ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +20 °C ... +33 °C Վաղը`+35 °C
«Ո՞ր տարածքում, ի՞նչ դիրքով, ի՞նչ չափի տուն-պետություն ենք ուզում կառուցել». Փաշինյան
22:24, 24.05.2024 | mamul.am
2238 | 0

«Այսօր մեր երկիրը կատարյալ չէ, նաև այն պատճառով, որ Ավետյաց երկրում Ավետյաց երկրի մեր անվերջանալի փնտրտուքը մեզ թույլ չի տալիս կոնկրետանալ և ձևակերպել այն հարցի պատասխանը, թե որ տարածքում, ինչ դիրքով, ինչ չափի տուն-պետություն ենք ուզում կառուցել, և սահմանազատման գործընթացն այս հարցի պատասխանն է ձևակերպում սյուն առ սյուն:

Ու մենք միասին պետք է անցնենք այս ճանապարհը, որն այո՛, ուղեգորգով չի պատված, այլ անցնում է փշերի ու որոգայթների, ծանր ու դժվար որոշումների, հիասթափությունների ու չհասկացվածության միջով, բայց միակն է, որ հորիզոն ունի իր առաջ ու տանում է դեպի իրական Ավետյաց երկիր, Իրական Հայաստան՝ Հայաստանի Հանրապետություն: Սա վճռորոշ ճանապարհ է. փիլիսոփաներից մեկն ասում է, որ լավագույնն այն ճանապարհն է, որ քեզ հասցնում է այնտեղ, որտեղ դու կաս: Այս ճանապարհը մեզ հասցնում է այնտեղ, որտեղ մենք կանք՝ Հայաստանի Հանրապետություն, և հնարավորություն է տալիս մեր իրականությանը նայել բոլորովին այլ դիտանկյունից: Եվ այդ, միայն այն դիտանկյունից է, որ երևում է ապագան և դեպի այդ ապագան գնալու երթուղին:

Այդ ճանապարհն ամբողջությամբ անցնելու երաշխիքը մեկն է. համաժողովրդական իմացություն և առաքելության համոզմունք քաղաքական առաջնորդության շրջանում:

Մեր քաղաքական թիմը և ես ապրում ենք այդ առաքելությամբ ու տեսնում ենք, որ սեղանին ենք դրել մի բանաձև, որը պիտի երաշխավորի Հայաստանի Հանրապետության 29 հազար 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված լեգիտիմ տարածքը և այդ տարածքը պարփակող սահմանները, ու մեր խնդիրն է ոչ միայն առաջնորդել, այլև մեր ժողովրդին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ոգևորել այդ տեսլականով ու բանաձևով, որովհետև սա մի բանաձև է, մի շարժում է, որ մեզ տանում է դեպի իրական անկախություն և ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն ու սահմանների անխախտելիություն: Սա բանաձև է, որ մեր տաղանդավոր ժողովրդին, բոլորիդ ու յուրաքանչյուրիդ, հնարավորություն է տալու կոնկրետացնել և վայելել սեփական աշխատանքի արդյունքը՝ ի դեմս ազատ, արդար, անվտանգ, բարեկեցիկ ու երջանիկ Հայաստանի»,- հանրությանն ուղղված իր ելույթում նշեց Փաշինյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր