ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+22 °C
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐ. ՊԵՏՐՈՍ Ա ԳԵՏԱԴԱՐՁ (1019 – 1058)
17:37, 15.04.2014
11297 | 0
Հայոց կաթողիկոս է դարձել 1019 թ.-ից` հաջորդելով Սարգիս Ա Սևանցուն:
Մահացել է 1058թ.-ին Սեբաստիայում` ամփոփվելով Սեբաստիայի Ս. Նշան
վանքի բակում:
Կաթողիկոս է օծվել իր նախորդի` Սարգիս Ա Սևանցու ձեռքով: Գրիգոր Լուսավորչի օրոք կաթողիկոս դարձած նրա որդի Արիստակեսից հետո այս երկրորդ դեպքն էր, երբ կաթողիկոսի կենդանության ժամանակ նրա համաձայնությամբ կաթողիկոսական աթոռը տրվում էր իր հաջորդին:
Պետրոս Ա Գետադարձի կաթողիկոսության սկիզբը համընկել է Անիի Բագրատունյաց թագավորության ճգնաժամի հետ, երբ Հայոց Գագիկ l թագավորի մահից հետո նրա երկու որդիների` Հովհաննես Սմբատի և Աշոտի միջև գահակալական կռիվներ են ծագել: Թեև այդ վեճը կաթողիկոսի և իշխանների միջնորդությամբ 1021 թ.-ին հարթվել է, բայց երկիրը կրկին մասնատվել է: Անին շրջակայքով անցել է ավագին` Հովհաննես Uմբատին, իսկ թագավորության մնացած մասը` Աշոտ lV–ին:
1022 թ.-ին Հովհաննես Սմբատը, Պետրոս Ա Գետադարձին որպես բանագնաց, ուղարկել է Տրապիզոն Վասիլ ll կայսեր մոտ` հարթելու համար կայսրության հետ սրված հարաբերությունները: Թագավորի պատվերով կաթողիկոսը կայսեր հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն Հովհաննես Uմբատի մահից հետո Անիի թագավորությունն անցնելու էր կայսրությանը:
1022թ.-ի հունվարի 6-ին` Աստվածահայտնության տոնի օրը, Պետրոս Ա Գետադարձը Տրապիզոնում Վասիլ կայսեր ներկայությամբ կատարում է ջրօրհնեքի արարողություն, որի հանդիսավորության չափազանցված արձագանքները հետագայում ծնունդ են տվել կաթողիկոսի մականվանը:
Ջրօրհնեք կատարող հայ հոգևորականները կաթողիկոսի գլխավորությամբ կանգնած էին գետի հոսանքի վերին մասում, իսկ հույն հոգևորականները` ստորին, որպեսզի ըստ կազմակերպիչների մտահղացման, վերստին օրհնեն հայերի օրհնած ջուրը: Այս է պատճառը, որ դրանից որոշ ժամանակ անց հույների հետ ծագած դավանաբանական սուր վեճերի մթնոլորտում ծնունդ առավ այն ավանդությունը, թե ՊետրոսԱ Գետադարձի կատարած ջրօրհնեքից հետո գետի հոսանքը կանգ է առել (այսինքն` չի հասել հույներին):
Այստեղից էլ առաջացել է «Գետադարձ» մականունը, որը կաթողիկոսին
տրվել է նրա մահից շատ ժամանակ անց:
1022 թ.-ի Տրապիզոնի պայմանագիրն Անիում մեծ զայրույթ է առաջացրել և Պետրոս Ա Գետադարձն ստիպված է եղել չորս տարի մայրաքաղաք չվերադառնալ ու մնալ Սեբաստիայում:
1033 թ.-ին տեղի է ունենում արևի խավարում, որով նշանավորվում է Քրիստոսի խաչելության հազարամյակը, և որը մեծ ազդեցություն է ունենում ժամանակակիցների վրա: Թագավորն ու կաթողիկոսը, երկրի մյուս մեծամեծերն Անիից հատուկ պատվիրակություն են ուղարկում մեծահռչակ Հովհաննես Կոզեռն վարդապետի մոտ` կատարածի մեկնաբանությունն իմանալու համար: Վերջինս կանխատեսում է մոտալուտ բազում դժբախտություններ` որպես հետևանք բարքերի համընդհանուր անկման ու ամբարիշտության` քննադատելով անգամ եկեղեցու առաջնորդներին: Դրանից հետո նույն թվականին Պետրոս Ա Գետադարձը ծածուկ կերպով թողնում է Անիի իր աթոռը և տեղափոխվում կայսրության տիրապետության տակ անցած
Վասպուրականի Ձորովանք` այստեղ մնալով շուրջ չորս տարի: Հովհաննես Uմբատ թագավորն ու ավագանին վերադարձի պահանջով բազմիցս դիմում են նրան, բայց ապարդյուն:
Նույն տարվա վերջերին մայրաքաղաքում գումարվում է եկեղեցական ժողով, որը Պետրոս Ա Գետադարձին համարում է աթոռանկ և կաթողիկոս է ձեռնադրում Սանահինի վանքի առաջորդ Դիոսկորոս վարդապետ Սանահնեցուն: Այս որոշման կայացման համար Պետրոս Ա Գետադարձի դեմ արված մեղադրանքները պետք է որ գրավոր եղած լինեն (թեև ստույգ հայտնի չէ, թե որոնք էին այդ մեղադրանքները), բայց վճռորոշ էր նաև Հովհաննես-Uմբատի դիրքորոշումը, որը, գժտված լինելով կաթողիկոսի հետ, փորձեց նման ձևով հաշվեհարդար տեսնել նրա հետ: Սակայն հայ ավանդապահ հոգևորականությունը չհանդուրժեց աշխարհիկ իշխանության նմանօրինակ միջամտությունը եկեղեցու գործերին և դեմ դուրս եկավ Անիում կայացված որոշման դեմ:
Մեկ տարի և երկու ամիս աթոռակալելուց հետո Դիոսկորոսն աթոռանկ է
արվում, վերադարձվում Սանահին, և կաթողիկոսական աթոռին 1038 թ.-ի
վերջերին վերականգնվում է Պետրոս Ա Գետադարձը:
Թագավորության անկումից հետո բյուզանդացիները կատարում են զավթողական հաջորդ քայլը. 1046 թ.-ին Անիից հեռացնում են Պետրոս Ա Գետադարձին և իրենց հետագա տիրապետության ընթացքում երբեք թույլ չեն տալիս Հայոց կաթողիկոսներից որևէ մեկին վերադառնալ նախկին մայրաքաղաք: Կայսրությունը, փաստորեն, լուծարում է Անիի կաթողիկոսարանը:
Կյանքի վերջին տարիներին Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսը, տեսնելով, որ Բագրատունյաց թագավորության վերացումից հետո հույներն անթաքույց պայքար են ծավալել Հայ եկեղեցու ու նրա կենտրոնի` կաթողիկոսական աթոռի դեմ, վերանայել է իր նախկին քաղաքական բյուզանդամետ կողմնորոշումը: Նրա պատվերով այդ տարիներին Անանիա վարդապետ Սանահնեցին գրել է «Բան հակաճառութեան ընդդէմ երկաբնակաց» երկը` նպատակ ունենալով զորացնել Հայ եկեղեցու գաղափարական, դավանաμանական ոգին` ընդդեմ բյուզանդական նկըրտումների: Պետրոս Ա Գետադարձի պատվերով Անանիա Սանահնեցին կազմել է նաև Պողոս առաքյալի թղթերի մեկնությունը, իսկ Հովհաննես Կոզեռնը գրել է Բագրատունյաց տան պատմությունը (չի պահպանվել):
Գրիգոր Մագիստրոս Պահլավունու` Պետրոս Ա Գետադարձին հասցեագրված բազմաթիվ նամակներից երևում է, որ կաթողիկոսը ժամանակի ամենազարգացած և ուսյալ անձնավորություններից էր: Միաժամանակ հայ պատմիչները նշել են նաև նրա փառասիրությունն ու արծաթասիրությունը, ինչի համար պարսավանքի է ենթարկվել դեռ կենդանության օրոք:
Կաթողիկոսական գահին Պետրոս Ա Գետադարձին հաջորդել է Խաչիկ Բ Անեցին:


Աղբյուրը` Ամենայն Հայոց Կաթողիկոսներ հանրագիտարան, Ս. Էջմիածին, 2008
Մամուլի խոսնակ` †ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
†ՀԱՎԱՏԱՄՔ† ԿԵՆՏՐՈՆ
18:43, 25.07.2014
8247 | 0
18:21, 25.07.2014
6122 | 0
դեպի վեր