ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +18 °C ... +31 °C Վաղը`+28 °C
Դատախազը քրեական հետապնդում է հարուցել Կարեն Վանեցյանի նկատմամբ
10:30, 04.11.2023 | mamul.am
4762 | 1

Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 1-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Շվեյցարիայի Համադաշնության և Հայաստանի Հանրապետության քաղաքացի Կ.Վ-ի նկատմամբ՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար (փողերի լվացում):

Քրեական վարույթով պարզվել է, որ Կ.Վ-ն, հանդիսանալով Կիպրոսի Հանրապետությունում գրանցված՝ ՀՀ ոչ ռեզիդենտ կազմակերպության իրական շահառու, նշված կազմակերպության միջոցով 2018 թվականի հուլիսի 23-ին ձեռք է բերել և տնօրինել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության 12.5 տոկոս բաժնետոմսերը:

Նշված՝ հանցավոր ճանապարհով ստացված 12.5 տոկոս բաժնետոմսերը, փաստացի պատկանել են 2013-2018 թվականների ընթացքում Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը զբաղեցրած Մ.Մ-ին և գրանցված եղել «Զանգեզուր Մայնինգ» ՍՊ ընկերության անվամբ:

Կ.Վ-ի կողմից բաժնետոմսերի ձեռքբերման նպատակն է եղել թաքցնել դրանց հանցավոր ծագումը, իրական բնույթը:

Մասնավորապես՝ նախապես մշակված հանցավոր սխեմայի կիրառմամբ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության համար ակնհայտ անշահավետ պայմանագիր է կնքվել Մ.Մ-ին փաստացի պատկանող ընկերության և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության միջև: Արդյունքում՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունն առանձնապես խոշոր չափով տոկոսագումարներ է վճարել Մ.Մ-ին փաստացի պատկանող ընկերությանը:

Այնուհետև, հանցավոր ծագում ունեցող վերոնշյալ ֆինանսական միջոցների հաշվին, Մ.Մ-ին փաստացի պատկանող ընկերության միջոցով, ձեռք են բերվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության 12.5 տոկոս բաժնետոմսերը:

2018 թվականին Մ.Մ-ն «Զանգեզուր Մայնինգ» ՍՊ ընկերության անվամբ գրանցված, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության 12.5 տոկոս բաժնետոմսերի ձեռքբերման հանցավոր ծագումը, պատկանելությունը, տնօրինման եղանակը թաքցնելու նպատակով Կ.Վ-ի հետ համաձայնություն է ձեռք բերել՝ տվյալ գույքը վերջինիս համար ակնհայտ շահավետ պայմաններով փոխանցելու շուրջ:

Արդյունքում՝ Կ.Վ-ն, տեղեկացված լինելով, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության 12.5 տոկոս բաժնետոմսերը Մ.Մ-ին պատկանող ընկերությանն են անցել հանցավոր ճանապարհով, նպատակ ունենալով իր համար ակնհայտ շահավետ պայմաններով դառնալ այդ բաժնետոմսերի փաստացի սեփականատեր, միաժամանակ թաքցնել և խեղաթյուրել այդ գույքի հանցավոր ծագումը, պատկանելությունը, տնօրինման եղանակը, դրան հաղորդել է օրինական քաղաքացիաիրավական գործարքների արդյունքում ստացված գույքի տեսք:

Կ.Վ-ն 1 մլրդ դրամով և 13 մլն ԱՄՆ դոլարով օֆշորային կազմակերպության միջոցով ձեռք է բերել և տնօրինել հանցավոր ճանապարհով ստացված, առանձնապես խոշոր չափերով՝ առնվազն 14 մլրդ 526 մլն 300 հազար դրամ արժողությամբ գույքը:

Նախաքննության ընթացքում Կ.Վ-ի գտնվելու վայրը պարզել հնարավոր չի եղել:

Միջնորդություն է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ Կ.Վ-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։

Ըստ տեղեկությունների՝ Կարեն Վանեցյանը Արթուր Վանեցյանի հորեղբորորդին է։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր