ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +12 °C ... +19 °C Վաղը`+22 °C
Լեռ Կամսար, «Հալոցք»
13:18, 13.04.2014
2593 | 0

Գիշերս թուրք կառավարությունը կանչեց, թե՝ ձեր ամայի երկիրը վերադարձնում եմ ձեզ։ Գնա հայ հավաքիր, եկ Հայաստան կազմիր։
Ես շատ դես ընկա, շատ դենն ընկա, վերջապես ճարեցի մի չորս հայ. մեկը հնչակ, մեկը դաշնակ, մեկը ռամկավար, չորրորդն էլ բոլշևիկ։
Բայց դե՝ չորս հոգով ազգ չի կազմվի, չէ՞։
Ուստի դարձա այս չորսին, ասացի.
- Դուք այստեղ հանգիստ կացեք, ես գնամ աշխարհը ման գամ, մի երկու հայ էլ ճարեմ։
Աշխարհի որ քունջը նայեցի՝ էլ հայ չգտա։ Վերադարձա եկածս ճանապարհով ու ասացի ինքս ինձ.
«Ոչի՛նչ, կերթամ այն չորսին կպսակեմ, թող բազմանան, ազգ կազմեն» ։
Եկա՝ ի՞նչ տեսնեմ. ոչ մի կենդանի մարդ, բոլորն իրար կոտորել են, պառկել։
Գնացի թուրքին ասացի՝ հավաքածս հայերն իրար կոտորեցին, ու աշխարհում էլ հայ չկա, առ քո տված երկիրը։
- Հը՜, տեսնո՞ւմ եք. ընդամենը չորս հայ կար՝ իրար չհանդուրժեցին՝ կոտորեցին, բա ես ինչպե՞ս հանդուրժեի ամբողջ միլիոնուկես հայությունը։
Ձեռքս էլ բռնել էի նոր լույս տեսած Ստեփան Զորյանի «Հայոց բերդը» ։ Այս լսելով՝ անմիջապես թաքցրի փեշիս տակ, որ թուրքը չառնի, կարդա հանկարծ։ Եթե կարդար և տեսներ, թե Արշակ Երկրորդի ժամանակ հայ նախարարները ինչպես էին իրար կոտորում, այն ժամանակ իր հայկական կոտորածները կսկսեր ոչ թե 1915 թվականից, այլ չորրորդ դարից ու այլևս հայ չէր թողնի աշխարհում։
Այո՛, կկոտորեր ու մի կողմից էլ միննեթ կբառնար վրանիս, թե՝ ազատեցի ձեզ ինքնիրեննիդ կոտորելու դժվարությունից...
Ա՜խ, երազնե՜ր, երազնե՜ր, որ տանջում եք ինձ ամեն գիշեր... Ասեմ ի միջի այլոց, որ ես երազներումս մեծ մասամբ սովետական բանտում եմ լինում։ Կամերայից հանվում եմ բակ՝ ծեծվում, նորից ներս եմ տարվում կիսամեռ։ Կիսամեռ, որովհետև չեմ ստորագրում թե՝ «ես կազմակերպում էի Ստալինի դեմ մահափորձ» . եթե այս թղթի տակ ստորագրեի, կամերա կփոխադրվեի ոչ թե կիսամեռ, այլ ամբողջովին մեռած։ Մեռած՝ «վերջին դատաստանին» անգամ հարություն առնելու հույսից զրկված։
Այս է պատճառը, որ ես աչքս փակելիս թուղթ ու թանաք չեմ վերցնում հետս, որ ոչ գրեմ, ոչ նման թղթեր ստորագրեմ։ Գերադասում եմ կիսամեռ ապրել, քան ապրել իսպառ մեռած...
Լեռ Կամսար «Հալոցք», 1960թ.




Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր Գրական էջ
03:29, 22.12.2017
13144 | 0
01:01, 08.12.2017
30005 | 0
23:45, 27.08.2017
21801 | 0
դեպի վեր