ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Էջմիածնի կյանքում շինարարական վերելքի նոր ժամանակաշրջան է
20:34, 01.07.2018
2598 | 0

Ամենայն հայոց կաթողիկոսի գահակալության տարիները Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի կյանքում շինարարական վերելքի նոր ժամանակաշրջան է: Նրա բանիմաց արժեքավոր գործունեությունը նկատելի ներդրում է ժամանակակից հայկական ճարտարապետության մեջ: Այդ աշխատանքների մեջ իր ուրույն տեղն է զբաղեցնում Մայր տաճարը եւ նրա շրջակա տարածքը, Գեւորգյան հոգեւոր ճեմարան համալսարանը, նրա շրջակա տարածքը, Նոր Վեհարանի գոտին եւ բազմաթիվ այլ վերակառուցումներ....

Այսօր Մայր աթոռն իր հոյակերտ բովանդակությամբ դարձավ հոգեւոր հզոր կաճառ, որը նաեւ հայագիտության եւ ուսումնական կենտրոն է:

Հազարամյակների պատմությամբ ծանրաբեռն Հայաստան աշխարհի գոյությանը սպառնացող բոլոր օրհասական պահերին, երբ վտանգվել է հայ ազգի անվտանգությունը, վճռորոշ է եղել ազգի միասնական ոգին, որը գլխավորել է Հայ առաքելական եկեղեցինՙ իր գահակալներով, քանզի հարյուրամյակներ շարունակ մենք չենք ունեցել պետականություն: Այսօր, այս ծանր ժամանակներում եւս ազգային միասնությանը սատարող եւ անխախտ պահող նվիրյալներ են պետք, պետք են հոգու հերոսներ, պետք է հավատ առ Աստված, հավատ Հայ առաքելական եկեղեցու եւ նրա սպասավորների նկատմամբ:

Ո՞ւմ եք դուք ծառայում, եթե, վարկաբեկելով մեր եկեղեցուն եւ հավատի խորհրդանիշները, ուզում եք մեր ժողովրդի հոգում խեղաթյուրել այդ գոյատեւման խորհրդանիշը:

«Լուսավորչի կանթեղըՙ ուղեցույց առ Աստված» նշանաբանով մեր եկեղեցին դարեր շարունակ համախմբել է ժողովրդին, կապել ազգի տրոհված հատվածները, նպաստել հոգեւոր մշակույթի աննախադեպ վերելքին եւ հետագա զարգացմանը, մայրենի լեզվի եւ գրականության պահպանմանն ու ծաղկմանը, ազգային ինքնագիտակցության զարթոնքին:

Այսօր եւս մեր ազգային եկեղեցին եւ նրա հովվապետը ապահովում են Հայոց առաքելական աթոռի ժառանգականությունն ու հարատեւությունը:

Միաժամանակ հատուկ ուզում եմ նշել, որ ես բնավ այն կարծիքին չեմ, որ մեր եկեղեցում խնդիրներ չկան. բայց դրանք պետք է քննարկվեն եւ լուծում ստանան միմիայն փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման մթնոլորտում: Երեւի ոչ բոլորին է հայտնի, որ Վեհափառ հայրապետի ամենօրյա ջանքերի շնորհիվ տարիներ շարունակ քննարկվում է եւ աստիճանաբար գործնական ուղենիշ դառնում Հայ եկեղեցու կանոնադրական բազմաթիվ օրենքներՙ Ազգային-Եկեղեցական Ժողովի կանոնադրությունը, Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կանոնադրությունը, Գերագույն հոգեւոր խորհրդի անդամների ընտրության կանոնադրությունը, թեմերի, ծուխերի կանոնակարգերը եւ այլն:

Լիահույս եմ, որ առողջ բանականությունը կհաղթի վերջ տալու մեր ազգին ոչ բնորոշ ձեր տածած սրբապղծությանը եւ ատելությանը, «անառակ որդին» վերջապես կվերադառնա տուն եւ կաղոթի իր մեղքերի թողության համար: Համոզված եմ, որ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին եւ նրա Հովվապետը իրեն հատուկ հաստատուն կամքով եւ ազգային բարձրագույն շահերի հանդեպ անսակարկ նվիրումով կշարունակի հովվել մեր ժողովրդինՙ ի փառս աշխարհասփյուռ հայության միասնականության, նոր անկախ Հայոց պետականության ամրապնդման եւ մեր եկեղեցու առավել զորացման:

ՎԻԼԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ստի հետազոտման ակադեմիա
դեպի վեր