ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +18 °C ... +31 °C Վաղը`+28 °C
«Թումանյան թանգարանի տնօրենին կառաջարկեմ դատարան դիմել». Նարինե Թուխիկյան
22:42, 31.10.2023 | mamul.am
5344 | 1

ԿԳՄՍՆ նախկին փոխնախարար Նարինե Թուխիկյանը գրել է. «Թումանյան թանգարանի տնօրենին կառաջարկեմ
դատարան դիմել
Վերջին արհավիրքից հետո, ես որևէ գրառում այս կամ այլ հարթակներում չեմ արել: Անիմաստ էր թվում գրվելիք ամեն բառը: Բայց Թումանյանի թանգարանի շուրջ ծավալված դեպքերին չեմ կարող չանդրադառնալ: Այն, ինչ կատարվեց, ոտնձգություն է թանգարանի վերելքի հանդեպ: Իհարկե, Հայաստանում կատարված և կատարվող դեպքերի համատեքստում այս պատմությունը շատ լավ ներդաշնակվում է՝ ծուռ հայելիների, անբովանդակության, Հայաստանյան և, ընդհանրապես, հայկական արժեքների նկատմամբ քինախնդրության հետ: Ինչևէ: Նախարարության հիերարխիկ բոլոր աստիճաններում ծառայողները կարևոր նպատակ պետք է ունենան՝ սատարել, օգնել ստեղծարար մտքով, կարողություններով, գաղափարներով, անշահախնդրությամբ տոգորված պետական կամ ոչ պետական կառույցներին: Իսկ այն կառույցները, որ այդպիսին չեն, պետք է հասկանալ պատճառները և էլի սատարել բարձրացնելու համար: Բարձրացնելու, ոչ թե ոչնչացնելու: Չինովնիկներ, հիշե՛ք, առանց լավ աշխատող թանգարանների, գրադարանների, թատրոնների, դուք ոչինչ եք:
*Փորձը ցույց է տալիս, որ «ոչինչները» սովորաբար մեծ ամբիցիաներ են ունենում, սնափառ են և մանրախնդիր: Իրենց ենթակայությամբ աշխատողների նկատմամբ բանեցնում են բարոյական ճնշում և անապահով մթնոլորտ են ստեղծում: Սովորաբար իրենց անպարտելի են զգում հանրային ծառայողի իմունիտետով, պաշտոնի ընձեռնած լծակները օգտագործում են վնասարարության համար, ինչպես եղավ Թումանյանի թանգարանի պարագային: Ի՞նչ շարժառիթներով (գուցե անձնական) վարչության որոշ պաշտոնյաներ, որ իրենց կարևոր անձ են երևակայում, նյութեցին այս դավերն Անի Եղիազարյանի հանդեպ: Եթե նույնիսկ թղթաբանական կամ որևէ այլ թերացում է եղել տնօրենի կողմից, ինչո՞ւ նախազգուշացնող իրավական քայլեր չարվեցին, ինչո՞ւ նկատողությամբ հնարավոր չէր սահմանափակվել: Նժարներին չդրվեցին արված մեծ և որակյալ աշխատանքը մի կողմից և թերացումը՝ մյուս: Անին Սահմանադրությո՞ւն էր խախտել, ՀՀ-ի տարածքը հրապարակավ ճանաչել էր առանց Դսեղ գյուղի՞, թե ինչ առավել սոսկալի բան էր կատարել: Անիին կառաջարկեմ դատարան դիմել:
*Ոլորտի ներքին խոհանոցին ծանոթ մարդիկ գիտեն ով՝ ով է այս պատմության մեջ: Այս դեպքով լյուստրացիա տեղի ունեցավ, իրենց մեծ կարծող, բայց իրականում փոքրիկ մարդկանց լյուստրացիա: Այնպես որ, լավագույն տարբերակը նրանց համար կլինի կամավոր ազատման դիմում գրելը:
* Դուք ոչ միայն կորցրիք թանգարանի մի ուժեղ տնօրեն, այլև կորցրիք ինքներդ ձեզ:
Հ.Գ. Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած: Հ.Թ.»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր