ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +20 °C Վաղը`+20 °C
Այն մասին, թե ինչպես է նամակ կեղծողի բախը բերել
13:55, 28.12.2018
4311 | 0

Մ.թ. տասներորդ դարի սկզբի առաջին քառորդում, երբ Արաբական խալիֆայության մեծ վեզիրի պաշտոնն զբաղեցրել է Ալի իբն Մուհամեդ իբն ալ Ֆուրատը, մի գործազուրկ նրա անունից, բայց առանց նրա գիտության, նամակ է հղում Խալիֆայության կազմում գտնվող Եգիպտոսի գլխավոր հարկահավաք Աբու Զունբուրին ու ինքն անձամբ այդ նամակը հանձնում է հասցեատիրոջը: Բայց նամակի անկատար ոճն ու նամակաբերի արժանիքների վերաբերյալ չափազանցված գովաբանությունը կասկած են հարուցում, և նա նամակաբերին ոչ թե աշխատանք է տալիս, այլ ապրուստի համար այնքան գումար, մինչև պարզի նամակի իսկությունը: Հարկահավաքը հատուկ նամակ է գրում Իբն ալ Ֆուրատին, որում շարադրում է իր կասկածները:

Կեղծված նամակում պատմվում էր, թե իբր նամակաբերը ժամանակին վեզիրին մեծ ծառայություններ է մատուցել, և նա այդ մարդուն շատ է հարգում: Նամակն Իբն ալ Ֆուրատին է հասնում այն պահին, երբ նա իր մտերիմների հետ զրուցելիս է լինում: Վեզիրը նրանց պատմում է նամակի բովանդակության մասին ու հարցնում է, թե ինչպես պետք է վարվել այդ մարդու հետ: Վեզիրի մերձավորներից մեկը խորհուրդ է տալիս կտրել նրա ձեռքը, որովհետև նա համարձակվել է կեղծել վեզիրի ձեռագիրը: Մեկ ուրիշն էլ խորհուրդ է տալիս կտրել կեղծարարի բութ մատը, երրորդն առաջարկում է նրան բանտ նետել, իսկ չորրորդը խորհուրդ է տալիս Աբու Զունբուրին գործի վերաբերյալ տեղեկանք տալ ու հանձնարարել, որ նա իր պալատից վտարի այդ մարդուն, որովհետև եթե նա այդքան ջանք գործադրելուց հետո ոչինչ չստանա, դա արդեն իսկ արժանի պատիժ է: Իսկ Իբն ալ Ֆուրատն ասում է. «Դուք շատ եք խիստ ու անհանդուրժող: Մարդը դժվարին ուղևորություն է կատարել Եգիպտոս, փորձել է օգուտ քաղել մեր անունից ու այն հարստության աղբյուր դարձնել: Գուցե նա, չկարողանալով մեզ մոտ մուտք գործել ու այդպիսի նամակ ստանալու հնար չգնելով և ենթադրելով, որ իր կեղծ նամակը կծառայի իր նպատակին, գնացել է Եգիպտոս ապրուստ գտնելու՝ ջանալով մեզ դարձնել իր գոյատևման աղբյուրը»:

Հետո նա վերցրել է գրիչը, շրջել է կեղծված նամակը և հակառակ երեսին գրել է. «Սա իմ նամակն է, և ես չգիտեմ, թե դու ինչու ես կասկածում դրա իսկությանը և ինչու է քո մեջ տարակուսանք առաջացել: Մի՞թե դու գիտես այն բոլոր մարդկանց, որոնք մեզ ծառայություններ են մատուցել այն հարափոփախ տարիներին, երբ մենք ստիպված ենք եղել թաքնվել: Ահա թե որտեղից է գալիս քո կասկածամտությունը: Նամակաբերն այդ հոյակապ մարդկանցից մեկն է, և ես նրան ավելի շատ եմ պարտական, քան ասված է այս նամակում, և մեզ ավելի ամուր թելեր են կապում: Այդ իսկ պատճառով նրան շռայլորեն վարձատրիր, շարունակ հոգածու եղիր նրա բարեկեցությանը և նրան տուր այն լավագույն պաշտոնը, որին նա պիտանի է»:

Հետո վեզիրը նամակն անմիջապես առաքում է:

Բավական ժամանակ անց Իբն ալ Ֆուրատի մոտ է գալիս լավ հագուկապով մի հաճելի մարդ, որն արտասվելով ու գետինը համբուրելով՝ երախտագիտություն է հայտնում վեզիրին: Քանի որ Իբն ալ Ֆուրատը չի ճանաչում այցելուին, վերջինս ասում է. «Ես այն մարդն եմ, որը նամակ էր կեղծել, իմ վեզիրը մեծահոգաբար այդ նամակը իսկական էր համարել»: Իբն ալ Ֆուրատը ծիծաղում է ու հարցնում, թե Աբու Զունբուն իրեն ինչքան է վճարել:

«Անձնական նվիրատվությունները, պետական աշխատավարձը միասին, ասում է նամակը կեղծողը, - կազմում է քսան հազար դինար»: Իբն ալ Ֆուրատն ասում է. «Փա՛ռք Ալլահին: Մնա՛ ինձ մոտ, ու ես կհոգամ, որ դու ավելին ստանաս»: Մարդը համաձայնում է: Իբն ալ Ֆուրատը փորձում է նրան և պարզելով, որ նա տիրապետում է քաթիբի (գրագիր քարտուղար) մասնագիտությանը, իր մոտ ծառայության է վերցնում ու հարստանալու հնարավորություն է տալիս՝ ապահովելով նրա նվիրվածությունն իրեն:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
447 | 0
դեպի վեր