ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Արցախի Հանրապետության ԱԺ-ն հայտարարություն է տարածել
14:00, 22.12.2022 | mamul.am
6215 | 0

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հարցով միջազգային արձագանքների մասին. «2022թ. դեկտեմբերի 12-ին՝ կեղծ բնապահպանական պատրվակով, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները, Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակումը հումանիտար աղետի վերածվելու և փխրուն խաղաղությունը խաթարելու ու տարածաշրջանային նոր ապակայունացման միտում ունի:

Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինը երախտագիտություն է հայտնում խնդրով մտահոգ երկրներին, միջազգային կառույցներին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ՄԻԵԴ-ին՝ Ադրբեջանի կողմից շրջափակված Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունում ստեղծված հումանիտար ճգնաժամային իրավիճակին արձագանքելու համար: Արցախի Հանրապետության Ազգային ժողովը դիմում է ՄԱԿ-ին՝ բնապահպանական մտացածին պատրվակով Ադրբեջանի իշխանությունների սադրանքները քողազերծելու, տարածաշրջանային բնապահպանական հիմնախնդիրներին ծանոթանալու և համապատասխան եզրակացություններ ներկայացնելու նպատակով կիրառել միջազգային անհրաժեշտ գործիքակազմեր, մասնավորապես Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) շրջանակում մոնիտորինգային խումբ գործուղել Արցախի Հանրապետություն և հարակից տարածքներ:

Ակնկալում ենք գործուն քայլերով հանգուցալուծելու տարածաշրջանում ստեղծված ճգնաժամային իրավիճակը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր