MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +25 °C Tomorrow:+25 °C
Երկու դոլարի սեր
13:16, 30.12.2023
508 | 0

- Բարև´:

- Բարև´, դու ո՞վ ես:

- Ե՞ս, ես Խիղճն եմ:

- Խի՞ղճը: Իսկ ինչո՞ւ ես այդքան կեղտոտ:

- Որովհետև ես քո Խիղճն եմ: Եկել եմ մաքրվելու…

- Ինձ մո՞տ, մի՞թե հնարավոր է:

- Չգիտեմ, փորձի´ր…


* * *

Գարունը շնչում է ուղիղ թիկունքին, տաքացնում…

Կարծես մի տաք ափ շոյում է բետոնե սառը մեջքը, ու անասելի հաճելի է:

Նա իր հետ է քայլ առ քայլ: Ու զգում է, որ պրծում չկա: Բայց վախենում է` գիտակցելով, որ իր վերջին գարունն է:

Վերջի՞ն:

Միգուցե:

Ագահորեն կլանելով ծխախոտի ծուխը և ձմռան վերջին մահացող սառը օդը` ցանկանում է նորից սիրահարվել, նորից զգալ ուրիշ ջերմ մատների հպում` ապրելու վերջին ճիգերն անող մարմնին…

Ցանկանում է բղավել, որ չի վախենում, չի ընդդիմանա, բայց կդիմանա՞:


* * *

Սուրբ Սարգիս եկեղեցու պատը համեմատաբար տաք է:

Իր տեղն է: Այստեղ ուրիշ փող մուրացող չի գալիս: Դեռ երեսուն չկա, բայց որ աշխատանք չունի, ի՞նչ կարող է անել:

Այսօր էլ իմացավ Տեր հորից, որ հարսանիք կա, սովորականից ավելի շուտ է եկել:

Տեսնողին կթվա, թե 50-60 տարեկան է` չսափրված, անխնամ, կեղտոտ մազերով, քրքրված շորերով…

Ծանոթներից շատերը չեն կարողանում ճանաչել, բայց ինքը ճանաչում է ու գլուխը կախ` բռան մեջ հավաքում տված լումաները:

Անիծյա´լ կյանք…չէ´, ինքն է անիծված…և կարծես թե` տեղին:


Լումաներով լիքը բուռը դատարկեց գրպանում ու նորից մեկնեց ձեռքը…

Խոնարհած աչքերի առջև կանգնեցին կանացի զույգ ոտքեր, ափի մեջ իջավ հազար դրամանոց թղթադրամ:

Նայի՞ վերև, թե՞ ոչ…

Տատանման մի քանի վայրկյան, ու աչքերը հառեց վեր:

Կինն ուշադիր նայեց: Հետո, կարծես, աչքերը լցվեցին:

Նորից բացեց պայուսակն ու երկու դոլարանոց թղադրամ դրեց ափի մեջ…

- Սա երջանկություն է բերում, հավատա´…


* * *

Տեր Հովհաննեսն սպասում էր հյուրի:

Անհամբեր հետ ու առաջ էր քայլում եկեղեցու հարևանությամբ գտնվող իր տան հյուրասենյակում:

- Մարիա´մ, իմ քաշած օղո´ւց դիր, թթո´ւն էլ ավելացրու, մայրդ ո՞ւր է:

- Կգա: Իջել է նկուղ` գինի հանելու: Ես վախենում եմ մկներից:

- Մեծ աղջիկ ես: Դեռ ուզում ես գնալ Երևան` սովորելու: Դու մենակ ապրել չես կարող:

Մինչև հիմա շանն էլ ճաշ չես կարողանում մոտեցնել:

- Պա´պ, դու էլ լավ գիտես, որ շուն չէ, այլ գայլ, իզուր…-, չշարունակեց` հիշելով գայլի ժանիքները:

Գայլը միայն Տեր հորն էր իրեն մոտ թողնում:


* * *

Ձագ էր, երբ հայրը բերեց տուն:

Մեծացավ աննկատ ու դարձավ, ինչ պետք է դառնար` գազան…

Սկզբից գայլն ամեն օր սպասում էր իրեն դպրոցի մոտ: Երբ ավարտական դասարանում էր, գայլի ձագը կծեց համադասարանցիներից մեկին, որը փորձ էր արել քաշել իր թևը:

Սկսեցին կապել շան բնում: Կատաղեց ու մինչև օրս ոչ մեկին չի ընդունում:


* * *

Հյուրը, որին սպասում էր Տեր Հովհաննեսը, տան հարևանությամբ գտնվող զինվորական զորամասի հրամանատար մայոր Ավագյանն էր:

Երբ նստեցին սեղանի մոտ, Տեր հայրը չդիմացավ ու հարցրեց.

- Հը´, Հրա´չ, նորակոչիկներից մի բան կա՞: Գիտեմ, որ հենց այնպես չէիր գա:

- Մի հատ խմե´նք, կխոսենք: Ես քո քաշած մորու օղին պաշտում եմ, գիտե´ս, չէ՞:

Նրանց միացավ նաև երեցկինը` Վերան:

Երբ բավականին խմեցին, Վերան գնաց սուրճ պատրաստելու, մայորը սկսեց խոսել:

- Նորակոչիկների մեջ մի զինվոր կա, շուն պահող է եղել, Գել Գևոր են ասում, Երևանի` 3-րդ մասի տղա է: Ծնողներ չունի, տատի, պապի հետ է ապրում: Չեմ հասկանում ինչպե՞ս է ընկել Ղարաբաղ: Ուղարկե՞մ մոտդ:

- Փորձենք, փա~ռք շատ, Աստվա´ծ: Այդ գայլի ձագը Աստծո տված նվեր է, պետք է վարժեցնել:


* * *

Գևորգն ու Մարիամը շատ շուտ ընկերացան:

Գայլն էլ մեկ ամսվա ընթացքում դարձավ կառավարելի ու հանգիստ:

Ման էր գալիս առանց պարանի ու հստակ կատարում Գևորգի հրամանները:

Գևորգը ոչ միայն գայլին վարժեցրեց, այլ նաև գրավեց Մարիամի սիրտը: Աչքաբաց տղա էր, մարդամոտ, շուտ ընտելացավ Տեր հոր ընտանիքին:

Զորամաս չէր գնում, միայն անհրաժեշտության դեպքում: Ամբողջ ցերեկը գայլի հետ թափառում էր մոտակա անտառում:

Շաբաթը մեկ ներկայանում էր զորամաս ու նորից` Տեր Հովհաննեսի տուն:

Օգնում էր բոլոր հարցերում:

Ե´վ Տեր հայրը, և´ նրա կինը նկատել էին դստեր ու Գևորգի մտերմությունը, ու թեև դեմ չէին, բայց աչալուրջ էին:

Գևորգը քնում էր նրանց տան առաջին հարկում:

Ծառայող ընկերներ ուներ` Երևանից` Անդրանիկն ու Հրազդանից` Սարգիսը, որոնք հաճախ էին լինում Տեր հոր տանը:

Ճաշում էին միասին: Գիշերները լոտո խաղում…

Հաճախ էին ծնողները տեսնում Մարիամին Գևորգի հետ այս կամ այն գործն անելիս կամ շշուկով խոսելիս:

Ծառայությունն անցնում էր արագ ու ոչ զինվորական կարգով, ինչը գոհացնում էր բոլորին:

Մի անգամ էլ Գևորգը ցուցադրեց գայլի՞, թե՞ իր շնորքը:

Ծխախոտը դրեց բերանն ու կողքը նստած գայլին հրամայեց.

- Կգնաս խոհանոց: Ձախ կողմի դարակին` գազօջախի մոտ, լուցկի կա դրած, կվերցնես ու կբերես ինձ, հասկացա՞ր: Արա´գ:

Գայլն արագ սլացավ դեպի խոհանոց ու վերադարձավ, բերանում սեղմած լուցկու տուփը բերեց, դրեց Գևորգի ոտքերի մոտ:

Բոլորը հիացած էին:

Հետո, երբ Մարիամի հետ մենակ էին, բացատրեց, որ բացարձակ կապ չունի, թե ինչ լեզվով և ինչ է ասում գայլին: Գայլը, երբ տեսնում է բերանում ծխախոտ, գիտի, թե ինչ պետք է անի. ահա ամբողջ գաղտնիքը:

Մի քանի անգամ մայոր Ավագյանը Տեր հորը զգուշացրել էր.

- Հարկավոր է զգույշ մնալ: Ի՞նչ իմանաս, ի՞նչ ընտանիքի տղա է, ի՞նչ կա մտքում: Այսպես ես էլ կծառայեի:

- Նորմալ տղա է, Հրա´չ, մի´ մտածիր: Շուտով մեկ տարի կլինի, որ մեր ընտանիքում է, ոչ մի ավելորդ բան չենք նկատել` ո´չ ես, ո´չ էլ Վերան: Լա´վ կլինի:

Մեկ ամիս էր մնացել, որ զորացրվեր, երբ մի օր Գևորգը մտավ Տեր Հովհաննեսի սենյակ:

- Ես ու Մարիամը որոշել ենք միասին գնալ: Ես նրան ինձ հետ տանում եմ Երևան:

- Ինչպե՞ս, առանց մե՞զ…

- Մենք կգնանք ու հետո ձեզ կկանչենք: Դե, արդեն երկուսով որոշել ենք: Մի բան պետք է խնդրեմ: Մեկ օրից Մարիամի ծնունդն է, բայց ես նվեր չունեմ, չգիտեմ ինչ անեմ:

Երկար նայեց Տեր Հովհանեսը նրան:

Դարակից հանեց ու մի փոքրիկ աղոթագիրք մեկնեց Գևորգին:

- Սա կնվիրես, սա լավ նվեր է:

Հետո մոտեցավ Տիրամոր սրբապատկերին, ձեռքը երկարեց ու նկարի հետևից հանեց երկու դոլարանոց մի թղթադրամ:

- Սա երջանկություն է բերում: Սա դրամ չէ, խորհրդանիշ է` բախտի նշանակ: Հասկանո՞ւմ ես ինձ:

Սրա վրա փոխվել է երեք մարդու դիմանկար: Հասկանո՞ւմ ես, թե երեքն ինչ է խորհրդանշում: Առաջինը Ալեքսանդր Համիլտոնի դիմանկարն էր: Երկորդը` Թոմաս Ջեֆերսոնինը, որը 33 տարեկան էր անկախության դեկլարացիան ընդունելիս և Ամերիկայի երրորդ նախագահը: Նկարի հետևում նաև երկրորդ նախագահ Ադամսն է, որի ոտքը կարծես տրորում է Ջեֆերսոնը:

Ամեն ամերիկացի չէ, որ ձեռքում պահել է երկու դոլարանոց թղթադրամ:

Գիտե՞ս ետևում ինչ է գրված, «Մենք հավատում ենք Աստծուն»:

- Երկու դոլարանոց թղթադրամը նաև…

Ուշադիր լսում էր Տեր Հովհաննեսի բացատրությունները:

Շատ երկար եմ պահել: Ուզում էի որդի ունենալուց նվիրել նրան, բայց…նվիրում եմ քեզ` գնալուցդ առաջ:


Վերջին օրվա գիշերը գայլն անհանգիստ էր: Ոռնում էր:

Ժամը երեքն էր, երբ տիկին Վերան իջավ առաջին հարկ, որտեղ Գևորգն էր քնում: Մթան մեջ տեսավ ծխախոտի կրակը:

- Անկողնում մի´ ծխիր: Ինչո՞ւ է ոռնում, քնել չի լինում: Դո՞ւ ինչու չես քնում:

- Երևի զգում է, որ գնալու եմ: Հիմա կհանգստացնեմ:

Դուրս եկավ տանից: Մոտեցավ գայլին: Նստեց բնի մոտ, գրկեց գլուխը:

Գայլը ձայնը կտրեց, դունչը դրեց ոտքերին ու նայում էր տղայի աչքերի մեջ:


* * *

Տեր Հովհաննեսի խնդրանքով միաժամանակ` նույն օրը զորացրվեցին և Գևորգի ընկերները` Անդրանիկն ու Սարգիսը:

Ավտոբուսը դեռ Գորիս քաղաքին չհասած` խաթարվեց:

- Ոչի´նչ, մինչև Գորիս մի կերպ կհասնենք, առավոտյան կշարունակենք, - ասաց վարորդը:

- Բոլորիդ էլ կտեղավորենք հյուրանոցում, մի երեք ժամվա պատմություն է սարքելը:

Հյուրանոցում նրանց առաջարկեցին մեկ` երկու և մեկ` մեկ տեղանոց համարներ:

- Երկու տեղանոցում մի ծալովի մահճակալ կդնենք, - ասաց աշխատողը, - մի գիշեր է, էլի:

Մեկ տեղանոցում տեղավորվեց Մարիամը:

Տղաները երկու տեղանոցում իրերը դասավորելուց հետո իջան բար:

Գիշեր էր, երբ նրանց սենյակի ձայներից Մարիամն արթնացավ:

- Դու էլ պետք է ասես, որ ծառայել ես, հա՞: Երկու տարի այդ տերտերի քամակը մտած ապրեցիր, կնկան, աղջկան, ինչ ասես արեցիր…, - Անդրանիկի ձայնն էր:

- Արա´, քո տեղը մենք հա´մ հատակ ենք լվացել, հա´մ գործ ենք արել, հիմա մե՞ր վրա ես մուննաթ գալիս…հլա սրան նայիր, ծալովի մահճակալի վրա էլ չի ուզում մի օր քնի…

- Ձեզ ի՞նչ, ով ոնց կարողանում է, այնպես էլ…- Գևորգի ձայնն ավելի ցածր էր լսվում:

Հետո ձայներից հասկացավ, որ կռվում են, հարվածում իրար: Վեր կացավ ու վազեց դեպի սենյակը:

Երբ բացեց դուռն ու ներս մտավ, Գևորգը հատակին էր` գլուխը բռնած, իսկ ընկերները ոտքերով հարվածում էին:

Ամբողջ երեսն արյունոտ էր…

Փորձեց մոտենալ, բայց զարմացած նայեց հարվածող տղաներին ու չհասկացավ, նրանց վայրի ժպիտի պատճառը:

Երբ հասկացավ, որ ժպտում են իր կիսամերկ մարմնին նայելով, ուշ էր արդեն:

Անդրանիկը մոտեցավ ու մազերից քաշելով` գցեց հատակին:

Սարգիսը ձեռքով բերանը փակեց:

Կծկվեց, փորձեց կծել բերանը փակող ձեռքը, բայց մի ուժեղ հարված ստացավ գլխին:

Զգաց, որ պատռելով հանում են իր գիշերանոցը…

Երկար չկարողացավ դիմադրել ու երևի անզորությունից կորցրեց գիտակցությունը …

… Երբ աչքերը բացեց, լուսացել էր:

Հիշեց ու նայեց կողքերը: Հյուրանոցի` իր համարում էր` պատառոտված ու արյունոտ գիշերանոցով:

Գլխի մոտ` բարձի վրա ընկած էր երկու դոլարանոց մի թղթադրամ..


* * *

- Ավտոբուսը մի երկու ժամ առաջ է գնացել: Տղաներն ասացին, որ դու մնում ես, քեզ չարթնացնենք, - հյուրանոցի աշխատող կինը հետաքրքրությամբ նայում էր ամբողջովին իրեն կարգի չբերած Մարիամին:

- Աղջի´կ ջան, բա այդ տարիքում խմո՞ւմ են այդքան, չգիտե՞ս, որ չարիք է…

- Կարո՞ղ եմ զանգել: Խնդրում եմ, ընդամենը մի քանի րոպե:

Կինը դեպի Մարիամը հրեց հեռախոսը:

- Երկար չխոսես:

- Մա´մ, բարև´, պապան ո՞ւր է:

- Հասե՞լ եք, Մարիա´մ ջան, ամեն ինչ լա՞վ է: Պապան տարավ գայլին թաղելու անտառում: Գիշերը գյուղացիները կրակել, սատկեցրել էին: Կատաղել էր, երեկ ցերեկը մի հարևանի շանն էր գզել, մյուսի` հորթին…

- Մա´մ, պապային ասա` գա հետևիցս: Ես Գորիսում եմ, հյուրանոցում…


* * *

- Սա երջանկություն է բերում, հավատա´…

Մարիամի ոտքերը դանդաղ հեռանում էին աչքերից, իսկ ականջներում Տեր Հովհաննեսի խոսքերն էին.

«Ամեն ամերիկացի չէ, որ ձեռքում պահել է երկու դոլարանոց թղթադրամ: Երկու դոլարանոց թղթադրամը նաև…

…Վիետնամի պատերազմի ժամանակ վիետնամուհիների` ամերիկացի զինվորներին մատուցած սեքս ծառայություններն արժեին երկու դոլար և դա պատահական չէր քանի որ հինգ դոլարանոց թղթադրամիներին, որոնցով սովորաբար վճարվում էին վարձու զինվորները, վիետնամուհիները երբեք մանրադրամ չէին ունենում վերադարձնելու:

Երկու դոլարանոց թղթադրամը դարձավ նաև սիրո վաճառքի խորհրդանիշը…

Ուշադիր կլինես, զգույշ կվերաբերվես…»:


* * *

Գևորգը նայեց ձեռքի ափին, ու կարծես թղթադրամը խոսում էր իր հետ.

-Ես քո Խիղճն եմ:

Եկել եմ մաքրվելու…







The article published in the Spokesperson project.
Share with friends
Ստեփան Ումառ-Հարությունյան
22:03, 25.03.2024
324 | 0
14:27, 06.03.2024
307 | 0
00:16, 29.01.2024
452 | 0
22:42, 16.01.2024
381 | 0
21:28, 15.01.2024
397 | 0
13:30, 09.01.2024
499 | 0
13:16, 30.12.2023
509 | 0
12:50, 21.12.2023
472 | 0
21:14, 19.11.2023
439 | 0
23:34, 23.10.2023
490 | 0
10:18, 11.10.2023
485 | 0
to top