ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ․ «Եթե կենդանասեր ես, չի նշանակում, որ մարդատյաց ես։ Եթե խոսում ես մարդու իրավունքներից, չի նշանակում, որ կողմ ես թափառող կենդանիների սպանդին։ Պետք է բացառել հասարակության մեջ սերմանվող արհեստական պառակտումը (սևեր-սպիտակներ, նախկիններ-ներկաներ, արցախցիներ-հայաստանցիներ, հիմա էլ՝ կենդանասերներ, մարդատյացներ)։ Հարկավոր է միավորել ջանքերն ու պահանջել իշխանություններից և իրավապահ մարմիններից՝ պատշաճ կատարել իրենց գործառույթը՝ ստերջացման համակարգի լիարժեք իրականացում, կացարանների կառուցում, կենդանիների անվերահսկելի բուծման կամ որպես անպիտան իր՝ տանից դուրս հանելու կանխում, կրթադաստիարակչական մեթոդների կիրառում, կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի բացառում, ինչն, ի դեպ, ՀՀ օերնսդրությամբ քրեորեն պատժելի արարք է, և այլն։ Այլապես, երբ խնդիրը մնում է բարձիթողի, այն հայտնվում է մարդ-կենդանի բախման տիրույթում, և արդյունքում ունենում ենք երկուստեք ցավալի դեպքեր։ |