Այս երկու եզրույթների արմատն էլ հունարեն «մետր», իսկ ավելի ուշ շրջանի արտասանությամբ՝ «միտր» բառերն են, որ «մայր» է նշանակում: «Միտրոպոլիա» (մետրոպոլիա) ասելով՝ ուղղափառ եկեղեցին հասկանում է ուղղափառ եկեղեցական պրովինցիայի գլխավոր քաղաք, իսկ այդ պրովինցիայի գլխավոր հոգևորականին անվանում է «միտրոպոլիտ»: Ֆրանսերենում «մետրոպոլ» եզրույթը պարզապես «մայրաքաղաք» է նշանակում, իսկ «մետրոպոլիտեն» ածական անունը՝ «մայրաքաղաքային» . այդպես է անվանվել այն ընկերությունը, որը 19-րդ դարի վերջերին Փարիզում ստորգետնյա երկաթուղիներ է կառուցել: Եվ այդ ընկերության անունը տարածվել է նրա կառուցած ամբողջ համակարգի վրա, իսկ կարճ ժամանակ անց «մետրոպոլիտեն» -ը կրճատվել է՝ դառնալով «մետրո»: Իսկ «մետր» (չափի միավոր) արմատը սրա հետ ոչ մի կապ չունի: |