ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+35 °C, +19 °C ... +35 °C Վաղը`+34 °C
Մանրամասներ՝ գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի և պատահարների վերաբերյալ․ ՆԳՆ
12:48, 26.05.2024 | mamul.am
3671 | 0

ՆԳՆ-ն նոր տեղեկատվություն է հայտնել հորդառատ անձրևից Լոռու և Տավուշի մարզերում, Երևանում, ինչպես և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ․ «ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, Լոռու և Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններում 2024 թվականի մայիսի 25-ին ժամը 23։00-ից բազմաթիվ ահազանգեր են ստացվել է Երևան քաղաքում, Լոռու և Տավուշի մարզերում շենք շինություններում, նկուղային տարածքներում ջրալցումների, ջրի մեջ արգելափակումների, ինչպես նաև Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի վերաբերյալ։
Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել, Այրում կայարան Երկաթուղային փողոցում ջրալցվել են մի շարք տներ, Շնող գյուղից դեպի Թեղուտ հատվածում «Օպել» մակնիշի ավտոմեքենան ընկել է գետը (նախնական տվյալներով կա 1 զոհ), Այրում-Ալավերդի ավտոճանապարհին արգելափակվել է 1 բեռնատար (ամբողջությամբ ջրի մեջ, խցիկի վրա 2 քաղաքացի), Ալավերդի քաղաքում կան ջրալցված տներ և անասնագոմեր:
Նախնական տվյալներով 1 տարեց քաղաքացի ընկել է գետը, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Ժ․08։00-ի դրությամբ՝
Ալավերդի համայնքի Քարկոփ բնակավայրի ճանապարհին՝ Դեբեդ գետի վրա գտնվող կամուրջը քանդվել է։ Բնակավայրը ջրածածկված է։
Ախթալա բնակավայրի ճանապարհին՝ Դեբեդ գետի վրա գտնվող կամուրջը ջրածածկված է, հնարավոր է լինեն քանդված հատվածներ, երկաթգիծի վրա նշմարվում են նստվածքային տեղամասեր և տապալված սյուներ։
Ալավերդի քաղաքի Մ6-ճանապարհին, Թումանյան փողոցում, Սանահին թաղամաս տանող ճանապարհին և Մ6 ճանապարհի գերեզմանների հատվածում ճանապարհը ամբողջությամբ ջրածածկված է, նկատելի են ամբողջական փլուզված տեղամասեր։ Ամբողջությամբ քանդվել է Սանահին կայարանը Ալավերդի քաղաքին կապող կամուրջը։
Շնող-Թեղուտ հատվածում գետի վարարման հետևանքով ճանապարհն ամբողջությամբ քանդվել է։ Նախնական տվյալներով Մ6-Թեղուտ հատվածում գետում առկա է ավտոմեքենա, որում կա քաղաքացի։
Փամբակ համայնքում՝ Մ6-ճանապարհի Քոբայր-Ձորագետ ավան հատվածում, ճանապարհն ամբողջությամբ փլուզվել է մի քանի հատվածներում։ Տվյալ հատվածում 3 ավտոմեքենա արգելափակված է։
Ձորագետ ավանի 70 բնակիչ տարհանվել են անվտանգ տարածք։
Տաշիր համայնքում Տաշիր գետի սելավատարերի խցանոմներից ջրի մակարդակը բարձրացել է, ջրածածկվել են տներ և անասնագոմեր, դուրս են բերվել քաղաքացիներ։
Ալավերդի քաղաքի գազալցակայաններից մեկում կոմպրեսորները հայտնվել են ջրի տակ, նախնական տվյալներով էլ․ լարերի կարճ միացման հետևանքով տեղի է ունեցել պայթուն։
Վանաձորում, Ստեփանավանում և Ամրակից գյուղում ջրալցվել են տներ։
ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները սպասարկել/սպասարկում են բոլոր դեպքերը․ ներգրավվել են Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրակարական ջոկատներից 7 մարտական հաշվարկ, 2 օպերատիվ խումբ և Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրակարական ջոկատներից 5 մարտական հաշվարկ և 1 օպերատիվ խումբ։
Երևան քաղաքի Արաբկիր, Էրեբունի և Շենգավիթ վարչական շրջաններում ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումերը սպասարկել են 13 դեպք պատահար, որից 2 դեպք՝ տրանսպորտային միջոցների ջրում և ցեխում արգելափակման (Թամանցիների փողոց, Նոր Խարբերդ) և 11 դեպք՝ բնակելի շենք շինություններում, նկուղային տարածքներում, կամուրջների տակ և ավտոկայանատեղիում ջրալցման վերաբերյալ։
Մնացած դեպքերում ահազանգերը փոխանցվել են համապատասխան ծառայություններին։
Ներգրավվել է Երևան քաղաքի փրկարարական վարչության (ԵՓՎ) հրշեջ-փրկարարական ջոկատներից 8 մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից (ՀՆՓԱԻԿ)՝ 1 և 2 օպերատիվ խումբ (ՃԿԱԿ, ԵՓՎ ՀՓԱԿ)։
ԵՓՎ-ից 8 մարտական հաշվարկ իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ, ՀՆՓԱԻԿ 1 խումբ - 2 դեպքում իրականացրել են քարշակում։
Երևան քաղաքում նախնական տվյալներով ջրալցումների հետևանքով զոհեր և տուժածներ չկան:
Նախնական տվյալներով վտանգավոր տարածքներից տարհանվել են 232 քաղաքացի, մասնավորապես 28-ը Թուֆենկյան հյուրանոցային համալիրից, 62-ը՝ Տաշիր քաղաքում, 22-ը՝ Ալավերդի քաղաքում, 110-ը՝ Սանահին կայարանից, 2-ը՝ Դիլիջան քաղաքում, 7-ը՝ Այրում, 1-ը՝ Հաղարծին բնակավայրում:
Ժամը 11։30-ի դրությամբ դեպքի վայրում աշխատանքներ են իրականացնում ՆԳՆ ՓԾ 30 մարտական հաշվարկ, աշխատանքներին ներգրավված են 324 փրկարարական ծառայող։ ՆԳՆ փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության։
Որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են»։

Աղբյուրը` ՆԳՆ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր