ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+31 °C
Բոլոր հակամարտությունների լուծման աղբյուրն ուժն է». Հակոբ Բադալյան
02:06, 10.04.2024 | mamul.am
1472 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մենք շատ հստակ ասել ենք, որ այս հակամարտության կարգավորման ճանապարհը, ի վերջո, գտնվում է բանակցությունների սեղանի շուրջ, ասում է պետքարտուղարության խոսնակը:
Քանի՞ քանի անգամ ենք լսել ու միամտաբար արել եզրակացություններ, թե «ղարաբաղյան հակամարտության կարգավորումը չունի ռազմական լուծում»: Դա ասել են Մինսկի խմբի համանախագահները, դա ասել են միջազգային կառույցների ներկայացուցիչները և այլն:
Գործնականում, հակամարտությունները իրականում չունեն քաղաքական լուծում: Բոլոր հակամարտությունների լուծման աղբյուրը ուժն է: Այլ հարցէ, որ մի տեղ ուժի գործադրման բանը կարող է չհասնել, մեկ այլ տեղ՝ անհրաժեշտ լինի ուժի անմիջական գործադրում: Բայց, որեւէ հակամարտություն չունի քաղաքական կարգավորում: Քաղաքական կարգավորում նշանակում է հակամարտության կողմերի փոխհամաձայնություն՝ խորքային փոխհամաձայնություն, երբ երկու կողմն էլ կունենան ավելի շատ բավարարության, քան անբավարարության զգացում:
Հակամարտությունները ունենում են ոչ թե քաղաքական կարգավորում, այլ քաղաքական կառավարում:
Այսօր Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը մնացել է առանց կառավարման: Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափը կառավարման վերջին ձեւաչափն էր, որի դե ֆակտո սառեցումը բերեց իրավիճակի թեժացման:
44-օրյա պատերազմից հետո իրավիճակի կառավարման ճգնաժամ է, արդեն նաեւ պայմանավորված խորացող ու ընդլայնվող համաշխարհային պատերազմով:
Կառավարման ճգնաժամ ասվածն անշուշտ չի նշանակում, թե տեղի ունեցող գործընթացները բացարձակ ինքնահոս են: Խոսքն այն մասին է, որ չկա կառավարման պատասխանատվություն վերցնելու պատրաստ որեւէ սուբյեկտ, կամ սուբյեկտների որեւէ ձեւաչափ, հավաքականություն: Որովհետեւ այսօր պատասխանատվությունը ոչ մեկին պետք չէ, պատասխանատվությունը ավելորդ բեռ է, կաշկանդվածություն:
Այդ մենք մեզ կարող ենք միամտորեն համոզել, թե Ալիեւը տապալեց արեւմտյան հարթակները: Պարզապես Ալիեւը հասկացավ, թե ինչ է պետք Արեւմուտքին՝ ազատվել պատասխանատվությունից, որովհետեւ չկա քաղաքական կարգավորում, փոխարենը կան լիքը անելիքներ ու հարցեր թե Կովկասի, թե հարակից կարեւորագույն այլ ռեգիոնների համար պայքարում»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր