ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +28 °C Վաղը`+27 °C
Առաջարկվում է ուսման վարձի փոխհատուցում տրամադրել աշխարհի հեղինակավոր բուհերում սովորող ՀՀ քաղաքացիներին
14:36, 26.06.2024 | mamul.am
1303 | 0

ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է ուսման վարձի փոխհատուցման նպատակով կրթաթոշակ տրամադրել օտարերկրյա հեղինակավոր բուհերում սովորող ՀՀ քաղաքացիներին։

Վերջիններս պետք է ընդգրկված լինեն աշխարհի լավագույն բուհերի ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com կայքի՝ տվյալ տարվա ցանկերի առաջին 65 բուհի ցանկում՝ բակալավրի կրթական ծրագրերի պարագայում կամ առաջին 75 բուհի ցանկում՝ մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի որակավորում շնորհող կրթական ծրագրերի պարագայում։

Կրթաթոշակ կարող է տրամադրվել լրիվ բեռնվածությամբ և առկա ուսուցմամբ սովորող կամ դիմորդ հանդիսացող ՀՀ քաղաքացուն, եթե նրա ներկայիս կամ ապագա գործատուն իրականացնում է ուսման վարձի առնվազն 50 տոկոսի փոխհատուցում։ Պետությունը կրթաթոշակը տրամադրում է գործատուի փոխհատուցումից հետո առավելագույնը ուսման վարձի մնացորդային գումարի չափով` յուրաքանչյուր ակադեմիական տարվա համար ոչ ավելի, քան 10 մլն ՀՀ դրամը։

Կարգում ամրագրվում է նաև, որ գործատուն և սովորողը պետք է ունենան ուսման ֆինանսավորման և ուսման ավարտից հետո աշխատանքի անցնելու կամ շարունակելու հանձնառության պայմանագիր, որը պետք է լինի առնվազն 3 տարի ժամկետով՝ ուսման ակնկալվող ավարտից հետո:

Եվ եթե ուսման ավարտից հետո կրթաթոշակի շահառու քաղաքացին չի վերադառնում ՀՀ կամ տվյալ հաստատությունում ուսումնառությունը կիսատ է թողնում, գործատուն ՀՀ պետական բյուջե է փոխանցում հրաժարագին՝ պետության տրամադրած ընդհանուր կրթաթոշակի կամ համաֆինանսավորման ընդհանուր գումարի եռապատիկը։

Ակնկալվում է, որ նախագծի ընդունումը կնպաստի աշխատաշուկան նոր և մրցունակ կադրերով ապահովելու գործընթացին։

«Օտարերկրյա հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող սովորողներին ուսման վարձի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը հաստատելու մասին» նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարելի է ներկայացնել մինչև 2024թ. հուլիսի 12-ը ներառյալ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում կամ ուղարկել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր