ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Էջմիածնի թանգարանների տնօրինությունը պատասխանում է Կորյուն աբեղայի զրպարտությանը
23:56, 01.07.2018
2744 | 0

Նորահայտ աղանդավորական շարժման խթանիչներից Կորյուն աբեղան երեկ` Վաղարշապատ քաղաքում կատարեց իբր թե բացահայտում, ըստ որի` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սրբություններն ու մասունքները վաճառվում ու կեղծվում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի, նրա լծակիցների ու համախոհների կողմից:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ սուտը երևաց նաև տեղեկատվական դաշտում` հարկ համարեցինք հանդորրամտություն Սբ Էջմիածնի Թանգարանների բազմաթիվ այցելուների և մեր Սուրբ Եկեղեցու հավատացյալների հանդես գալ սույն հայտարարությամբ:
Խստորեն դատապարտելով կարգազանց այդ սքեմավորին` հայտնում ենք, որ վերոնշյալ անձը և այդ շարժման ղեկավարներն առհասարակ հերթական սուտ ու անհիմն տեղեկությունն են տարածում իրենց հետևորդների շրջանակներում` մոլորեցնելով նաև բարեմիտ հավատացյալներին:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բոլոր սրբություններն ու մասունքները, ինչպես նաև թանգարանային առարկաները, ոչ միայն անձեռնմխելիորեն և ապահով պահվում ու ցուցադրվում են Մայր Աթոռի թանգարաններում, այլև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Հայրապետի գահակալության տարիներին հարյուրավոր պատմամշակութային ու գեղարվեստական առարկաներով (մասունքներ, հինավուրց խաչքարեր, ձեռագրեր, հնատիպ գրքեր, սրբանկարներ, աստվածպաշտական ու նվիրական առարկաներ, եկեղեցական զգեստներ, գործվածքներ, գեղանկարներ, հին մետաղադրամներ ու թղթադրամներ, հուշադրամներ) համալրվել են: Հատկապես հիշատակարժան են երանաշնորհ Հովհաննես-Պողոս Բ. Հռոմի Պապի կողմից հանձնված Սբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի մասունքները, ինչպես նաև` Սանկտ-Պետերբուրգի Պետական Էրմիտաժի կողմից հռչակավոր Սկևռայի մասունքարանի վերադարձը Հայաստանյայց Սուրբ Եկեղեցուն:
Շնորհիվ Հայոց Հայրապետի բարեխնամ տնօրինության վերստին կյանքի կոչվեց սրբոց տոների և եկեղեցիների ու վանքերի ուխտագնացությունների առիթներով` Մայր Աթոռի մասանց պահարանից սրբոց մասունքների դուրս բերումը և Հայոց երկրի զանազան սրբավայրեր հանդիսավորապես տեղափոխումն ի մխիթարություն և ի զորացումն մեր հավատացյալների:
Ինչպես պատմական անցյալում, այսօր ևս և միշտ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը գոհացում է տալիս իր աշխարհասփյուռ թեմերի ու ծխական համայնքների հոգևոր կարիքներին: Ընդառաջ այդ ամենին, Հայոց Հայրապետի օրհնությամբ և մեկենասությամբ բարեպաշտ հայորդիների, պատրաստվել են նաև նոր մասունքարաններ, որոնց մեջ զետեղվել են Սուրբ Էջմիածնում պահվող տարբեր սուրբ մասունքներից մասեր ու նվիրաբերվել ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի որոշ եկեղեցիների (զոր օրինակ` Աշոտ Բ. Երկաթ արքայի Կենաց փայտի մասունքով խաչի կրկնօրինակի ընծայումը Հայոց բանակին, Սբ Վարդան Զորավարի քարի մասունքով ճաճանչախաչի ընծայումն ԱՄՆ Հայոց Արևելյան թեմին, Կենաց Փայտի մասունքով խաչի ընծայումը Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմին, Սբ Հովհաննես Մկրտչի մասունքով խաչի ընծայումը Կոտայքի թեմին և այլն):
Հայոց հոգևոր կյանքի նորոգությանն ու զորեղացմանն ուղղված բոլոր ընծայաբերությունները և Մայր Աթոռի Թանգարանների գանձերի համալրումներն իրենց ժամանակին հատուկ կերպով ներկայացվել են Թանգարանների հաղորդագրություններով և լուսաբանվել Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի հրապարակումներով ու «Շողակաթ» հեռուստաընկերության տեսանյութերով:
Հորդորում ենք, որ հետ այսու ազգային-եկեղեցական դարավոր սրբություններն ու արժեքները չդարձվեն ստապատիր ու նվաստ խոսքավաճառության նյութ, քանզի դրանց Սուրբ Զորությունը կսատակի նման հանդգնություն ունեցող խաչագողերին:

ՏՆՕՐԵՆՈՒԹՅՈՒՆ
ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ
ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Ստի հետազոտման ակադեմիա
դեպի վեր