ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +19 °C Վաղը`+18 °C
ՍՏԵՓԱՆՈՍ Գ ՍԵՎԱՆՑԻ ԿԱԹՈՂԻԿՈՍ (969 – 972)
17:02, 09.04.2014
2375 | 0
Հայոց կաթողիկոս 969–ից: Հաջորդել է Վահան Ա Սյունեցուն: Ծն. թ. և վայրը անհտ., մահացել է 972–ին Վասպուրականի Տոսպ գավառի Կոտորոց բերդում: Նախապես Սևանի վանքի վանահայր, եղել է առաքինի և խաղաղասեր անձնավորություն: Վահան Ա Սյունեցի կաթողիկոսի հարցը քննելու համար 969–ին Աշոտ lll Ողորմածի հրամանով Անիում ժողով է գումարվում: Որոշվում է կարգալույծ անել Վահան Ա Սյունեցի կաթողիկոսին և կաթողիկոս նշանակել Սևանի վանքի վանահայր Ստեփանոս Սևանցուն: Ստեփանոս Սևանցու մասին հիշատակվում է, թե, «հարազատ արեան սրբոց առեն Աստուծոյ Մաշտոցի»: Այս ամենը վկայում է, որ ընտրության համար նշանակություն է ունեցել նրա արյունակցական կապը: Սակայն կաթողիկոսական նոր ընտրությունն ակնկալվող արդյունքը չունեցավ: Վասպուրականի թագավոր Աբուսահլ–Համազասպը ստանձնեց Վահան Ա Սյունեցի գահընկեց կաթողիկոսի պաշտպանությունը: Վերջինս նզովեց Ստեփանոս Գ Սևանցուն, Աշոտ lll թագավորին և ժողովի մյուս մասնակիցներին: Ստեփանոս Գ Սևանցին էլ իր հերթին նրան նզովեց և այսպես «յերկոցունց կողմանց նզովիւք լցին զաշխարհս Հայոց»: Այսպիսի շփոթ կացության մեջ հնարավոր չէր օրինավոր հայրապետական գործունեություն ծավալել: Գրեթե անշուք է անցել նրա կաթողիկոսության ժամանակաշրջանը: Ստեփանոս Գ Սևանցու մասին ասվում է, որ հովվում էր «զարեւելեաց կողմն Հայոց», ինչը ցույց է տալիս, որ վերջինիս կաթողիկոսությունը պարփակվում էր միայն Այրարատի մեջ: Շուտով գումարվեց Անիի երկրորդ` 971–ի ժողովը, որը պետք է լուծեր կուտակված մի քանի կնճռոտ խնդիրներ: Այդ ժողովին մասնակցել են ոչ միայն Այրարատի և Սյունիքի, այլև Հայաստանի այլ գավառների եպիսկոպոսներն ու վարդապետները, որոնք չէին ենթարկվում մրցակից Հայոց կաթողիկոսներին և հաշտարարի դեր էին կատարում: Ցանկանալով վերջ դնել պառակտմանն ու հայրապետության բաժանմանը` Ստեփանոս Գ Սևանցին խոնարհամիտ և խաղաղասեր առաքելությամբ, Մովսես և Բաբկեն վարդապետների հետ մեկնեց Աղթամար` Վահան Ա Սյունեցու և Վասպուրականի թագավորի հետ բանակցելու: Սակայն վերջիններս, չցանկանալով բանակցել, հրամայեցին Ստեփանոս Գ Սևանցուն և երկու վարդապետներին բանտարկել Աղթամար կղզում: Որոշ ժամանակ անց վարդապետներն ազատ են արձակվում, իսկ Ստեփանոս Գ Սևանցի կաթողիկոսը փոխադրվում է Կոտորոց բերդ, որտեղ էլ 972–ին կնքում իր մահկանացուն: Կաթողիկոսական գահին Ստեփանոս Գ Սևանցուն հաջորդել է Խաչիկ Ա Արշարունեցին:
Մամուլի խոսնակ` †ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
18:43, 25.07.2014
8250 | 0
18:21, 25.07.2014
6125 | 0
դեպի վեր