ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Մանկապղծության դեպքերի մեծ մասն ընտանիքի ներսում են»․ Դավիթ Թումասյան
09:30, 25.12.2023 | mamul.am
2653 | 0

Փաստաբան Դավիթ Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Երեխայի նկատմամբ սեռական հանցագործությունները նոր երևույթ չեն, սակայն վերջին տասնամյակում դրանց թիվն էականորեն աճել է ամբողջ աշխարհում: Որքան խստացվում են օրենքները, որքան իրազեկվում են մարդիկ, այդքան ավելանում են քրեական վարույթները: Եվ դա ոչ թե նշանակում է, որ դեպքերն են ավելանում, այլ դիմելիությունն է շատացել: Ու ներկայումս բացահայտվում են տարիներ առաջ տեղի ունեցած բազմաթիվ դեպքեր: Դա կիրառելի է նաև Հայաստանի համար: ՀՀ-ում նախկինում եղել են քրեական գործեր, որոնցով տուժողների թիվը եղել է 10-ից ավելին, իսկ մյուսները տուժող չեն ճանաչվել, քանի որ նրանք արդեն չափահաս էին ու պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն էր անցել, ինչը վկայում էր բազմաթիվ երեխաների նկատմամբ տարիներով իրականացվող սեռական բռնության մասին: Ներկայումս, մեկ քրեական գործերով տուժող երեխան մեկն է, հազվադեպ՝ 2-3-ը, ինչը նշանակում է, որ բռնարարները չեն հասցնում այլ երեխաների նկատմամբ էլ կատարեն սեռական հանցագործություններ: Այնուամենայնիվ, այս հանցագործություններն ունեն շատ բարձր լատենտայնություն, ընդ որում՝ երբեմն երեխայի ընտանիքին է թաքցնում այն՝ այդկերպ փորձելով երեխային պաշտպանել հասարակական պարսավանքից կամ այլ բացասական ազդեցությունից:
Ըստ միջազգային վիճակագրության՝ երեխաների նկատմամբ սեռական հանցագործությունների 80% կատարվում է երեխաներին ծանոթ անձանց կողմից (ըստ դեպքերի նվազման՝ խորթ հայր, ընկեր, ընտանիքի այլ անդամ, ընտանիքի ընկեր, խորթ մայր, քույր-եղբայր, նույն դպրոցի աշակերտ և այլն): Ավելին, յուրաքանչյուր 100-րդ տղամարդ և յուրաքանչյուր 400-րդ կին ամբողջ աշխարհում առնվազն մեկ անգամ ունեցել է սեռական հարաբերություն երեխայի հետ: Հաշմանդամություն ունեցող երեխաները 3 անգամ ավելի հաճախ են ենթարկվում սեռական բռնության, քան հաշմանդամություն չունեցող երեխաները: Մանկապղծությունը լինում է ինչպես համասեռական, այնպես էլ հետեռոսեռական, այսինքն՝ կարող են տուժել և՛ աղջիկ, և՛ տղա երեխաները՝ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց կողմից բռնության ենթարկվելով: Իհարկե, դեպքերի 70-80%-ում տուժում են աղջիկ երեխաների, իսկ բռնարարների 80-90%-ը տղամարդիկ են: Ընդ որում, դեպքերի մեծամասնությունը ներընտանեկան է:
Ավելին, պարտադիր չէ, որ անձն ունենա «մանկապղծություն (պեդոֆիլիա)» կամ «պատանեկամոլություն (էֆեբոֆիլիա)» ախտորոշում որպեսզի կատարի երեխայի նկատմամբ սեռական հանցագործություն: Դեպքերի մեծամասնությունը վկայում է, որ երեխաները թիրախավորվում են նրանց սոցիալ-հոգեբանական ու տարիքային առանձնահատկություններից ելնելով, քանի որ չեն հասկանում իրենց հետ կատարվածը, չեն կարողանում դիմադրել կամ չեն գիտակցում, որ պետք է դիմադրել, հոգեբանական կամ այլ կախվածություն ունեն բռնարարից, չունեն բավարար իրազեկվածություն դիմելիության կամ պաշտպանություն ստանալու վերաբերյալ: Հետևաբար, յուրաքանչյուր ծնող պետք է ուշադիր լինի իր երեխայի նկատմամբ ու կարողանա ցանկացած իրավիճակում տա օբյեկտիվ գնահատական ու ռացիոնալ լուծում: Այն, որ առավել խոցելի են միակողմանի ծնողազուրկ աղջիկ երեխաները, ում մայրերը երկրորդ անգամ ամուսնացել են կամ ունեն կողակից, փաստ է, և դեպքերի 50%-ից ավելին դրա վառ ապացույցն է: Հետևաբար, երեխայի լավագույն շահով առաջնորդվելը ցանկացած իրավիճակում առաջնային է, և երեխայի պաշտպանության հիմնական պարտականությունն ունեն ծնողները, իսկ դա չկատարելու դեպքում՝ պետությունն իր բոլոր կառուցակարգերով պետք է պաշտպանի երեխաներին (խոսքը ոչ միայն դեպքից հետո արձագանքելու, այլ հիմնականում՝ կանխարգելելու մասին է):
Հ.Գ. Կարդացեք Վլադիմիր Նաբոկովի «Լոլիտան», որը գրվել է դեռ 1955թ-ին, և հասկացեք, որ այդ Գումբերտ Գումբերտները կան նաև մեր իրականության մեջ, և նրանք պատրաստ են տարաբնույթ քայլերի՝ իրենց նպատակներին հասնելու համար»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր