MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +26 °C Tomorrow:+25 °C
Սովորական տղամարդ
22:42, 16.01.2024
380 | 0


Ինչպե՞ս է ստացվում, երբ աչքերդ բացում ես, անպայման ցանկանում ես տեսնել լույսը բացվե՞լ է թե՞ ոչ:

Դա վաղո՜ւց էր, արդեն կլինի երեք տարի:

Հիմա սովորությունն այլ է, բացում է աչքերն ու ցանկանում տեսնել կողքը պառկած, քնած իր տղամարդուն, նոր միայն աչքը գցում պատուհանին՝ վստահ, որ լույսը բացվելու վրա է:

Աչքերը բացեց, չնայեց տղամարդու կողմը, զգացել էր, որ կա, բայց լավ հիշում էր, որ աչքերը փակելիս դեռ չէր եկել:

Վեր կացավ անկողնուց ու գնաց դեպի պատշգամբ, գիտեր որ այդ ժամին փողոցում մարդ չի լինում ու իր կիսամերկ լինելը հետաքրքիր է միայն դանդաղ բացվող լուսաբացին:

Մատները տարավ շուրթերին ինչ-որ բան շշնջաց ընկերոջը՝ նոր ոտքի կանգնող արեգակին ու վերադարձավ սենյակ:

Հատակից բարձրացրեց վերնաշապիկը, հոտ քաշեց, զգաց թարմ խնձորի բուրմունք.

«Ինձ չէր հետաքրքրի այս հոտը, ես յասամանն եմ նախընտրում» - մտածեց, դառը ժպտաց ու տարավ լվացքի մեքենայի մեջ գցելու:

Ժամը 7.30 րոպե, գիտեր, որ հնչելու է ամուսնու հեռախոսի զարթուցիչը, իր ճղճղան ձայնով արթնացնելու է ամուսնուն:

Գիտեր, որ խոհանոց կմտնի, ետևից կգրկի կասի.

- Բարի լո՜ւյս, - կամ ոչինչ չի ասի, ինչպես վերջերս է անում, հետո կասի.

- Գիտե՞ս գործուղման էի մոտակա շրջան, ուշացա՜, չցանկացա արթնացնել, այնտեղ էլ բջջային հեռախոսները լավ չեն աշխատում…


Զարթուցի՜չը…

Լսվեց զգույշ մոտենալու ոտքերի ձայնը:

Ետևից գրկեցին պիրկ մարմինը:

- Գիտե՞ս, գործուղման էի…

- Գիտե՛մ, հասկացա՜:

- Աշտարակո՛ւմ էի:

- Ի՞նչու հեռուստատեսային աշտարակի վրա խնձո՞ր է աճում:

- Ի՞նչ խնձոր, ի՞նչ հեռուստատեսային, քաղաք Աշտարակում էի:

- Ա՜, նստիր հիմա պատրաստ կլինի նախաճաշը:

- Գիտես, որ սիրում եմ քեզ, - տեղավորվելով աթոռի վրա ասաց ամուսինը:

- Գիտե՜մ, դու նախաճաշիր ես պատշգամբում կլինեմ:

- Ի՞նչու:

- Չգիտե՜մ:

Քիչ հետո լսվեց դռան փակվելու տհաճ, բայց անխուսափելի ձայնը:


«Նույնիսկ չհամբուրեց գնալուց առաջ»

«Ի՞նչ անեմ»

«Ուզում եմ նայել նրան վերևից»

«Խոսե՜լ, պահանջել ճշմարտությո՞ւնը, կցավեցնեմ նրան»

«Ինքը մեղավոր չէ, որ ես սիրում եմ»

«Ես մեղավոր չեմ, որ կորցրել եմ հետքրքիր լինելս»


Աչքերը շքամուտքից չկտրելով, խոսում էր խուլ ու համր ապակու հետ, որը դեռ մի տարի առաջ կիսաբաց լինելով, արտացոլում էր իր մարմինը, որն այնքան դուր էր գալիս ամուսնուն:

Շքամուտքից դուրս գալով ամուսինը չնայեց վեր, ձեռքով չարեց, մոտեցավ իր մեքենային:


Նայում էր մի մարդու ետևից, որին իրոք սիրում էր, վստահում ամեն ինչ:

Մի պահ թվաց, թե նա հնարովի մի կերպար է, որին նա կարող է խաղալիքի նման հավաքե՜լ, քանդե՜լ, բայց դա ընդամենը պահ էր, քանի որ նրա հետ իրեն զգում էր ապահով ու վստահելի ձեռքերում:

Հետո ապակուն ասաց.

- Նա ընդամենը տղամա՛րդ է, սովորակա՛ն, մի քիչ ոչ հավատարիմ, բայց ի՛մ տղամարդը:

Ապակին լուռ էր որպես համաձայնության նշան:

- Երկա՞ր կարող եմ ցույց տալ, որ ամեն ինչ կարգին է, որ ամեն օր պատերազմ է իմ մեջ՝ սիրելի, անփոխարինելի լինելու ու ներքին սառը միայնության միջև…

Այս անգամ ապակին ուղղակի արձագանքեց.

- Նա ընդամենը տղամա՜րդ է, սովորակա՛ն…

- Բայց ես սիրո՜ւմ եմ նրան, - ձեռքով հարվածեց ապակուն, նույն ձեռքով մաքրեց արցունքներն ու պատշգամբից մտավ սենյակ…


Ս.Ումառ-Հարությունյան




The article published in the Spokesperson project.
Share with friends
Ստեփան Ումառ-Հարությունյան
22:03, 25.03.2024
324 | 0
14:27, 06.03.2024
307 | 0
00:16, 29.01.2024
450 | 0
22:42, 16.01.2024
380 | 0
21:28, 15.01.2024
396 | 0
13:30, 09.01.2024
499 | 0
13:16, 30.12.2023
507 | 0
12:50, 21.12.2023
471 | 0
21:14, 19.11.2023
438 | 0
23:34, 23.10.2023
489 | 0
10:18, 11.10.2023
484 | 0
to top