ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +19 °C ... +33 °C Վաղը`+31 °C
«Համոզված եմ, որ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև դարավոր հարաբերություններն այսուհետ ևս կշարունակեն զարգանալ». Փաշինյան
11:30, 12.06.2024 | mamul.am
2366 | 0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ:

Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձում, մասնավորապես, նշված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ռուսաստանի Դաշնության ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ:

Ռուսաստանի նորագույն պատմության այս կարևոր օրը խորհրդանշում է ռուսաստանցիների ձգտումը` բացել քաղաքական նոր հանգրվան հարուստ պատմություն, մշակույթ և ավանդույթներ ունեցող երկրի պատմության մեջ:

Համոզված եմ, որ հավասարության անսասան սկզբունքների և երկու երկրների ժողովուրդների շահերը հաշվի առնելու վրա հիմնված Հայաստանի և Ռուսաստանի միջև դարավոր հարաբերությունները այսուհետ ևս կշարունակեն զարգանալ կառուցողական հունով՝ նպաստելով երկկողմ և բազմակողմ համագործակցության ամրապնդմանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Օգտվելով առիթից, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզ առողջություն, բարեկեցություն և ամենայն բարիքներ, իսկ Ռուսաստանի ժողովրդին՝ բարիք ու բարգավաճում»։

Միխայիլ Միշուստինին ուղղված ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, սրտանց շնորհավորում եմ Ձեզ և բոլոր ռուսաստանցիներին՝ Ռուսաստանի օրվա առթիվ:

Ամեն տարի այս օրը ռուսաստանցիները նշում են երկրի պետական ինքնիշխանության հռչակումը որպես ժամանակակից Ռուսաստանի պատմության նոր փուլի սկիզբ:

Վստահ եմ, որ մեր պետությունների կառավարությունների միջև փոխադարձ հարգանքի վաղեմի ավանդույթների վրա հիմնված փոխշահավետ, բազմակողմ համագործակցությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ուղղություններով այսուհետ ևս կշարունակի զարգանալ առևտրատնտեսական, գիտական, տեխնիկական, հումանիտար և այլ ոլորտներում՝ ի շահ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների:

Բոլոր ռուսաստանցիների համար այս նշանակալից օրը, հարգելի Միխայիլ Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզ առողջություն, բարօրություն և հետագա հաջողություններ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր