամ դրանք պատրաստ կլինեն հուլիսի 15-ին»,- ասաց Գայանե Մանուկյանը` հավելելով, որ սա նշանակում է, որ այն դիմորդները, ովքեր զինակոչային տարիքի են, կհասցնեն ընդունվել իրենց մասնագիտություններով բուհեր:
Եվս մեկ փոփոխություն է կատարվել «Օտար լեզուներ»-ի քննությունների ցանկում: ՀՀ կառավարության կողմից հաստատված քննությունների ցանկում մյուս օտար լեզուների կողքին ավելացել է նաեւ «Ռուսաց լեզու»-ն: Նախկինում «Օտար լեզու» ընդհանուր անվանումը կրող քննությունների ցանկում ընդգրկված էին «Անգլերեն»-ը, «Գերմաներեն»-ը, «Ֆրանսերեն»-ը, «Իսպաներեն»-ը եւ «Իտալերեն»-ը, «Ռուսաց լեզու»-ն այդ թվում չէր: Այժմ դիմորդը եթե ցանկանում է ընդունվել Իրավագիտության ֆակուլտետ, «Անգլերեն»-ի փոխարեն կարող է հանձնել «Ռուսաց լեզվի» քննություն:
Առաջին փուլում քննություններ կհանձնեն ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների այս եւ նախորդ տարիների շրջանավարտները: Օտարերկրյա քաղաքացիները, օտարերկրյա ուսումնական հաստատություններում սովորող ՀՀ քաղաքացիները, բանակից գարնանը զորացրվածները քննություն կհանձնեն լրացուցիչ փուլում:

http://armenpress.am/arm/news/688201/hayastanum-yndunelutyan-qnnakan-kargum-mi-sharq-popokhutyunner.html


Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Գնահատման և թեստավորման կենտրոն (ԳԹԿ)
14:02, 17.05.2012
6520 | 0
դեպի վեր