ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +7 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Ընտրություններում պետք է ոչ ասել իշխանություններին, սա «ոչ»-ի հանրաքվե է. ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպեցին շենգավիթցիների հետ
15:59, 03.05.2013
4528 | 0
Երեկ ՀՅԴ ներկայացուցիչները Շենգավիթ համայնքում գտնվող Ա.Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում հանդիպեցին ընտրողների հետ: Դաշնակցության ղեկավար կազմից ներկա էին Արմեն Ռուստամյանը, Արսեն Համբարձումյանն ու Աղվան Վարդանյանը:

Ա.Ռուստամյանն իր խոսքում նշեց. «Հիմնական հարցը այս ընտրությունների քաղաքական նշանակությունը ժողովրդին հասցնելն է: Հայաստանում իրավիճակը փոխելու համար անհրաժեշտ է ժողովրդին վերադարձնել իշխանությունը՝ հրաժարվելով այս միահեծան իշխանություններից: Մենք համոզված ենք, որ այն, ինչ չհաջողվեց անել նախագահական ընտրություններում, պետք է անենք ավագանու ընտրություններում՝ ունենալով ընդդիմադիր քաղաքապետ: Ընտրություններում պետք է ոչ ասել իշխանություններին, սա «ոչ» -ի հանրաքվե է», - ասաց Ա.Ռուստամյանը:

Ա. Համբարձումյանն էլ նշեց, որ Դաշնակցության առաջարկությունները շահեկանորեն տարբերվում են մյուս քաղաքական ուժերի առաջարկություններից: Ծրագրերում ներառված դրույթները ևս, ըստ նրա, տարբերվում են մյուս քաղաքական ուժերի կողմից առաջ քաշած դրույթներից: «Մասնավորապես, առաջարկում ենք, որ Երևանի բյուջեի վերահսկողության նպատակով հանձնաժողով ստեղծվի, որի ղեկավարումը պետք է հանձնվի ընդդիմությանը: Այսպիսով, Երևանի բյուջեն առաջիկա տարիներին ավելանալու է հինգ անգամ», - ընդգծեց Ա.Համբարձումյանը:

Նա քննադատաբար անդրադարձավ ՀՀԿ-ի ցուցակին՝ նշելով, որ այնտեղ ներգրավված են մարդիկ, ովքեր կապ չունեն հանրապետականի հետ, և նրանց անվան տակ թաքնված բոլորովին այլ մարդիկ են կառավարելու:

«Մենք էլ ենք իշխանության մաս եղել: Լևոն Մկրտչյանը եղել է կրթության նախարար, բայց մի ուսուցչի կամ մի տնօրենի չեն ստիպել անդամագրվել Դաշնակցությանը», - ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Աղվան Վարդանյանը:

Այնուհետև նա նշեց, որ երկրի վիճակը վատանում է, մինչդեռ ՀՀԿ-ն դեռ ուզում է նորից կառավարել:

«Ուզում են ցույց տալ, որ սա ՀՀԿ-ի հետ կապ չունի, Տարոնի ընտրությունն է, բայց սուտ է, գնալու եք ընտրատեղամաս և քվեաթերթիկի վրա գրված է լինելու ՀՀԿ», - դիմելով ներկաներին ասաց Ա.Վարդանյանը և հավելեց. «Իմ համար հստակ է մի բան: Ով այս երկրում փոփոխություն է ուզում, պետք է քվեարկի ՀՅԴ-ի օգտին»:

Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցություն
դեպի վեր