ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Վաղը`+27 °C
«Կիսաբաց լուսամուտների ավան». Հրաչ Մուրադյանը՝ նոր նախագծի, «6-րդ զգայարան»-ի ու իրեն ծեծի ենթարկելու լուրերի մասին
14:43, 11.03.2016
2956 | 0

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է հաղորդավար, պրոդյուսեր Հրաչ Մուրադյանը: Մեզ հետ զրույցում Հրաչն անդրադարձել է «Աբելի քույրը» հեռուստասերիալին, «6-րդ զգայարանի» հետագա ճակատագրին եւ այդ հաղորդման վերաբերյալ հոգեւորականների խնդրանք-պահանջին, ինչպես նաեւ վերջին օրերին իր մասնակցությամբ մեծ աղմուկ բարձրացրած տեսանյութին, ըստ որի իրեն ծեծի են ենթարկել:

-Հրաչ, արդեն մի քանի օր է, ինչ, հայկական հեռուստասերիալներին միացել է եւս մեկը, որի պրոդյուսերությամբ դուք եք զբաղվելու: Իհարկե, արդյունքների մասին խոսելը դեռ շատ վաղ է, բայց հետաքրքիր է, թե այս մի քանի օրվա ընթացքում ի՞նչ արձագանքներ են հասել Ձեզ:

- Ինձ հասած արձագանքները միայն դրական են եղել, դրանք ինձ համար ոգեւորեցնող են եւ ոչ թե կաշկանդող, ինչպես սովորաբար ընդունված է: Ինձ ուրախացնում է նաեւ «Աբելի քույրը» հեռուստասերիալի կազմած վարկանիշը, ինչը տեսնում եմ հեռուստատեսային վարկանիշային սանդղակում, առաջին երկու սերիաների ընթացքում պարզ դարձավ, որ այս սերիալով մարդիկ հետաքրքրված են, իսկ գլխավոր իրադարձությունները դեռ առջեւում են:

- «Աբելի քույրը» ինչո՞վ է առանձնանալու հայկական արտադրության սերիալային բազմազանության մեջ:

-Որպես պրոդյուսեր՝ ես պատասխանատու եմ ամեն ինչի համար: Նախ փորձել եմ աշխատանքային պրոցեսը կազմակերպել այն սկզբունքով, ինչը ճիշտ եմ համարում, դրանք միջազգային ընդունված կանոններին համապատասխան են, որպեսզի ներգրավված ողջ անձնակազմն իրենց լավ զգան ու դրա հետ մեկտեղ բարձր պահեն ստեղծագործական որակը: Սա նոր նախագիծ է, ինչն իրենից մի փոքր ավելի ջանք ու եռանդ է պահանջում, ինչի մեջ էլ այս պահին գտնվում է մեր ողջ անձնակազմը: Մենք բոլորս միահամուռ փորձում ենք ստանալ նոր որակի, սցենարական լուծումներով նոր, ամենակարեւորը կառուցվածքային աշխատանք:

-Հեռուստասերիալում գլխավոր հերոսուհու կերպարում տեսնում ենք երգչուհի Նարինե Դովլաթյանին, միաժամանակ չենք կարող չնկատել, որ սերիալներում ու սիթքոմներում շատ հաճախ կարող ենք տեսնել երգիչ-երգչուհիների որպես դերասաններ: Նարինեին որպես դերասանուհի ընդգրկելու գաղափարն ո՞ւմն էր, այս պարագայում գործե՞լ է հեշտ ճանապարհով վարկանիշ ապահովելու միտումը:

- Նարինեին առաջնահերթ տեսել եմ հենց կերպարում: Եթե միայն վարկանիշի վրա շեշտը դնեինք, մենք կարող էինք սիրված երգչուհիների շարքից այլ թեկնածուներ էլ ունենալ: Մեզ համար Նարինեի ով լինելու փաստը չի գործել: Դերասաններին ընտրելիս շեշտը դրել ենք մասնագիտական որակների եւ տաղանդի վրա:

-Որպես պրոդյուսեր սա Ձեր առաջին աշխատանքը չէ, բայց առաջինն է սերիալային ֆորմատում. տարբերությունը մե՞ծ է հաղորդման կամ սերիալի պրոդյուսեր լինելու միջեւ, դժվարություններն ու առանձնահատկությունները կնշե՞ք:

- Սա մի կողմից հեշտ, մյուս կողմից դժվար աշխատանք է, քանի որ մինչեւ այս սերիալը, իմ իրականացրած նախագծերը նախադեպը չեն ունեցել գոնե հայկական շուկայում: Դրանց միջոցով ես ունեմ որոշակի հարթած ճանապարհ, սերիալով էլ զբաղվելիս կային տարբերակներ, որոնցից ոչ մեկը ես չեմ ընտրել, այլ արել եմ այն, ինչ հեռուստատեսային փորձս հաշվի առնելով ճիշտ եմ համարել: Ճիշտ է՝ ես նոր հեծանիվ չեմ հնարել, բայց իմ արտադրության կանոններին փորձում ենք հնարավորինս մոտ լինել, որոնք կապ չունեն հայկական ստանդարտների հետ:

-Հրաչ, չեմ կարող չանդրադառնալ «6-րդ զգայարան» հաղորդամանը, քանի որ հաղորդման ստեղծման օրվանից մինչեւ վերջերս բացասական կարծիքները կարծես թե շատ էին: Վերջերս էլ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատու ՏերՎահրամ քահանա Մելիքյանը հանդես եկավ հայտարարությամբ, որ «ATV» -ին պետք է խնդրեն, որպեսզի այդ հաղորդումն այլեւս չհեռարձակվի, միաժամանակ հայտնի է, որ շուտով նման եւս մեկ հաղորդում կլինի եթերում: Ի վերջո, հոգեւորականների եւ ՄայրԱթոռի խնդրանք-պահանջը ի՞նչ լուծում կստանա:

- Այո, «6-րդ զգայարանի» 4-րդ եթերաշրջանին զուգահեռ մեկնարկելու է եւս մեկ նմանատիպ նախագիծ, եւ թե դրա, թե «6-րդ զգայարանի» 4-րդ եթերաշրջանի մասին մենք կխոսենք քիչ ավելի ուշ: Իսկ, թե Ձեր ասած հոգեւորականների խնդրանք-պահանջները ինչ պատասխան ունեն, կարծում եմ, պետք է այդ հարցն ուղղեք հեռուստատեսությանը:

-Իսկ ինքներդ չե՞ք կարծում, որ նման հաղորդումները մարդկանց վրա բացասական ներգործություն են ունենում՝ ուղղորդելով դեպի գուշակները եւ պայծառատեսները:

- Թե հասարակությունը որքանո՞վ է տարված գուշակներով ու գուշակություններով, ըստ իս, նույն այդ Եկեղեցու ներգործության հարցը պետք է լիներ. յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում հավատալ նրանց, թե ոչ, կամ սեփական խնդիրները հարթել սեփական ուժերով, թե դիմել որոշակի կարողությունների մարդկանց:

- «Կիսաբաց լուսամուտները» արդեն երկար տարիներ է, ինչ գործում է, ամփոփելով տարիների արդյունքները՝ գո՞հ եք կատարված աշխատանքից եւ գուցե նոր գաղափարներ կան այդ հաղորդաշարի վերաբերյալ:

- «Կիսաբաց լուսամուտների» գործունեությունից ես ոչ միայն գոհ եմ, այլ շատ հպարտ եմ, որ մենք 5 տարի առաջ, երբ սկսում էինք պարզապես հեռուստատեսային նախագիծ, այսօր այն վերածվել է որոշակի «սոցիալական շարժման», որը հնարավորություն է տալիս լինել կամուրջ հասարակության տարբեր շերտերի միջեւ: Մեզ մոտ արդեն շատ ակտիվ է սփյուռքը, «Կիսաբաց լուսամուտնեի» բարեգործական հիմնադրամի ԱՄՆ-ի ներկայացուցչության շնորհիվ կանոնակարգվում է Հայաստան եկող ամբողջ օգնությունը: Մենք հիմա նոր ծրագիր ունենք, որի մասին ավելի ուշ կխոսեմ, միայն նշեմ, որ «Կիսաբաց լուսամուտները» անապահով ընտանիքների համար բնակարանաշինություն է սկսելու, մենք զարկ ենք տալու մի նախագծի, որը կոչվում է «Կիսաբաց լուսամուտների ավան»:

-Նկատելի է, որ «Կիսաբաց լուսամուտները» ավելի շատ անապահով ընտանիքներին օգնություն ցույց տալու եւ նրանց խնդիրները բարձրաձայնելու ուղղությամբ է կենտրանացած. Մարդկանց այդ շերտը, ցավոք, բայց շատ են մեր օրերում, հետաքրքիր է՝ ինչպե՞ս եք ընտրում հերոսներին, այլ կերպ ասած՝ ինչպե՞ս եք ընտրում նրանց, ում պետք է օգնեք:

- Ինչպես յուրաքանչյուր հարցում, «Կիսաբաց լուսամուտներում» արձագանքները եւս երկու մասի են բաժանվում՝ մարդիկ, ովքեր ուզում են դա ցուցադրվի եւ որպես արդյունք լուծում տրվի տվյալ ընտանիքի խնդիրներին, եւ մարդիկ, ովքեր գերադասում են վարել ջայլամի քաղաքականություն եւ ասել, թե ոնց կարելի է ցույց տալ այդ ընտանիքներին, նրանք խայտառակում են մեզ, որ հայի դեմքն այսպիսին չէ, բայց ցավոք, հայի դեմքը այնպիսին է, ինչպիսին ժամանակի ընթացքում ցույց է տալիս հասարակությունը: Մենք վերջին քաղաքականությամբ չենք շարժվում, մենք փորձում ենք մեր գործով ու ասելիքով ապացուցել, որ մենք հնարավորություն ունենք օգնելու, եթե ինչ-որ մեկը կարծում է, որ դա սխալ է, ես կխնդրեմ այլ տարբերակով, բայց գործելով ապացուցել, որ կարելի է ավելին անել: Ինչ վերաբերում է թեմաների ընտրությանը, մենք թեման ընտրում ենք ըստ նրա, թե այն որքանո՞վ է քննարկելի 50 րոպեների ընթացքում, որքանո՞վ է դա խնդիր եւ որքանո՞վ է մեր անդրադարձը հարցին լուծում տալու:

-Հրաչ, վերջին օրերին մեծ աղմուկ բարձրացրեց Ձեր մասնակցությամբ տեսանյութը, որտեղ կարծես թե անսովոր իրարանցում էր «Կիսաբաց լուսամուտների» տաղավարում, ըստ տարածված լուրերի՝ Ձեզ ծեծի էին ենթարկել, որեւէ մեկնաբանություն կտա՞ք:

- Այդ հաղորդումը հեռարձակվեց, որի ժամանակ բոլոր հարցերը իրենց պատասխանները գտան, մենք ցուցադրեցինք այդ իրարարմերժ տեսանյութի չմոնտաժված տարբերակը, որն ուներ անիմաստ մեկնաբանություն, թե ինձ ծեծի են ենթարկել:

-Հրաչ, տեսանյութի տարածումից հետո շատերը վրդովված են, որ դուք հաղորդման մեծահասակ (եւ ոչ միայն) հանդիսատեսի վրա բղավում եք ու սպառնում, որ տեսանյութը համացանցում տեղադրելու դեպքում «Ձեզանից չնեղանան»: Գուցե Ձեր նման պահվածից վրդովված մարդկանց շրջանակին որեւէ բացատրությո՞ւն տաք:

-Եթե մեզանից յուրաքանչյուրի խոսքը կոնտեքստից դուրս ներկայացվի, իհարկե, կարելի է նաեւ նման մեկնաբանություն անել: Այդ հաղորդմանը ներկա էին մեր շատ սիրելի հանդիսատեսը, ովքեր նաեւ մեր աշխատանքային ընկերներն են, նրանք շատ լավ գիտեն հեռուստատեսության կանոնները, որ նկարահանման ժամանակ չի թույլատրվում որեւէ սարքավորումով նկարահանել: Այդ օրը ունեինք նոր հանդիսատես, որոնցից մի քանիսը որոշել էին հեռախոսով նկարահանել, իսկ մենք փորձում էինք դրանից խուսափել: Բայց տարածվեց տեսանյութ սխալ ինֆորմացիայով եւ թիրախ դարձավ մի իրավիճակ, որը բացարձակ իրականության հետ կապ չուներ: Ինչ վերաբերում է մեծահասակների վրա բղավելուն, նման բան չկա, քանի որ նկարողները երիտասրադներ էին եւ չեմ էլ կարծում, որ տարիքով մարդիկ տիրապետում են տեխնիկաներին այնքան, որ արագ գրպաններից հանեն հեռախոսներն ու նկարեն: Թե ով է վիրավորվել, ով՝ ոչ, կարծում եմ «Կիսաբաց լուսամուտների» հանդիսատես որսալը մեր քաղաքում դժվար չէ, կարող եք հարցնել, թե ինչպես են անցնում մեր նկարահանումները եւ որքան հաճախ են մեզ մոտ իրենց վիրավորում կամ սիրալիր լինում: http://life.panorama.am/hy/news/2016/03/10/hrach-muradyan-1/453478

Հեղինակ` Lusin
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Lusin
դեպի վեր