Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 478.40, EUR 539.06, RUB 7.43, GBP 605.13
+30 °C, +19 °C ... +31 °C Վաղը`+32 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈւՆ
10:23, 07.03.2019


Բանականությունս սրիկայի մեկն է, դաժան, անողոք, միշտ դանակը ձեռքին պատրաստ սպանելու ցանկացած իրեն դուր չեկող բան:

Բնավորությունս խոզի մեկն է, անվերադարձ սիրահարված է Մտքերիս ու ոչ մի գնով չի կարողանում ապրել առանց նրանց:

Մտքերս նազելի ձիու նման գեղեցիկ են ու վրնջյուն, հիանալի կարողանում են կողմնորոշվել ցանկացած պարագայում, նույնիսկ ինձ թվում է թե իգական սեռի են, քանի որ իրոք գեղեցիկ են: Այստեղ պետք է հասկանալ Բնավորությանս վերաբերմունքը, ճաշակով է, ինչ խոսք:


Մտքե՜րս…

Մտքերս այսօր իրենց լավ չեն զգում, մի տեսակ թույլ են, կարծես անկամք, ոչնչի կարիք չունեն, անփայլ աչքերով նայում են առաստաղին…

Չափում եմ մտքերիս տաքությունը՝ 38.6:

Հիմա հասկանալի է թե ինչու եմ արդեն երկու օր այս վիճակում:


Բանականությունս կատաղած քայլերով մտավ ներս, ես հասկանում եմ որ իրեն էլ պետք է հասկանալ, բայց ինչ կարող ես անել, հիվանդությունը ժամանակ է պահանջում:

- Ես ինչքան պետք է տանջվեմ առանց ձեզ, ինչու եք հիվանդացել, որտեղ է տեսնված որ Բանականությունը առանց մտքերի լինի:

- Մենք մեղավոր չենք, դե երևի վիրուս է, համատարած:

- Ինձ չի հետաքրքրում ես էլ իմ կյանքն ունեմ, ինչ է ուզում եք ինձ ժամանակից շուտ գերեզման իջեցնել:

- Ներեղություն, - ասաց Բնավորությունս, - պատահում է բոլորի հետ, պետք է համբերել:

- Իսկ դու սուս մնա, ես քեզ ձայն չեմ տվել, - հետո Բանականությունը շրջվեց դեպի մտքերս ու շարունակեց.

- Ձեզ տալիս եմ մեկ գիշեր, լսեցիք, մեկ գիշեր, եթե ոտքի չկանգնեք, ես կմորթեմ ձեզ, այ այս դանակով, - հեռացավ վստահ քայլերով:


Գիշերվա երկուսն էր երբ Բնավորությունս զգույշ, հուշիկ քայլերով մոտեցավ, նստեց Մտքերիս անկողնուն ու ասաց.

- Խնդրում եմ, ձեզ, առողջացեք, ես շատ կվշտանամ եթե Նա ձեզ մորթի, ես կօգնեմ, աղաչում եմ, գիտեք թե որքան եմ աղոթել ձեզ համար:

Հետո էլի բառեր, բառեր, բառեր…

Մտքերս կամաց կամաց ոտքի էին կանգնում Բնավորությանս Խոզ աչքերի առաջ:

Վերջապես, երբ առավոտյան ժամը 8-ն էր, Մտքերս կազմ ու պատրաստ, առողջ տեսքով դիմավորեցին սուրճ բերող դաժան Բանականությանս:

Բանականությունս ցնծում էր:

Բնավորությունս հոգնած գիշերն ինձ տված ջերմ բառերից՝ ննջում էր անկյունում:

- Այդպես, քանի որ արդեն լավացաք, պետք է խնջույք կազմակերպենք, քեֆ ենք անելու, ու դրա համար մենք կմորթենք Բնավորությանն ու խորովածով կնշենք ձեր առողջանալը:

- Ինչու ինձ, - Բնավորությունս վախեցած նայում էր Բանականությանս:

- Որ քիթդ ամեն տեղ չխոթես, վերջ, ես իմ ասածի տերն եմ:


Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Ստեփան Ումառ-Հարությունյան
դեպի վեր