ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+34 °C, +18 °C ... +34 °C Վաղը`+32 °C
«Սկանդալային պատմություն և հետաքրքիր «շղթա»»․ Հակոբ Բադալյան
16:48, 09.12.2023 | mamul.am
4677 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բրիտանա-հունական լարվածության և աղմկոտ պատմության ֆոնին Թուրքիայի նախագահ Էրդողանը այցելում է Հունաստան: Բրիտանիայի հետ սկանդալը իհարկե հրապարակավ չի քննարկվել, բայց Թուրքիան էլ որոշակի առնչություն ունի դրան:
Աղմկոտ պատմությունը կապված է Լոնդոնի թանգարանում պահվող հին հունական քանդակների հետ, որոնք Ակպրոպոլիսից են՝ Պարթենոնի տաճարից: Նոյեմբերի վերջին Բրիտանիայի վարչապետ Սունակը վերջին պահին չեղարկեց Հունաստանի վարչապետի հետ հանդիպումը, որը ժամանել էր Լոնդոն, հենց այն պատճառով, որ նա հարցազրույցում խոսել էր այդ քանդակների Հունաստան վերադարձի անհրաժեշտության մասին:
Թուրքիայի առնչությունն այստեղ իհարկե պատմական է: Քանդակները, որոնք Հունաստանն այժմ համարում է իր անվիճելի ազգային հարստությունը, տեղափոխվել են այն ժամանակ, երբ Աթենքը եղել է Օսմանյան կայսրության տիրապետության տակ: Քանդակները Բրիտանիա է տեղափոխել լորդ Էլգինը, որ եղել է Օսմմանյան Կայսրությունում Բրիտանիայի դեսպանը: Նա Սուլթանից հարցրել եւ ստացել է թույլտվություն՝ պեղումների արդյունքում ի հայտ եկողը ըստ հայեցողության տեղափոխել Բրիտանիա: Իսկ 1816 թվականին Բրիտանիայի խորհրդարանը ընդունել է օրենք, որն արգելում է Լոնդոնի թանգարանում գտնվող քանդակները հանել երկրից:
Եվ ահա, այդ պատմության առիթով լարվածության նոր բռնկման ֆոնին, Օսմանյան Կայսրության «մարմաջով» ապրող Էրդողանը մեկնում է Հունաստան: Անշուշտ, սա բոլորովին չի նշանակում, թե այդ պատմությունն է այցի պատճառը: Կան երկկողմ և ռեգիոնալ բազմաթիվ այլ կարեւոր հարցեր, բայց բոլոր դեպքերում այդ հանգամանքն էլ ուշագրավ է, հաշվի առնելով նաեւ բրիտանա-թուրքական հարաբերության հանգամանքը:
Ի դեպ, այդ ֆոնին մեկ այլ ուշագրավ հանգամանք է, որ Հունաստանից վերադարձին՝ օդանավում Էրդողանը որոշում է դժգոհել Հայաստանին Ֆրանսիայից ռազմական մատակարարման առնչությամբ, դա գնահատելով սադրանք: Եթե Թուրքիան այդ թեմային անդրադառնում է Էրդողանի մակարդակով, այն էլ Հունաստանից վերադարձի ճանապարհին, սա թերևս վկայում է, որ այն տեղավորվում է բավականին էական հարցերի մի շրջանակում, որ շոշափվել են Հունաստանում:
Ի դեպ, այստեղ դիտարժան է նաև հանգամանքը, որ հույն-թուրքական միջերկրծովյան լարվածության թեժ պահին Ֆրանսիան՝ բնականաբար ելնելով իր շահերից ու խնդիրներից, ընդհուպ ռազմական դիրքավորում էր ունեցել Հունաստանի «կողքին»:
Նախօրեին ուշադրություն էի դարձրել գուցե ոչ մեծ նշանակություն ունեցող, բայց հետաքրքիր հանգամանքին, որ Ֆրանսիան փաստորեն բոլոր խոշոր դերակատարներից վերջինն էր, որ արձագանքեց հայ-ադրբեջանական համատեղ հայտարարությանը:
Միաժամանակ, այդ ֆոնին ուշագրավ է, որ Էրդողանի այցից հետո տեղի է ունենում Հայաստանի և Հունաստանի արտգործնախարարների հեռախոսազրույց, և Հայաստանի նախարարը նրան հրավիրում է Հայաստան»։

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր