ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +9 °C ... +20 °C Վաղը`+22 °C
ՈՒՐ ԳՆԱՑԻՆ ՏԱՐԻՆԵՐՆ ԱՅՆ
22:01, 20.12.2012
4171 | 0

«Պատերազմը ավարտվե՜ց, տղերքը հաղթեցի՜ն», երբ հեռուստացույցի դիմաց նստած պապս գոռաց ու ձեռնափայտը մոռացած վեր կացավ ու սկսեց պարել, մի կողմ թողնելով հոգս, ցավ, ծերություն: Դեռ օրորոցում այդ պարի մեջ ես տեսա հայրենին: Հետո պետք է հասկանայի թե որքան մեծ է հայրենիքը որ կարողանում է տեղավորվել մեկ մարդու սրտում անգամ: Տղերքի համար գուլպա գործող տատս ուրախությունից արտասվեց, հանեց թաշկինակն ու սկսեց սրբել արցունքները: Օրորոցիս մոտ մայրս աղոթեց, չգիտեմ իմ, հայրենիքի, թե այն տղերքի համար, ովքեր եղան առաջամարտիկները, անկախության կերտման ճանապարհին: Երեկոյան տուն վերադարձավ հայրս ընկերների հետ, բաժակները բարձրացան, նրանք խմում էին անուն առ անուն հիշելով բոլոր ֆիդայիններին: Չգիտեմ ինչ գույն ուներ այդ երեկոն: Մեր տան ամեն անկյունից, պատուհանից, դռնից կարծես ներս էր մտնում հայրենին և պարում մերոնց հետ: Տարիներ էին, երբ հայը միասնական էր, երբ դիմացինին օգնելու, կարեկցելու կամքը կար, ապրում էր յուրաքանչյուր տան մեջ յուրաքանչյուրի սրտում:

Ինչ իմանայի որ հետո պետք է գային իրար քցող, աշխատավորի քրտինքը գողացող մի քանիսը, և բազմելով վերևներում զբաղվեին գրպանահատությամբ միայն: Ով կարող էր պատկերացնել, որ երբեմնի միասնությունը գլխի վրա շուռ կգար, վերածվելով պառակտվածության, ուր յուրաքանչյուրն իր պատառը փախցնելու համար, պետք է թալաներ սեփական երկիրն ու ժողովրդին:

Քաղաքականությունը անբարոյականություն չէ, սակայն երբ հարյուրավոր անբարոյականներ մտնում են քաղաքականություն և սկսում ցեխոտ ոտքերով տրորել այն, ոմանց համար քաղաքականությունը դառնում է անբարոյականություն, իսկ վայ քաղաքական գործիչների ելույթները վերածվում են մեկ դերասանի թատրոնի, ով բեմից փորձում է անել հնարավորը, որպեսզի իր կերտած կերպարը դուր գա հանդիսատեսին: Ցավոք այդպիսի օրերի վկան ենք մենք այսօր:

Երբ փոքր էի, պապիս խոստացել էի, որ կգնամ և հետագա հաղթանակների լուրը կավետեմ նրա շիրիմին:

Հիմա երբ այցի եմ գնում պապիս շիրմին, լուռ կանգնում եմ գլխիկոր, ասելու ոչ մի բառ չունենալով: Չեմ ուզում խաբել պապիս, իսկ իրականության մասին նախնյաց շիրիմների մոտ խոսելուց, ամաչում եմ ուղղակի: Ու լռությունը բաժանում է մեզ: Վերադառնում եմ տուն: Փողոցում ինձ հանդիպող երիտասարդների աչքերում, տեսնում եմ թաքնված մի հպարտություն և կամք՝ սեփական երկրում տիրոջ իրավունքով ապրելու: Համոզվում եմ, որ մի օր գնալու եմ և հպարտորեն խոստովանեմ պապիս իրականությունը, երբ փարիսեցիներն արդեն հեռացած կլինեն…

Հեղինակ` Ռազմիկ
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ռազմիկ
16:00, 27.05.2013
4094 | 0
23:41, 21.05.2013
5361 | 0
18:54, 15.03.2013
6036 | 0
23:18, 07.02.2013
4139 | 0
02:32, 18.12.2012
13535 | 0
դեպի վեր