Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հարցերով հանձնաժողովը վետոյի հաղթահարման ընթացակարգ է սկսել, որը «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վրա սահմանել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Նիստն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվում է օրենսդիր մարմնի կայքում: Զեկուցողը նախագահի խորհրդարանական քարտուղար Գեորգի Մսխիլաձեն է: Նա պատգամավորներին ծանոթացնում է օրենքի վերաբերյալ Զուրաբիշվիլիի պատճառաբանված դիտողություններին։ Նախագահը, մասնավորապես, պահանջում է, որ օրենքը չեղյալ հայտարարվի՝ ուժի մեջ մտնելու անմիջապես հաջորդ օրը: Սա Զուրաբիշվիլիի միակ դիտարկումն է։ Հանձնաժողովի նիստին մասնակցում են նաև ընդդիմության ներկայացուցիչները։ Վետոյի քննարկումն ընթանում է ընդդիմադիր պատգամավորների և իշխող «Վրացական երազանք՝ Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության ներկայացուցիչների միջև սուր քաղաքական բանավեճերի ֆոնին: Եթե հանձնաժողովը հավանություն տա նախագահի վետոյի հաղթահարմանը, ապա հարցը քվեարկության կդրվի մայիսի 28-ին կայանալիք լիագումար նիստում: |