Նրա մասի պատմող առասպելներից մեկը կապված է Հնդկաստանի հետ: Թամարն ազատ է արձակում իր սիրելի թռչնին: Քանի որ արդեն աշուն էր, թռչունը դեպի հարավ` Հնդկաստան է չվում: Գարնանը վերադառնում է թագուհու մոտ` ընծա բերելով երեք կախարդական փայտիկ: Թամարն այդ փայտիկները գցում է գինու կարասի մեջ, ու գինին վերածվում է պղնձի, արծաթի ու ոսկու: Վրաստանի գանձարանը բերնեբերան լցվում է, և Թամարն սկսում է ամենուրեք ճանապարհներ, կամուրջներ, ամրոցներ ու տաճարներ կառուցել: Հնդկաստանի հետ է կապված նաև Թամարի փառքը գովերգող Շոթա Ռուսթավելու «Ընձենավորը» պոեմը: Հնդկաստանն է այս պոեմի գլխավոր հերոսների` Տարիելի ու նրա սիրեցյալ Նեստան Դարեջանի հայրենիքը, իսկ Նեստան Դարեջանիի նախատիպը հանդիսացող երկրորդ գլխավոր հերոսուհին` Թինաթինը, անկասկած, հենց ինքը` Թամար թագուհին է: Գահ բարձրանալիս Թամարը տակավին դեռատի է եղել: Գեորգի 3-րդ թագավորը` վախենալով, որ իր մահվանից հետո երկրի ազդեցիկ իշխաններն իր դստերը կզրկեն գահից, Թամարին համագահակալ է դարձնում: 1178 – 1184 թվականներին, այսինքն` համագահակալության տարիներին, հայրը դստերը սովորեցնում է երկիրը, բանակը ղեկավարելու, դիվանագիտության արվեստը: Վերոհիշյալ տարիներին կառուցվում է հռչակավոր «Վարձիա» («Վարդերի ամրոց») քաղաք-մենաստանը, որն հետագայում դառնում է թագուհու սիրելի կեցավայրը: Վարձիայի քարոտ դարավանդներին այգիներ են ծաղկել: Պատերազմական ժամանակներում մենաստանի այրերում ավելի քան 50 հազար մարդ է պատսպարվել: Գեորգի 3-րդի մահից հետո Թամարն աստիճանաբար սահմանափակում է «Դարբազի» -ի (հոգևոր ու աշխարհիկ բարձրագույն իշխանավորների խորհուրդ) իշխանությունը: Դարբազին սկզբում փորձում է վիճարկել ու կտրուկ սահմանափակել Թամարի իշխանությունը, բայց 16-ամյա թահուհու կողմնակիցները շատ էին, և նրա հակառակորդներն իրենց նպատակին չեն կարողանում հասնել: 1185 թվականին Դարբազիի անդամները թագուհու համար հարմար ամուսին են գտնում: Դա Վլադիմիր-Սուզդալի իշխան Յուրին էր՝ Անդրեյ Բոգոլյուբսկու որդին: Այս ամուսնությամբ նպատակ էր դրվում ամրապնդել նույնադավան Կիևյան Ռուսի հետ խորացող կապերը: Բայց այս հաշվենակատ ամուսնությունը անհաջող է լինում: Շուտով պարզվում է, որ Յուրին հարբեցող, թրև եկող, անառակ կյանք վարող, ինքնասածի ու «անպարկեշտ արարքներ կատարող» մեկն է, և երկու տարի անց Թամարը բաժանվում է ամուսնուց ու նրան իր երկրից վտարում է: Երկու տարի անց նա ամուսնանում է իր սրտի ընտրյալի՝ օսերի (ալանների) արքայազն Դավիթ Սոսլանիի հետ, որը դաստիարակվել էր վրացական արքունիքում: Բայց շուտով նախկին ամուսինը հիշեցնում է իր մասին: Վրաստանի հյուսիսային ծայրագավառների ընդդիմադիր ավատատերերն ապստամբում են թագուհու դեմ, և ապստամբության գլուխ է կանգնում Յուրին, որը ցանկանում է վերադարձնել կորցրածը: Կենտրոնացված հզոր իշխանություն չցանկացող ապստամբները ջախջախվում են, և Յուրին ստիպված է լինում նորից լքել Վրաստանը: Թամարն ամրապնդում է իր իշխանությունը և թագավորությունն ընդարձակում է Սև ծովից մինչև Կասպից ծով: 1194 թվականին վրացական բանակը Շամխորի ճակատամարտում ջախջախում է թուրքական խաների կոալիցիայի միացյալ բանակը, հետո գրավում է Սև ծովի հարավարևելյան ափը: Վրացական թագավորության ընդարձակումը դուր չի գալիս Ռումի սուլթանին, և նրա դեսպանը Թամարին վերջնագիր է ներկայացնում մահմեդականություն ընդունելու և իր կինը դառնալու պահանջով, հակառակ դեպքում սպառնում է կործանել Վրաստանը, իսկ Թամարին իր հարճը դարձնել: Թամարը խոհեմաբար խուսափողական պատասխան է տալիս, որպեսզի ժամանակ ունենա անհրաժեշտ քանակության զորք հավաքել: 1202 թվականին վրացական զորքերը, չնայած սուլթանի բանակի գերակշռությանը, հաղթում են: 1208 թվականին, ի պատասխանի Անիի ավերման, վրացական բանակը ջախջախում է Արդեբիլի սուլթանի բանակը և գրավում է մի քանի խոշոր քաղաք: Վրաստանը դառնում է հզոր և ընդարձակ թագավորություն, որի կազմի մեջ մտնում էին բազմաթիվ ժողովուրդներ: Թամարը կրոնական բացարձակ հանդուրժողականության քաղաքականություն է վարել: Նրա օրոք բացվել են բազմաթիվ դպրոցներ, ակադեմիաներ՝ ոչ միայն Վրաստանի տարածքում, այլև Պաղեստինում, Սիրիայում, Եգիպտոսում: Նրա օրոք ծաղկել են արհեստներն ու առևտուրը: Թամար թագուհու կերպարը, ըստ ժամանակագիրների ու ավանդազրույցների, հակասական է: Ոմանք նրան բարի, առատաձեռն ու կարեկից անձնավորություն են համարել: Ասում են, թե նրա կառավարման տարիներին ոչ մեկին մահապատժի չեն ենթարկել, նույնիսկ չեն գանահարել: Պետական գանձարանի տասներորդ մասն այս թագուհին առանձնացրել է ընչազուրկների համար: Այդ մասին նույնիսկ «Աղքատների բաժին» անունն է տրվել: Բայց նաև ասվում է, թե նա շատ խստասիրտ ու անդրդվելի տիրակալ է եղել: Նրա հրամանով Կախեթի ջրանցքի շինարարության աշխատանքներում պարտադրաբար ընդգրկվել են նաև երեխաները: Բայց նաև ասվում է, թե շինարարական աշխատանքներում հաճախ ընդգրկվել են զինվորականները՝ կենդանի շղթա կազմելով լեռան ստորոտից մինչև գագաթ: Այժմ էլ Վրաստանում այն համոզումն է տիրում, թե բարձունքներին կառուցված բոլոր աշտարակներն ու տաճարները Թամարի կամ Դավիթ Շինարարի գահակալության տարիներին են կառուցվել: Թամար թագուհու արքունիքը եղել է փիլիսոփաների, բանաստեղծների յուրօրինակ հավաքատեղի: Այդ ժամանակի վրացական հասարակությունը ծանոթ է եղել բյուզանդացի ու հայ փիլիսոփաների, աստվածաբանների աշխատություններին, արաբ ու պարսիկ բանաստեղծների ստեղծագործություններին: Վանական բանաստեղծ Շաթվելին Թամարին ուղեկցել է բոլոր արշավանքների ժամանակ և, բնականաբար, ինչպես հարկն է գովերգել է նրան: Թագուհուն անսահման սիրել է Շոթա Ռուսթավելին, և նրա բանաստեղծություններն այդ սիրո լավագույն վկայություններն են: Բայց և այնպես հենց Շոթան է լքել իր տիրուհուն: Ինչո՞ւ: Ասում են, թե բանաստեղծը նրան խոստովանել է իր սերը, բայց քանի որ թագուհին նրան անհասանելի է եղել, հեռացել է Վրաստանից և վանական է դարձել: Մինչ ի մահ Շոթան իր գլխարկին կրել է թագուհու ընծայած ոսկե փետուրը: Հնարավոր է, որ Ռուսթավելին իր կյանքի վերջին օրերը Երուսաղեմում է անցկացրել: Այնտեղ ծերացած բանաստեղծի հարթաքանդակն է հայտնաբերվել: Վատիկանի արխիվի որոշ փաստաթղթեր ասում են, թե Թամարն էլ է Երուսաղեմում թաղված: Բայց ըստ մեկ այլ ավանդության՝ Թամարը մահացել է Վարձիում, որտեղ որոշել էր առանձնության մեջ անցկացնել կյանքի վերջին տարիները: Ըստ ժողովրդական հավատալիքի՝ Թամարը չի մահացել, այլ ննջում է ոսկե օրորոցում: Վրացական եկեղեցին Թամարին սրբադասել է: Նրա անունը գրված է նաև Ուղղափառ եկեղեցու սրբերի մատյանում: |