ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +12 °C ... +21 °C Վաղը`+21 °C
«Ծովակալ» եզրույթի ծագման մասին
23:06, 29.10.2019
2798 | 0

Ոչ միայն մենք՝ հայերս, այլև աշխարհի բազմաթիվ ժողովուրդներ այս եզրույթի համար պարտական են արաբներին: Նավատորմի հրամանատարին նրանք անվանել են «ամիր ալ բահր», որ նշանակում է «ծովի տիրակալ»: Մեր նախնիները դրա բովանդակությանը լիովին համարժեք «ծովակալ» եզրույթն են ստեղծել: Իսկ եվրոպական ազգերը նույնիսկ չեն էլ փորձել թարգմանել, այլ պարզապես հնչյունափոխել են՝ հարմարեցնելով իրենց լեզվի արտասանությանը: Ֆրանսիացիներն «ամիր ալ բահր» -ը դարձրել են «ամիրալ», հոլանդացիները՝ «ադմիրաալ», ռուսներն էլ գրեթե պատճենահանել են հոլանդերենի այս եզրույթը:

Պետրոս Առաջինի ժամանակներից մինչև 20-րդ դարի 30-ականների վերջը ռուսները նաև «Ադմիրալսկի չաս» («Ծովակալական ժամ») արտահայտություն են ունեցել, որը, չզարմանաք, օղի խմել և վրայից մի բան ուտել է նշանակել: Ռուսաստանի նավատորմի հիմնադիր այս կայսրը հետևյալ սովորություն է ունեցել. առավոտյան աշխատանքից հետո, ժամը 11-ին, երբ ծովակալական կոլեգիայի նիստն ավարտվել է, իր աշխատակիցների հետ օղի է խմել ու թեթևակի նախաճաշել է: Իսկ «ադմիրալսկի չաս» արտահայտությունը լայն տարածում է ստացել1865 թվականից սկսյալ, երբ ուղիղ կեսօրին սկսել են կրակել Պետերբուրգի ծովակալության հրանոթները՝ ազդարարելով ճշգրիտ ժամանակը: Արտահայտությունը ռուսական բացատրական բառարաններ է մտել «Կեսօր է, օղի խմելու ժամն է» նշանակությամբ:

Մեր օրերում «ադմիրալսկի չաս» արտահայտությունը գործածվում է «հետճաշյա քուն» նշանակությամբ, որը պաշտոնապես չպիտի լինի, բայց լայնորեն տարածված ավանդույթ է դարձել:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Համլետ Մելիքյան
15:25, 07.05.2024
281 | 0
դեպի վեր