ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +7 °C ... +19 °C Վաղը`+21 °C
Բախտախնդիր կորյունականները էշը նստել են ու ամաչում են իջնեն, որովհետև արդեն ետ դառնալու ճանապարհ չկա
02:50, 30.06.2018
2755 | 0

Սիրելի Հայորդիք,
Խոնարհաբար խնդրում եմ լսեք
Սուրբ Հայ Առաքելական Եկեղեցու շարքային հոգևորականիս դիմումին։
Բախտախնդիր կորյունականները էշը նստել են ու ամաչում են իջնեն, որովհետև արդեն ետ դառնալու ճանապարհ չկա, պարզ հայ հավատացյալը, հայ եկեղեցու հավատարիմ հոգևորականները, կողքից կրավորական դիրք բռնած ժողովուրդը, իրենց ետևից կուրացած քայլող ժողովուրդը ոչ ոք իրենց չի ների այս սրբապղծության համար, որ նրանք կատարեցին։ Հիմա նրանց մոտ մի բան է մնացել՝ ընկնելուց ինչքան հնարավոր է շատ մարդանց հոգիներ տապալել։
Ցավոք սրտի հիշեցի Աստծուն հակառակ մի էակի, սատանային, որի գերագույն նպատակն է դա։ Սուրբ Հայրերը ասում են, որ եթե սատանան ապաշխարէր, ապա Աստված կներէր նրան, բայց սատանան համառ է և հպարտության մարմնացում, նա ապաշխարելու լույսի կաթիլ էլ չունի։ Ինչպես սատանան է ուզում հնարավորին չափ շատ հոգի կորցնի իր հետ միասին, նույնպես այս սրբապիղծ անձինք են ձգտում կարելվույն շատ մարդկանց դրդել կաթողիկոսի դեմ, այս կամ այն եպիսկոպոսի դեմ և վերջապես դարձնել աստվածամարտ, որով վերջում մեղքը իրենց գցեն բազմության վրա ասելով՝ ժողովուրդն էր ուզում։
Ես չեմ լսել, կամ կարդացել, որ նրանք քրիստոնեական ներողամտությամբ կամ սիրով վերաբերվեն այն հոգևորականների հանդեպ, որոնք պաշտպանում են Վեհափառին։ Նրանց մյուս թշնամիները դառնում են հենց այդ հոգևորականները։ Մինչդեռ իրենք գոռում գոչում են, որ միայն Կաթողոկոսի դեմ են, մնացած հոգևորականները իրենց բարեկամներն են և համախոհները։

Այս պիղծ նախաձեռնությունը երևույթի բուն իմաստով Հայ Եկեղեցու դեմ է, նրանք ձգտում են բոլոր հոգևորականներին սևացնել, եթե նրանք կաթողիկոսին չեն դատապարտում։ Նրանք ներկայացնում են, որ գնում են եպիսկոպոսների մոտ նրանց արդար միտքը լսելու այս հարցով, բայց երբ եպիսկոպոսները իրենց քայլը դատապարտում են, այդ եպիսկոպոսները նրանց կողմից կոչվում են ստոր և քծնող։ Նրանք բոլոր մեծ ու փոքր հոգևորականների՝ մեծ ու փոքր սխալները բոլորը վերագրում են Վեհափառի մեղավորությանը։ Բոլորի մեղքերի և սխալների պատասխանատուն Գարեգին Վեհափառն է։ (Փառք Աստծո, որ դեռ Հռոմի վառելը չեն վերագրել Գարեգին Կաթողիկոսին) ։
Իմ որդիական, եղբայրական, հայրական հորդորն է, սիրելի ժողովուրդ, շատ սարսափելի ծանր մեղքի նախաձեռնության են լծվել այս հակահոգևոր անձինք։ Քրիստոս իրավունք ունէր տաճարի մեջ ցիր ու ցան աներ աղավնեվաճառներին ու լումայափոխներին, բայց մեզ դա արգելել է այդ քայլի նույնիսկ չնչին մասին մտածել։ Նա մեզ ասել է «Սովորեք ինձնից, որովհետև Ես հեզ եմ և սրտով խոնարհ» ։
«Մարդիկ Ձեզ տեսնելով՝ պիտի ճանաչեն, որ դուք Իմն եք» ,
«Ձեզանից ով որ անմեղ է, թող առաջինը նա քարը նետի» ։
Սիրելիք, չէ՞ որ հենց հիմա էլ Քրիստոս դիտում է յուրաքանչյուրիս աչքերի մեջ և հույսով սպասում, որ քարը չնետենք։ Մենք այնքան ենք չարացել արդեն, որ գազազած հրեաներից ավելի՞ գազազած ենք։ Նրանք Քրիստոսի խոսքից հետո քարերը գցեցին և ամաչած հեռացան։ Ի՞նչ աչքերով ենք հետո գլուխներս բարձրացնելու դեպի երկինք։
Սիրելիներս, կիսաբաց լուսամուտներ չենք դիտում, սա սարսափելի սրբապղծության առջև եք կանգնած։ Մարդիկ վաղը ուզում են Սուրբ Էջմիածին մտնել ոչ թէ խոնարհ, մեղավոր մարդու հեզ հոգով, այլ հեղափոխականի, հանդուգն պահանջողի, լկտի դատապարտողի սրտով և կոչերով։
Չեք հասկանում, թէ ինչ եք անում։ Բայց մենք՝ հոգևորականներս Ձեզ խնդրեցինք, հորդորեցինք և զգուշացրեցինք։ Եթե այնուամենայնիվ կգնաք՝ ուրեմն «մենք այլևս անմեղ ենք ձեր հոգու թափվող արյունից և ձեր հոգու կործանումից, դուք էլ պիտի պատասխան տաք Աստծու առաջ» ։
Աստծո Սերը, խաղաղությունը և իմաստությունը Ձեզ հետ լինի, Ամէն։

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ստի հետազոտման ակադեմիա
դեպի վեր