ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +29 °C Վաղը`+29 °C
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԳԱՐԵԳԻՆ Ա ՔԵՍԱԲՑԻ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՔԱՐՈԶՆԵՐԻ ԵՐԿՀԱՏՈՐՅԱԿԸ
21:08, 01.07.2018
4106 | 0

Գարեգին Ա Ամենայն Հայոց երջանկահիշատակ կաթողիկոսն օժտված էր աստվածատուր առանձնահատուկ ունակություններով. ուներ մտավոր և հոգևոր հսկա ներուժ, մոգական խոսք, մեծ հռետոր էր, քարոզիչ, աստվածաբան, փիլիսոփա, գիտնական, լեզվաբան, պատմաբան, տիրապետում էր լեզուների, չտեսնված բարությամբ և բարձրագույն առաքինությամբ օժտված մտավորական էր և հոգևորական: Նրա դերակատարությունը չափազանց մեծ է Հայաստանյայց Եկեղեցու, Հայության կյանքում, և զգալի՝ աշխարհում միջեկեղեցական հարաբերությունների ակտիվացման բնագավառում: Անթիլիասում, թե Էջմիածնում նրա գահակալության օրոք Հայաստանում, թե սփյուռքում բացվեցին հոգևոր-կրթական հաստատություններ, կառուցվեցին, նորոգվեցին, վերաբացվեցին բազմաթիվ եկեղեցիներ, հիմնվեցին եկեղեցական թեմեր, հիմնադրվեցին տպարաններ ու հրատարակվեցին հարյուրավոր գրքեր: Վեհափառը հեղինակեց դասագրքեր, աստվածաբանական, ազգային-եկեղեցական ապագայատեսիլ աշխատություններ ու գրքեր, երկու կաթողիկոսությունների միջև ձևավորեց ջերմ հարաբերություններ, մեր եկեղեցու և քրիստոնյա աշխարհի միջև գցեց հաղորդակցական կենսական կամուրջներ...:

Գարեգին կաթողիկոսն այն եզակի անհատականությունն էր, ով հայության գիտակցության մեջ արթնացրեց Հայաստանյայց սուրբ եկեղեցու հարազատ մայրախնամ պատկերն ու նրան վերապահված առաքելության տեսիլքը, քրիստոնեության ոգուն ներդաշնակ` մեր եկեղեցու սպասավորների մոտ ձևավորեց դեպի ժողովուրդն ընթանալու և նրան ծառայելու մտածողություն, աշխարհի քրիստոնեական եկեղեցիների կրոնական գործիչների մտայնության մեջ կշեռքի նժարը ծանրացրեց դեպի սպասավորություն ու համագործակցություն: Սերունդներին փոխանցվելու հեռանկարով` հազարավոր հոգևորականների, աշխարհականների կրթեց ազգային-հոգևոր գաղափարներով և յուրաքանչյուր հայի խառնվածքում ներարկեց եկեղեցասիրության, հայրենասիրության, մարդասիրության, հոգևորը, մշակութայինը արժևորելու զգացողության որոշակի ավելացված մի արժեք...:

Բայց անհավանական թվացող ծավալի այս բոլոր գործերից զատ, Գարեգին կաթողիկոսի կյանքում թերևս կարևորագույն տեղը զբաղեցրեց քարոզախոսությունը. «Նախ և աոաջ, ես ինձ հովիվ եմ զգում», ասում էր նա:

Եվ ահա օրերս Մայր Աթոռի Վանորեից տեսչության կողմից լույս ընծայվեց Գարեգին Ա Երջանկահիշատակ Կաթողիկոսի քարոզների երկհատորյակը, շուրջ 1450 էջ, շքեղ կազմով ու արտեքին ձևավորմամբ՝ ներքին բովանդակությանն արժանի:

Առաջին հատորը հանդիսանում է դեռևս 2000 թվականին հրատարակված և իր տպաքանակը սպառած «Հայրենիքը պատկերն է հայության» խորագրով գրքի վերահրատարակությունը, որտեղ հիմնականում ընդգրկված են Մայր Տաճարի և Հայաստանյայց Եկեղեցու Հայաստանի ու Սփյուռքի թեմերի եկեղեցիների բեմերից խոսված քարոզները:

Երկրորդ, ավելի ստվարածավալ հատորում զետեղծած նյութերն հրատարակվում են առաջին անգամ: Դրանք Հայաստանում կամ արտերկրում Վեհափառի խոսքերն են՝ արտասանված տեղի ունեցած պաշտոնական հանդիպումների, ազգային-հոգևոր կենտրոնների կամ ցուցահանդեսների բացման, Ամանորի առիթներով, նրա ելույթները՝ Էկումենիկ համաժաողովների, ռադիո հեռուստատեսային հաղորդաշարերի, տարբեր հաստատություններում, համալսարաններում դասախոսությունների ընթացքում: Այնտեղ կարելի է ընթերցել Գարեգին Ա Հայրապետի քարոզները Հայաստանի և արտերկրի թեմերում, հայ գաղթօջախներում: Հատուկ ուշադրության է արժանի իրեն յուրահատուկ անմիջականությամբ, սիրով լեցուն և իհարկե ազդեցիկ իր խոսված քարոզները ժողովրդի հետ ոչ պաշտոնական հարթակներում: Դրանք տեղի են ունենում Հայաստանի տարբեր բնակավայրերի և հեռավոր գյուղերի մշակույթի տներում, հրապարակներում, զորամասերում, դպրոցներում, մարզադաշտերում...: Այստեղ ակամային մտաբերում ես իր իսկ խոսքերը. «Քրիստոսն ինքը հայտնվում էր մարդկանց մեջ այնտեղ, որտեղ գտնում էր նրանց՝ ծովափին, բլուրների վրա, փողոցներում, տներում, տաճարում... Եվ, ինչպես հաճախ ասում եմ, նա երբեք չի ունեցել աշխատասենյակ... Նա ներգրավված էր մարդկանց կյանքում, իրեն նույնացնում էր նրանց հետ, և ես կարծում եմ, որ հոգևորականությունը պետք է վերադառնա դրան»:

Պետք է արձանագրել, որ այս հրատարակությամբ փաստորեն ամբողջանում է Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Հայաստանում իր գահակալության կարճատև շրջանի հոգևոր–գրական անգնահատելի ժառանգությունը, թեև, կարծում եմ դեռևս կարող են գտնվել նրա խորիմաստ և դեռևս չհնչեցված խոսքերի տեսագրություններ կամ ձայնագրություններ, որոնք նույպես կարող են հրապարակվել:

Անշուշտ, հարկավոր է նշել նաև հետևյալը: Երկրորդ հատորում տեղ գտած նյութերի հրատարակման մասին խոսվել էր դեռևս առաջին հատորի առաջաբանում, սրանից 18 տարիներ առաջ, և ամենայն հավանականությամբ այս թանկարժեք ազգային-հոգևոր ժառանգությունն այդպես էլ անտիպ կմնար, եթե այս երկհատորյակի տպագրության մեկենասությունը չստանձներ Գրիգոր Մովսիսյանը, ով հանրությանն արդեն հայտնի է իր այլ նվիրյալ նախաձաեռնություններով: Նա հեղինակել է «Վահագնի ծնունդը կամ մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը» գիրքը, հովանավորել այլ հեղինակների հոգևոր աշխատությունների տպագրություններ, մեծապես աջակցել է Արցախի Մեխակավան բնակավայրում Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցմանը, կատարել այլ բարեգործություններ...: Եվ պետք է ավելացնել, որ ազգային-հոգևոր գանձանանակի մեջ այս բոլոր իր նվիրաբերումները ավետարանական խոսքերին համահունչ «չի գցվել իր ավելորդից»:

Վստահաբար, Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի այս պատկառելի հրատարակությունը կարևորագույն մի իրողություն է հանդիսանում ապահովելու շարունակականությունը Վեհափառի ազգաշահ ու եկեղեցաշահ առաքելության

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ստի հետազոտման ակադեմիա
դեպի վեր