ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Թաքնված սպառնալիք. Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դեռ երկար կափսոսա, որ «Սասնա ծռեր»-ին ազատ արձակեցին
01:16, 30.11.2018
2815 | 1
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դեռ երկար կափսոսա իր քաղաքական որոշման համար, որի արդյունքում ազատ արձակվեցին «Սասնա ծռեր» կուսակցության անդամները (2016թ. ամռանը ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված զինված խմբավորման ներկայացուցիչներն ու նրանց հետ սերտորեն առնչվող անձիք): Իշխանությունը կափսոսա, որովհետեւ «Սասնա ծռերն», այնուամենայնիվ, ցանկացած պահի կարող են դուրս գալ քաղաքական գործընթացների տրամաբանությունից եւ քաղաքական գործընթացների վրա կփորձեն ազդել ոչ քաղաքական մեթոդներով: Նախանշաններն արդեն կան. «Սասնա ծռերի» հայտարարություններում արվող ակնարկները, որոնք կարելի է եւ ընդունել որպես թաքնված սպառնալիք: Բայց շատ ավելի վտանգավոր է Արցախի Հանրապետությունում գործունեություն ծավալելու նրանց նկրտումները: Ինչպես հայնտի է, օրերս նրանք մեկնել էին Արցախ: Երեկ էլ Ժիրայր Սէֆիլյանը խոսել է ոչ միայն Հայաստանում արմատական փոփոխություններ իրականացնելու մասին, այլեւ հայտարարել, թե «Սասնա ծռերը» ծրագրում են իշխանափոխություն անել Արցախում: «Այսօրվանից մենք հայտ ենք ներկայացրել գործող իշխանություններին նստել բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի գտնվի այն ճանապարհային քարտեզը, որը առանց ցնցումի կապահովի իշխանափոխությունը», - ասել է նա: Իսկ «Ազատության» լրագրողի դիտարկմանը, թե մեկ տարի հետո Արցախում ընտրությունների միջոցով լինելու է իշխանափոխություն, Սեֆիլյանը պատասխանել է․ «Եթե սպասենք մի տարի, կարող է պատահի` ցնցումով լինի: Այդպիսի իրավիճակ է: Անհամբեր են արդեն մարդիկ: Այս մեկուկես ամսվա մեր գործունեությամբ մենք մի կերպ ենք զսպում այդ ամենը: Եվ ես համոզված եմ, որ գործող իշխանությունները այդ խոհեմությունը կունենան, եւ հանգիստ այդ լուծումը կգտնվի»: Նա նաեւ նշել է, որ այդ գործընթացը նախաձեռնելու են ՀՀ ԱԺ ընտրություններից հետո: Միայն թե, նկատենք, թավշյա հեղափոխությունը, որ տեղի ունեցավ Հայաստանում, չի կարող կրկնվել Արցախում: Սա թեկուզ այն պարզ պատճառով, որ Արցախը շարունակում է գտնվել չավարտված պատերազմի մեջ, Արցախի սահմաններն ամեն րոպե գնդակոծման, հակառակորդի հարձակման վտանգի առաջ են: ՈՒ նման իրավիճակում այդ երկրում քաղաքական խժդժությունները, իրավիճակն ապակայունացնելու ցանկացած փորձերը պարզապես կարող են կործանարար լինել: Համենայն դեպս, Արցախը չի կարող իրեն թույլ տալ այն շռայլությունը, ինչ Հայաստանը, երբ օրերով պետական կառավարման համակարգը կաթվածահար վիճակում էր: Այս մասին շատ է խոսվել, ու թվում է՝ ամեն ինչ այնքան պարզ է, որ չարժի եւս մեկ անգամ մատնացույց անել: Բայց, արի ու տես, որ այդպես չէ:


Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Խաղաղության աղավնի
դեպի վեր