Շատերը կարծում են, թե քանի որ նա անհողդողդ, երկաթյա կամք է դրսևորել ներքին ու արտաքին թշնամիների դեմ պայքարում, քանի որ հիմնականում չի ընկրկել այդ դժվարին ու հաճախ անհուսալի գոտեմարտում, այդ պատճառով էլ ժողովուրդը նրան «Երկաթ» պատվանունն է տվել: Այս թյուր կարծիքի ձևավորման ու տարածման «մեղավորը» Ստեփանոս Տարոնեցի կամ Ասողիկ պատմիչն է: Նրա վկայությամբ՝ Աշոտ 2-րդը «Երկաթ» պատվանունն ստացել է հայրենիքի ազատագրության համար մղած պայքարում ցուցաբերած քաջության ու տոկունության համար: Մինչդեռ բոլորովին այլ հանգամանքներում է մեր այս թագավորի անվանը «երկաթ», ասել է, թե «երկաթակուռ» ածականը հավելվել: Արդ, «Երկաթ» -ի ծագման պատմությունը հետևյալն է: «Երբ բուլղար Սիմեոնը սկսեց Թրակիայում դարձյալ ասպատակ սփռել, և կայսրուհին ու ղեկավար մարդիկ մտածմունքի մեջ էին՝ ինչպես սանձեն նրա ամբարտավանությունը, Հովհաննես Բոգասը խնդրեց իրեն պատրիկ դարձնեն, դրա դիմաց խոստանալով Սիմեոնի դեմ հանել պածինակներին: Նրա խնդրանքին ընդառաջ գնացին, և նա, նվերներ ստանալով, գնաց պածինակների երկիրը, նրանց հետ դաշինք կնքեց և այնտեղից պատանդներ ստանալով՝ բերեց քաղաք: Պածինակները համաձայնվեցին անցնել Դանուբ գետը և պատերազմել Սիմեոնի դեմ: Այդ օրերին քաղաք /Կոստանդնուպոլիս/ եկավ իր ֆիզիկական ուժով մեծ անուն հանած Աշոտը՝ իշխանաց իշխանի որդին (ըստ Նիկողայոս Ադոնցի հաշվումների՝ Աշոտ Երկրորդը Կոստանդնուպոլիս է եկել 914 թվականի սեպտեմբեր ամսից առաջ): Նրա մասին պատմում են, թե նա երկաթի ձողը երկու ծայրից բռնելով՝ իր ամեհի ուժով ծռում էր այն և շրջանաձև դարձնում. Երկաթի ամուր բնությունը տեղի էր տալիս նրա ձեռքերի հզորությանը: Երբ նա քաղաք մտավ, նրան մեծ պատվով ընդունեց տիրուհին (Զոե թագուհին` Կոստանդին Ծիրանածինի մայրը) և ապա ճամփու դրեց դեպի իր երկիրը»: |